2022.02.11,

Քննադատ

«ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ից մինչև «Քառյակ մեդիա», հետո սնանկացում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի լրատվական դաշտից դուրս է գալիս «Քառյակ մեդիա» ընկերությունը, որի հիմնադիրները տարածել են հայտարարություն գործունեության դադարեցման մասին։ Պատճառը ֆինանսավորման խնդիրներն են ու նոր ֆինանսական աղբյուրների որոնման ապարդյուն փորձերը։

«Քառյակ մեդիա»-ի կազմում էին «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը, «Արմնյուզ FM» ռադիոն։ 

«Քառյակ մեդիա»-ն ստեղծվել էր 2019-ին՝ դառնալով նախկինում խոշոր (ու միակ խոշոր) մեդիա հոլդինգի՝ «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ի, ավելի փոքր տարբերակը։ 

Մինչ 2018-ը, երբ փոխվեց քաղաքական իրավիճակը, «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ն էր հիմնական խաղացողը հեռուստադաշտում։ Թե՛ գովազդային հոսքերով, թե՛ վարկանիշներով, թե՛ քաղաքական պատեհապաշտության տեսանկյունից, այն չուներ մրցակիցներ։ 

Բացի ռադիո ընկերություններից, տպագիր թերթից ու առցանց մեդիայից (նաև լուրերի ագրեգատորից), դրա կազմում էին երեք խոշոր հեռուստաընկերություններ՝ «Արմենիան»-ն, «Արմնյուզը», ԱԹիՎի-ն։ Բոլորը ղեկավարվում ու ֆինանսավորվում էին մեկ կենտրոնից ու ունեին հստակ նպատակներ։ 

Օրինակ, ինչպես 2015-ին ասել էր հոլդինգի գործադիր տնօրենը՝ «Արմնյուզի» նպատակը երիտասարդ լսարանի համար լուրերը գրավիչ դարձնելն է՝ միավորելով քաղաքականն ու շոու բիզնեսը։ Ի դեպ՝ նա ասել էր նաև, որ հսկա հոլդինգի միակ սնուցման խողովակը գովազդից ստացվող փողերն են։ Եվ դրանք լիովին բավարարում են հոլդինգի կազմում ընդգրկված լրատվամիջոցներին։

Բայց իրականում, հենց փողն էր, որը շատ դեպքերում որոշում էր այդ հոլդինգի քաղաքականությունը, որը կարելի է բնութագրել որպես ծայրահեղ լոյալ այն ժամանակվա քաղաքական վերնախավի հանդեպ։

2018-ից հետո «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ն արդեն չէր կարող նույն կերպ գոյություն ունենալ։ Այն կորցրել էր իր դերը, գովազդային պատվերների մեծ ծավալն ու ամենակարևորը՝ ֆինանսական նպատակահարմարությունը։ 

Հոլդինգը դադարեց գոյություն ունենալ, փոխվեցին բաժնետերերն ու սեփականատերերը։ «Արմենիան» ու ԱԹիՎի-ն առանձնացան, իսկ «Արմնյուզը» դարձավ նոր ձևավորված ավելի փոքր հոլդինգի առանցքային լրատվամիջոցը։ 

«Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն, որի հիմնադիրներն էին Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը (բոլորը եղել են ՀՀԿ պատգամավորներ), փորձեց լուրջ դեր խաղալ մեդիա դաշտում, բայց արդեն ծայրահեղ ընդգծված ընդդիմադրի կեցվածքով։ 

Վերջին երկու տարում «Արմնյուզ»-ն առաջարկում էր հստակ քաղաքական ուղղվածության բովանդակություն՝ իր եթերը տրամադրելով նրանց, ովքեր պատրաստ էին քննադատել պետական որոշումները (երբեմն տեղին, երբեմն, անտեղի) կամ ամենավերջին բառերով փնովել ներկա իշխանություններին ու մեղադրել հասարակությանը անհեռանկար դիրքորոշման համար։ 

Այս խմբագրական քաղաքականությունը թերևս դիտարկվեց ժամկետանց ու անիմաստ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ քաղաքական հովերը չեն փոխվելու ու դժվար է սպասել նախկին վերնախավի հեղինակության ու կշռի վերականգնման։

«Քառյակ մեդիա»-ի գործունեության դադարեցման մասին հայտարարությունում կան այպիսի բառեր.

«Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից։ Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին»։

Սկզբունքների մասին հիշատակումը «Քառյակ մեդիա»-ի դեպքում շատ տեղին է, քանի որ որքան երևում էր հատկապես «Արմնյուզ»-ի եթերից, սկզբունքները իրոք առաջնային էին։ Անգամ ավելի առաջնային, քան լրագրողական անկողմնակալությունը և էթիկան։

Բայց այսօրվա վայրիվերումներով լի մեդիա դաշտում, որտեղ այլևս չկան կարմիր գծեր ու լրատվությունը հաճախ փոխարինվում է անթաքույց պրոպագանդայով կամ անթաքույց PR-ով, ավելի գնահատելի են ու ավելի մեծ շուկայական արժեք են ստանում կշռադատված մեդիա հարթակները։

Համենայնդեպս, նրանք ունեն շանս լինելու անկախ։ Կամ պարզապես լինելու։

«Քառյակ մեդիա»-ի լուծարման մասին լուրը այժմ պետք է տեղափոխվի իրավական հարթություն։ Եվ քանի որ «Արմնյուզ»-ը հանրային մուլտիպլեքսում սլոթի արտոնագիր ուներ, այն պետք է կասեցվի։ 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ ըստ օրենքի՝ պետք է հայտարարվի նոր մրցույթ։ Այդ գործընթացը կարող է տևել չորս ամիս։ Նույնն էլ սպասվում է «Արմնյուզ FM» ռադիոյին, որը հեռարձակվում է «Լավ Ռադիո» ապրանքանիշով։ 

Հաճախականությունն ու սլոթը փոխելու են իրենց տերերին։

Եվ կարելի է ենթադրել, որ եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում կարվեն փորձեր՝ ստեղծելու նոր մեդիա հոլդինգներ։ 

Քաղաքական իշխանություն ունեցողները սովորաբար ուզում են թելադրող լինել նաև մեդիա միջավայրում։

«Քառյակ մեդիա»-ի հայտարարության մեջ կան այսպիսի միտք. «… Իսկ մեդիան, որպես փաստերի հայթայթման և լուսաբանման հարթակ, իրեն էապես սպառել է, որովհետև այլևս չկան չպարզաբանված փաստեր ու էական հանգամանքներ. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն»:

Իհարկե, ծանր լուր է, որ լրատվամիջոց է փակվում, բայց հետաքրքիր է, որ փակվող լրատվամիջոցը վստահ է, որ չկան չպարզաբանված փաստեր։ Երևի հենց միայն դրանք են, որ կան։

Չպարզաբանված իրականության մեջ ամեն ինչն էլ էական է։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *