2021.09.22,

Քննադատ

Լրագրության անցյալից. «Հայքի» բացառիկ թողարկումը ՀՀ անկախության տարեդարձին

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

2000-ի սեպտեմբերին առաջարկ ստացա պատրաստել ու լույս ընծայել «Հայք» թերթի 16 էջանոց բացառիկ համար՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության իններորդ տարեդարձին:

Ծաղր էր գուցե, բայց փաստ էր, որ Ղարաբաղյան շարժման և ՀՀ անկախության խորհրդանիշներից մեկը դարձած «Հայք» թերթը 99-ի աշնանից այլևս լույս չէր տեսնում, ոչ ավելի, ոչ պակաս՝ փող չլինելու, միջոցներ չունենալու պատճառով, ու 2000 թվականի սեպտեմբերի 21-ին ընդամենը մեկ համար տպագրելու համար պիտի նոր խմբագրակազմ ստեղծեի, համախոհներով պիտի հրատարակեինք այդ մեկ համարը (որի ծախսերը հոգալու պատրաստակամություն էր հայտնել ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը) և խորհրդանշական այդ թերթը պիտի առաքեինք ընթերցողին՝ աղերսելով նրանից փոխըմբռնում, ասես արդարանալով, որ մեր անցյալն արժանի է ոչ թե անեծքի, այլ  հարգանքի, որ ոչ թե պիտի զղջանք անկախության ճանապարհն ընտրելու համար, այլ պիտի հպարտանանք:

Կարելի էր, իհարկե, չկարևորել անկախության հերթական տարեդարձը և ոչ մի «Հայք» էլ չտպագրել, կարելի էր լռության մատնել այն, մանավանդ որ դա առաջին տարեդարձն էր հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, երբ ամենազգացմունքայիններն ասում էին, թե հոկտեմբերի 27-ին գնդակահարվել է մեր ապագան,- բայց լռությունը լավագույն տարբերակը չէր, ո՞վ չգիտի, որ որևէ իրադարձություն լռությամբ շրջանցելը այդ իրադարձությունը նսեմացնելու ամենաարդյունավետ  եղանակն է:  

«Հայքը» 10 տարի լույս էր տեսել որպես ՀՀՇ պաշտոնաթերթ, ուստի հասկանալի էր, որ խորհրդանշական այդ համարը տպագրելու նախաձեռնությունը վարչության ղեկավարությանն էր: Անմիջական կապը այդ շրջանում վարչության նախագահի պաշտոնն ստանձնած Ալեքսանդր Արզումանյանի հետ էր, որը պատրաստ էր աջակցել ցանկացած հարցում:

Խմբագրակազմը ամբողջացավ հիմնականում հեռախոսային պայմանավորվածություներով: Հանգամանքների բերումով դա փաստորեն դարձավ «հեռավար» խմբագրության առաջին նմուշը: Տպագրվելիք հոդվածների հեղինակների հետ աշխատանքը, ընթացիկ կամ արխիվային նյութերի պատրաստման, ստեղծագործական և կազմակերպչական մնացած բոլոր հարցերը հեռավար լուծելը հավելյալ ժամանակ ու ջանքեր էր պահանջում, մանավանդ եթե նկատի ունենանք, որ գրեթե բոլոր նյութերը ձեռագիր էին:

Թերթը էջադրվեց և պատրաստվեց տպագրության «Չորրորդ իշխանության» խմբագրությունում, խմբագիր Շողեր Մաթևոսյանի և խմբագրության տեխնիկական անձնակազմի աջակցությամբ:

…Շատերը կարող են տարակուսել՝ ի՞նչ մի առանձնահատուկ իրադարձություն է ինչ-որ թերթի մեկ առանձին համարի տպագրությունը, որը ոչ էլ հոբելյան էր նշանավորում, բայց որին անդրադառնում եմ առանձին հոդվածով:

Այս հարցի պատասխանը կարելի է գտնել այդ համարի նյութերին ծանոթանալով:

Բովանդակային առումով կարևորագույն նյութը, իհարկե Վանո Սիրադեղյանի հոդվածն էր «Սա հայի բախտ չի, այլ հայի խելք» վերնագրով, որը նրա առաջին հոդվածն էր Հայաստանից հեռանալուց հետո: Հստակեցնեմ՝ դա ոչ էլ հոդված էր, այլ  «Առավոտին» տված նրա մի հարցազրույցի շարունակությունը, եթե կուզեք՝ այդ հարցազրույցի ավարտից հետո նրա մենախոսությունը, որը ավելի ուշ պիտի սղագրեի ու խմբագրեի եռակողմ պայմանավորվածությամբ՝ իր, հարցազրույցի հեղինակի և իմ միջև:  

Հաջողվեց պայմանավորվել Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի հետ՝ հրապարակելու նրանց խոսքերը Անկախության օրվա առիթով:

Ահա ինչ է ասում Հրանտ Մաթևոսյանը. «Մեր հրաշալի ժողովուրդը, որ դարերով այսպիսի փորձություններ չի, որ անց է կացրել, դարձյալ պետք է դիմանա ևիմանա, որ իր պապերը ավելի ծանր փորձությունների միջով են անցել:

Անկախությունը չպետք է տանք:

Անկախությունը չպետք է կորցնենք»:  

Աղասի Այվազյանն էլ ասում է. «Մեզ կամ պիտի օրհնեն սերունդները, կամ անիծեն: Հայի անեծքը դաժան է, այն միշտ անպակաս է եղել մեր գլխից: Եկեք օրհնենք ու օրհնվենք»:

«Հայքի» այդ համարում տպագրվեցին նաև Աշոտ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Աշոտ Բլեյանի ծավալուն հոդվածները, իրենց ձեռագրերով անկրկնելի Լիզա Ճաղարյանի, Տիգրան Պասկևիչյանի, Նաիրա Զոհրաբյանի, Ալվարդ Բարխուդարյանի հրապարակումները, Արմեն Դուլյանի, Անահիտ Ադամյանի, Նաիրա Մամիկոնյանի, Աղասի Ենոքյանի նյութերը: Թեմաների պակաս, բնականաբար, չկար՝ անկախություն, պատմության դասեր, մտավորականություն, Ղարաբաղ, տնտեսություն, հոկտեմբերի 27…

Թերթի այդ համարի յուրաքանչյուր հրապարակման մեջ միանգամայն պատճառաբանված էր տագնապը հայության ապագայի, ծանր կորուստների ու զրկանքների գնով ձեռք բերած և մշուշոտ հեռանկարի առջև հայտնված անկախության հանդեպ, ու թերևս հենց այդ սրված զգացումն էր մղել ի մի բերելու ողջամիտ մարդկանց սթափեցնող խոսքերը անկախության հերթական տարեդարձի առիթով:

Թերթի 12-րդ էջում, որը կրում էր «Արխիվ» խորագիրը, ամփոփված էին Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Ռաֆայել Իշխանյանի, Բաբկեն Արարքցյանի, Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Սամվել Բաբայանի և Ռոբերտ Քոչարյանի առավել ուշագրավ մտքերը անկախության, Արցախի, հայի ժողովրդի ինքնության ու ճակատագրի մասին, որ այս գործիչները արտահայտել էին տարբեր առիթներով:

Հումորը և քաղաքական սատիրան նկատելիորեն մեղմեցին  չափից ավելի լրջությունը, որով հագեցած էր թերթի այդ համարը: Մի ամբողջ էջ ծաղրանկարներ Տոտոյից՝ Սուքիաս Թորոսյանից, Արմեն Դուլյանի «Առանց եկամտահարկի» և կեղծանունով լույս տեսած՝ հիմա արդեն չեմ հիշում ում «Տեսլականներ» հրաշալի երգիծապատումները, Շահեն Պետրոսյանի «Ժինգյալով կոլոլակը» շատ համով հեքիաթը, նաև՝ ապագայի վերաբերյալ փոքրիկ գուշակությունները, որ մեղմ հումորի ու անողոք սարկազմի նուրբ համադրումներ էին:

Բացառիկ՝ ոչ միայն տարվա ընթացքում միակը լինելու, այլև բովանդակային առումով, «Հայքի» այդ համարը, բնականաբար, որևէ խնդիր չէր լուծելու, այն ընդամենը նպատակ ուներ սթափեցնել անկախ պետականությանն ուղղված մարտահրավերները չտեսնող, այդ մարտահրավերներին ընդառաջ գնացող ազգայնական-ռազմահայրենասիրական ուժերին, արթնացնել թմբիրի մեջ հայտնված և մերթընդմերթ հորանջող քաղաքական միտքը, վերահաստատել հավատարմությունը մեր ընտրած ուղուն:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *