Շուրջ 7 ամիս է, ինչ Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության փոխարեն գործում է պարեկային ծառայությունը։ Կառավարության հունվարին 20-ի նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց պարեկային ծառայության աշխատանքի արդյունքներից՝ գործունեությունը գնահատելով դրական:
Ծառայության աշխատանքն ավելի վաղ ամփոփել էր նաև ՀՀ ոստիկանությունը՝ ներկայացնելով նախորդ տարիների ցուցանիշները գերազանցող տվյալներ։ Օրինակ 2021-ի հուլիսի 7-ից նոյեմբերի 28-ը կազմվել է վարչական իրավախախտման 54 291 արձանագրություն՝ նախորդ տարվա 36 186-ի համեմատ։ Մի քանի անգամ ավելի շատ են տուգանվել նաև գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկող, երկրորդ շարքում և մայթի վրա կայանած վարորդները և այլն։
Media.am-ը հարցում էր ուղարկել ոստիկանությանը՝ հասկանալու համար ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), վիրավորների և զոհերի քանակը ինչ փոփոխությունների է ենթարկվել պարեկային ծառայության գործունեության սկզբից (2021թ․ հուլիս) մինչ 2022-ի հունվարը։
Ոստիկանության պատասխանի հիման վրա դիտարկել և համեմատել ենք 2015-2021թթ․ ընթացքում գրանցված վրաերթերը, մահվան ելքերն ու վիրավորումները։ Արդյունքները ներկայացնում ենք ստորև։
Վերջին 7 տարիների ընթացքում Երևանում ամենամեծ թվով վթարները գրանցվել են 2019 թվականին՝ 2172 պատահար, որին հաջորդում է 2021 թվականը՝ 1920 դեպք։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2015-ից սկսած դեպքերի թիվը հետևողականորեն աճել է։ Պատկերը խախտվել է միայն 2020 թվականին, երբ նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը կրճատվել է 618-ով, ինչը, իհարկե, կորոնավիրուսային համավարակի քիչ դրական հետևանքներից է։
Զոհերի քանակով 2021-ը ևս գերազանցում է 2020-ին․ գրանցվել է 78 մահ, այն դեպքում, որ 2021-ին այդ թիվը 74 էր։ Սակայն պետք է նշել, որ նախորդող յոթ տարիներին զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է 2015-ին՝ շուրջ 95 մահ։
Վիրավորների թվով 2021-ը ևս գերազանցում է նախորդող տարվան, վրաերթի է ենթարկվել շուրջ 2434 մարդ։ 2020-ին այս թիվը 2005 էր։ Այս առումով ևս առավել ոչ նպաստավոր տարին 2019-ն է, վիրավորվել է 2801 մարդ։
Պատկերը՝ 7 ամիսների հաշվարկով
Չնայած վարչապետն ու ոստիկանությունը դրական են գնահատում պարեկային ծառայության գործունեությունը և խոսում գրանցված խախտումների մասին, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարների, վիրավորների և զոհերի քանակի վրա դա մեծապես չի արտացոլվում։
Պարեկային ծառայության գործարկման օրվանից մինչ 2022-ի հունվարի 31-ը ներառյալ Երևանում գրանցվել է 1074 ՃՏՊ։ Համեմատելով այս թիվը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և հաջորդ տարվա հունվար ամիսների գումարայինը)՝ կտեսնենք, որ նախորդ տարվա՝ 2020-ի համեմատ ՃՏՊ-ների թիվն ավելացել է։
Պարեկային ծառայության գործունեության 7 ամիսներին գրանցված ՃՏՊ-ների թիվը ավելի մեծ է նաև 2015, 2016, 2017 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս առումով վիճակը բարելավել է համեմատած միայն 2018 և 2019 թվականների հետ։
Զոհերի քանակի առումով պարեկային ծառայության գործունեության 7 ամիսները համեմատաբար նպաստավորն են եղել․ գրանցվել է 40 մահ, ինչը նախորդ 7 տարիների ամենափոքր թիվն է։ Այս առումով ամենավատ ցուցանիշը գրանցվել է 2015-ին, երբ զոհերի թիվը 66 էր։ Հիշեցնենք, որ խոսքը տվյալ տարվա 6 ամիսների և հաջորդող տարվա հունվար ամսվա գումարային թվի մասին է։
Ինչ վերաբերում է վիրավորների թվին, ապա 2021-ին այն բավականին մեծ է եղել՝ պարեկային ծառայության գործունեության մեկնարկից մինչ 2022-ի հունվար վիրավերվել է 1383 մարդ։ Սա 77-ով ավելին է 2020-ի համեմատ։ Առհասարակ վերջին 7 տարիներին ամենամեծ թիվը գրանցվել է 2019-ին՝ թվով 1693 վիրավոր, ապա 2018-ին՝ 1564 վիրավոր։ Վիրավորների ամենափոքր թիվը 2015-ին էր՝ 1030 դեպք։
Ամենավթարային փողոցները
Media.am-ն ուսումնասիրեց նաև, թե որոնք են Երևան քաղաքի վերջին 6 տարիների վթարաշատ փողոցները։ Քարտեզում ներկայացրել ենք 12 փողոցները, որտեղ, ըստ ՀՀ ոստիկանության, 2016-2021թթ․ ընթացքում գրանցվել են ամենամեծ թովով ՃՏՊ-ները։ Ներառված է նաև զոհերի և վիրավորների քանակը։
Ստացվում է, որ վերջին 6 տարիների ամենավթարային փողոցը Իսակովի պողոտան է։ Վերջին 6 տարում այստեղ արձանագրվել է 296 վրաերթ՝ 19 մահվան ելքով, վիրավորվել է շուրջ 427 մարդ։ Ամենավթարային փողոցների ցանկում երկրորոդը Արշակունյացն է, վրաերթերի թիվն այստեղ հասել է 255-ի, մահացել է 15 մարդ, վիրավորվել՝ 300-ը։
Մայրաքաղաքի վթարաշատ փողոցները ավելի կարճ ժամանակահատվածի համար ուսումնասիրել էր նաև Հետք մեդիա գործարանը։ Հետազոտության մեջ առանձնացված են մի քանի հիմնավոր պատճառներ, որոնք առավել վթարային են դարձնում Երևանի փողոցները։
Օֆելյա Սիմոնյան