2022.03.10,

Քննադատ

Ինչպես կարող է ռուս-ուկրաինական պատերազմը վերափոխել Հայաստանի մեդիան

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Համաշխարհային ճգնաժամը, որն առաջացել է ռուս֊ուկրաինական պատերազմի հետևանքով, վերաձևավորվում է ոչ միայն աշխարհաքաղաքական, տնտեսական ողջ համակարգը, այլև մեդիա դաշտը։ 

Հասկանալի է, որ առաջացել են բաժանարար գծեր, և արդեն գրեթե գոյություն չունի օբյեկտիվ լրագրություն․ բոլորը սատարում են ինչ-որ մի կողմին, տեղեկատվությունն առնվազն երանգավորված է, շեշտադրումներն ակնհայտ կողմնակալ են։ Բայց փոխվում է նաև ընդհանուր տեղեկատվական լանդշաֆտը, վերաձևավորվում են հարթակներ, հոսքեր։ 

Փորձենք հասկանալ, թե ինչ է փոխվում մեզ համար, ինչ հետևանքներ արդեն կան և կշարունակեն ազդել մեր տեղեկատվական հոսքերի և հարթակների վրա։ 

Այն, ինչ այս պահին արդեն իսկ երևում է Հայաստանում, Տելեգրամի ազդեցության կտրուկ աճն է որպես տեղեկատվության աղբյուրի։ Բացի դրանից՝ բացվում են մեծ քանակի տելեգրամյան ալիքներ։ 

Տելեգրամը Հայաստանում առաջնային դիրք է զբաղեցրել iOS համակարգում, ըստ Similarweb-ի

 

Տելեգրամը Հայաստանում առաջնային դիրք է զբաղեցրել Android համակարգի Communication բաժնում, ըստ Similarweb-ի

Սա ընթանում է Ռուսաստանի բնակչությանը հիմնական սոցիալական ցանցերից զրկվելու ֆոնի վրա։ Ֆեյսբուքը, ամենայն հավանականությամբ շուտով նաև Յություբը հասանելի չեն լինի Ռուսաստանում։ Դա նաև նշանակում է, որ Հայաստանի մամուլը կորցնում է իր սփյուռքահայ լսարանի մի մասը։ 

Հնարավոր զարգացումներից մեկը կարող է լինել մասնակի միգրացիան դեպի ռուսաստանյան VK (ВКонтакте): Առավելևս, որ արևմտյան պատկանելության սոցցանցերում գնալով ուժեղանալու է տեղեկատվության հանդեպ ազդեցությունը, ինչ֊որ հարցերում նաև՝ գրաքննությունը։ Որը կարող է ազդել նաև հայաստանյան լրատվամիջոցների վրա։ Եթե արդեն չի ազդում ինչ֊որ մասնավոր դեպքերում։ 

Բացի դրանից՝ ռուսաստանյան մամուլի մի զգալի հատված, նաև այն հատվածը, որը գործում է հենց Հայաստանում, ենթարկվում են պատժիչ միջոցների սոցցանցերի կողմից։ 

Օրինակ, եթե փորձեք ռուսաստանյան պետական լրատվամիջոցի հղմանը կտացնել Ֆեյսբուքում, կստանաք նմանատիպ զգուշացում.

Սա ինչ-որ չափով բերելու է Հայաստանում ռուսաստանյան տեղեկատվական հոսքերի նվազեցման։ 

Սակայն, ամենայն հավանականությամբ, Կրեմլը կուզենա շարունակել ունենալ իր տեղեկատվական ազդեցությունը Հայաստանում։ Ինչը կբերի պատվերների վերաձևավորմանը, մի շարք հայաստանյան աղբյուրներ կսկսեն ավելի ակտիվորեն առաջ տանել Ռուսաստանի քաղաքական օրակարգը։ 

Որպես դրան հաջորդող քայլ հնարավոր է ենթադրել արևմտյան ազդեցության աճ հայաստանյան ներքին տեղեկատվական դաշտում․ գործի կանցնեն փափուկ ուժի փորձված մեխանիզմները։ 

Այնպես որ կարելի է ակնկալել փոքրիկ տեղեկատվական հակամարտություն նաև լոկալ հայաստանյան մեդիա տիրույթում։ Առավելևս, որ մեր հասարակությունն ինքնին արդեն ունի ներքին պառակտվածություն Ռուսաստան-Արևմուտք գաղափարախոսական գծով։ 

Ավելի երկարաժամկետ հատվածում կարելի է ենթադրել Չինաստանի հնարավոր ազդեցության աճ։ Չինական հարթակները կարող է փորձել դառնալ ազդեցիկ՝ պատժամիջոցների տակ ընկած տիրույթներում։ Ինչն իր հերթին կարող է ներքաշել նաև հայաստանյան լսարանի մի մասին։ 

Բայց սա ավելի երկարաժամկետ հնարավոր զարգացումներ են, որոնք կախված են նաև հնարավոր արգելափակումների, մոդերացիայի սաստկացման հետ նույն Ֆեսյբոքում։ 

Դեռևս կարճաժամկետ լուծումն այսօր Տելեգրամն է, որտեղ գրեթե գոյություն չունի բովանդակության վերահսկողություն։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *