2020.05.04,

Քննադատ

Կորոնավիրուսը կարող է լրջորեն հիվանդացնել մամուլը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Կորոնավիրուսի ազդեցությունը բազմաթիվ կենսական և ոչ այնքան կենսական ոլորտների վրա դեռ երկար է քննարկվելու։ Առավելևս, որ համաճարակը դեռ ընթանում է բնականոն ընթացքով։ Բնականաբար, այն արդեն ազդում է մամուլի վրա և կշարունակի ազդել հետագայում։

Դիտարկենք հիմնական բացասական երևույթները, որոնք ավելի ամուր են հիմնավորվում մեդիայի կյանքում, որքան ավելի երկար է տևում համաճարակը։

Արդեն խոսել էինք այն մասին, թե կորոնավիուսի հաղթական երթը ինչ հետևանքներ է թողել լրագրության վրա, որքանով են աղավաղվել աղբյուրները, դրանց հետ աշխատանքը և ընկալումները հասարակության մեջ։

Նաև տեսնում ենք, թե որքան հեշտ է հասարակությունն ընդունում գրաքննության հռչակումը Հայաստանում և որքան աննկատ է անցնում դրա վերացումը կառավարության կողմից։ Եվ հասկանում ենք, որ ճիշտ էր սենատոր Ամիդալան, երբ ասում էր դեռ շատ հին ժամանակներում․ «Ահա այսպես է մահանում ազատությունը… բուռն ծափահարություններով»։

Իհարկե, վաղ է խոսել խոսքի ազատության կտրուկ անկման մասին։ Բայց միտումը առնվազն տանում է դեպի բարեփոխումների սառեցում՝ օբյեկտիվ պատճառներով, քանի որ կեղծ տեղեկատվությունը շատ է, հարկավոր է հասարակությանը պաշտպաել և այլն, և այլն։

Բացի դրանից, ժամանակ էլ չկա խոսքի ազատության ոլորտում բարեփոխումներով զբաղվելու․ կան հազար ու մի ճգնաժամային խնդիրներ, որոնք ավելի կենսական են։ (Չնայած կառավարությունը ժամանակ գտավ և առաջարկեց փոփոխություններ Տեղեկատվության ազատության մասին օրենքում, ինչը ո՛չ կենսական էր, ո՛չ էլ, եթե դատենք հասարակական կազմակերպությունների հայտարարությունից, այնքան էլ դրական երևույթ չէ):

Ինչևէ, խոսքի ազատության հարցերը, մամուլի զարգացման հետ կապված ջանքերը դժվար առաջնային լինեն մոտակա ժամանակներում։ Իսկ եթե մի բան չես զարգացնում, այն գրեթե միշտ (չհաշված մոլախոտի աճը) հետաճ է ապրում։

Իսկ սպասվող հնարավոր սահմանափակումները շատ ավելի հեշտ են տրվում կառավարություններին։ Համենայդեպս, արդարադատության նախարարությունն ուզում է ապատեղեկատվության դեմ պայքարել: Հուսանք, պայքարը չի լինի կատաղի։

Մյուս խնդիրը, որը կարող է իրական արհավիրք դառնալ մամուլի համար, տնտեսական անկումն է։ Արդեն շատ խմբագրություններ տնտեսական ճգնաժամի առջև են։ Գովազդատուները սկսում են կրճատել բյուջեները, շատերը ընդհանրապես սառեցնում են։

Այս վիճակը կարող է տևել ամիսներ՝ համաձայն ամենալավատեսական կանխատեսումների։ Ավելի հոռետեսական մոդելները ենթադրում են մեկ-երկու տարի ընթացող համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը ոչ միայն չի շրջանցի Հայաստանը, այլ կարող է ավելի երկարատև ժամկետով տնավորվել այստեղ։

Հուսանք, որ լավատեսական մոդելը կհաղթի բոլոր վատ սցենարներին։ Բայց նույնիսկ այս տարբերակով մենք կունենանք դեպի մամուլ հոսող մի քանի ամսվա լրջագույն ֆինանսական հոսքերի նվազեցում։ Հետևանքները կլինեն մի քանիսը, մեկը մեկից վատը․

  • Բազմաթիվ լրագրողներ կկորցնեն աշխատանքը։ Սա ամենահավանականն է և արդեն սկսվում է:
  • Խմբագրությունները կկորցնեն աշխատողներին, ինչի պատճառով կնվազի տեղեկատվության որակը և բազմազանությունը։ Սա նույնպես շատ հավանական հետևանքներից է:
  • Մի շարք լրատվամիջոցներ պարզապես կսնկանան, ինչի պատճառով կամ կփակվեն, կամ կկլանվեն ավելի կայունների կողմից։ Սա կարող է այդքան էլ զանգվածային բնույթ չկրել՝ կախված ճգնաժամի տևողությունից։
  • Լրատվամիջոցներն ավելի կախյալ կդառնան քաղաքական ուժերից և խոշոր տնտեսվարողներից, որոնք օգտվելով իրավիճակից, կփորձեն ուժեղացնել վերասկողոթւյունը տեղեկատվական հոսքերի հանդեպ։ Սա նույնպես խիստ հավանական երևույթ է։

Տնտեսական բացասական ազդեցությունը մամուլի ազատության վրա այն ոլորտն է, որը հնարավոր է մեղմացնել բազմաթիվ գործիքներով։ Օրինակ, հարկային արտոնություններով, ընդհուպ մինչև գովազդատուների հանդեպ։

Կամ ստեղծելով հիմնադրամ, որը կտնօրինի տարբեր աղբյուրներից նվիրատվությունները և կբաշխի լրատվամիջոցների միջև։

Նաև հնարավոր է հանրային աջակցությանը դիմել, փորձել ներմուծել անհատական նվիրատվությունների կամ բաժանորդագրությունների մոդելներ, որոնք շատ երկրներում աշխատղ են, սակայն Հայաստանում ընդունված չեն հասարակության կողմից։

Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ կորցնելով մամուլի եղած որակը, մենք հետո երկար, որպես երկիր, կարող ենք չկարողանալ վերականգնել այն։ Առավելևս, որ հաճախ եղած որակից արդեն գոհ չենք։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *