2020.02.28,

Քննադատ

Գնահատելու գինը շատ բարձր է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սահմանադրության մեկ դրույթի փոփոխության հանրաքվեն, որը տեղի կունենա ապրիլի 5-ին, և որի «Այո»-ի լոգոտիպի ընտրությունը անսպասելի ալեկոծման առիթ դարձավ, շատ կարևոր հարցերի սկիզբ դրեց։

Իրականում, այդ հարցերը կային վաղուց, ուղղակի հիմա պարզ է, որ եթե դրանք առնվազն չձևակերպենք ու չփաստաթղթավորենք (վրան էլ դնենք կնիքի դրոշմ), մենք անընդհատ հայտնվելու ենք էմոցիոնալ փոսում՝ թե՛ մեր միտքը, թե՛ գործողությունները, թե՛ սպասելիքները հիմնավորելով պահի թելադրանքով, առանց դեպքերի շղթան, ի վերջո, կառուցելու։

Հանրաքվեի «Այո»-ի շտաբը լոգոյի մրցույթ հայտարարեց, ընտրեց լավին, հետո պարզեց, որ իր ընտրած լավը մաքուր գրագողություն է (1991-ի թերթում տպագրված գծանկարի մի հատված)։ Շտաբն ընդունեց գրագողության փաստը և որոշեց հեղինակ համարել սկզբնաղբյուրին, որը բնավ չէր պլանավորել մասնակցել մրցույթին ու չէր պատկերացնում, որ կարող է գումար վաստակել երեսուն տարի առաջ արված իր աշխատանքի մի դետալի համար։

Իհարկե, սա լուծում էր, որը թելադրեց պահը և որը արագորեն որոշակի հավասարակշռություն ապահովեց։

Բայց սա այն հավասարակշռությունն էր, որը նույնքան արագությամբ էլ կփլվի, քանի որ դիպվածին չտրվեց հստակ գնահատական։ 

Բախումը լղոզվեց, որ ստեղծվի հաշտության պատրանք, մինչդեռ բախումը լավ առիթ էր խոսելու հենց սահմանագծերի ու լղոզված չափման միավորների կրկին թափանցիկ ու զուլալ դարձնելու մասին։

Գրագողություն կատարած դիզայներական ընկերությունը հայտարարեց, որ «ոգեշնչվել» է նախկին գծանկարից։ Այդ բացատրությունը ըստ էության գոհացրեց նաև «Այո»-ի շտաբին, քանի որ այլ հայտարարություն չեղավ, թե ինչու գրագողությունը ոգևշնչում չէ։ 

Եվ ՀՀ հպարտ քաղաքացիներին պարզ չդարձավ, թե որն է այն սահմանը, որի հատումը ոչ միայն պախարակելի է, այլև անընդունելի է հետագայում։ 

Որպեսզի իմանանք, թե ինչպես չի կարելի, պիտի ձևակերպվի, թե ինչպես էր նախկինում, երբ «չի կարելի»«կարելի» էր։

Ի վերջո, ցանկացած որոշում գոնե տողատակում ունենում է «Այլևս երբեք» նշանակետը։ Անում ենք սխալների ուղղում, գնահատում արածն ու չափ դնում դրանով։ Չափ, որը եթե նախկինում չի գործել, ուրեմն հիմա գործելու է։

Եվ թող չթվա, որ պլագիատն ու ոգեշնչումը տարբերակելը փաստաթղթային որևէ հայտարարությամբ մանրուք է։ Նման տարբերակումը պետք է դառնար ոչ միայն ճառերի ու սոցցանցային գրառումների տարափի մաս, այլ ամբողջացվեր որևէ փաստաթղթում։

Այդպես կստեղծվեր նախադեպ, որին հետագայում կարելի է հղում անել։

Ընդհանրապես հետհեղափոխական Հայաստանում զարմանալիորեն քիչ են այն փաստաթղթերը, վերլուծություն-գնահատականները, որոնց կարելի է հղում անել։

Եվ խոսքը բնավ տարբեր պաշտոնյաների ու կառավարիչների լայվերը, հարցազրույցները ու մտքերը չեն։ Դրանք հաճախ գերհուզական են, պատեհապաշտ, անձնական բառապաշարով շարադրված։

Խոսքն ավելի հստակ հղման հնարավորություն ունեցող գնահատականների մասին է՝ կազմված իրավական լեզվով ու հիմնավորումներով։

Երբ մի քանի օտարերկրացի լրագրողներ խնդրեցին ինձ բացատրել, թե ինչու ենք ուզում փոխել Սահմանադրական դատարանի դատավորների ներկա կազմը, ստիպված էի ինչ-որ կիսատ ու էմոցիանալ բաներ ասել, քանի որ այն, ինչը խոչընդտում է ՍԴ լիարժեք աշխատանքին, չի վավերացվել մեկ փաստաթղթում, որևէ եզրակացության մեջ։ 

Օրինակ, կետերով ու փաստերով (անգամ ենթադրություններով) չի նշվել, թե ՍԴ-ն ինչ թերացումներ ունի ու ինչ թերացումներից ենք փորձում ապահովագրվել՝ ապագայում։ Պետությունը այդ գնահատականը չի տվել։ Տվել են անհատները։ Ով, ինչպես կարողացել է, այնպես էլ բացատրել է։

Կան հիմնովին կասկածներ, որ ՍԴ-ն տապալել է իր գործը, բայց դրանք փաստաթուղթ չեն դարձել։

Մեր դարաշրջանը խաչվող ու հատվող հղումների ցանց է։ Եվ որքան շատ են քեզ հղում անում, այնքան դու կայացել ես։ 

Հայաստանի դեպքում շատ թանկարժեք է հղումը պետական ատյաններին, որոնք, եթե չեն փոխում հղումների մշակույթը, ստիպված դառնում են նախկին աշխատաոճի շարունակողները։ Այսինք, նոր չափ դնելու ունակ չեն։

Եթե, օրինակ, հանրային նշանակության որևէ մեդիա կազմակերպություն թավշյա հեղափոխությունից հետո ձեռք է բերում նոր ղեկավարություն, իսկ այդ ղեկավարությունը որևէ կերպ չի փաստաթղթավորում նախկին աշխատաոճի թերություններն ու չի ներկայացնում (կետերով ու առաջնահերթությունների սանդղակով), թե ինչպես էր նախկինում և ինչպես այլևս չպիտի լինի, շատ բան մնում է օդից կախված։ 

Ավելի ճիշտ ստեղծվում է տպավորություն, որ սահման դնելը կարևոր չէ, որ կարելի է շարունակել սահուն ու հեշտ, առանց լարվելու ու բացատրելու, թե ինչու է տեղի ունեցել տարբեր օղակների ղեկավարների փոփոխություն, եթե մեծ հաշվով չի ձևակերպվել փոփոխության իմաստը։

Օրինակ, անհայտ է մնում, թե ինչն է սխալ աշխատել, ասենք, կրթական համակարգում, որը հիմա պետք է փոխվի։ Ինչն է եղել աղետալի բնապահպանական ոլորտում, որը պետք է շտկվի։ Ինչ է տեղի ունեցել տրանսպորտային ցանցում, որը կաթվածի է հասցնում հայաստանցիներին։

Ամուսնության ապահարզանի փաստաթղթերում անգամ նշվում է, թե ինչու ամուսինները չեն կարող այլևս շարունակել ապրել նույն կերպ։

Տեղի է ունեցել մի բան, որը պետք է բառերով շարադրվի ու բացատրի «մինչ» և «հիմա» եղած տարբերությունը։

Եթե չի արվում, ուրեմն տարբերություն չկա։ Մինչդեռ, տարբերությունը շատ մեծ է, մենք հիմա ունենք օրինական ընտրված իշխանություններ, որոնք տարբեր պատճառներով (բարդ է, ժամանակը չէ, կարիքը չկա) հապաղում են կամ խուսափում են տալ իրենց նախորդներին գնահատականներ։ Ընդհանուր էմոցիանալ խոսքերը (թալան, հակահեղափոխականություն և այլն) հաշիվ չեն։

Երբեմն նաև կարծես չեն էլ ուզում ստորագրել ապահարզանի փաստաթղթի տակ՝ մնալով նախկին աշխատողների հետ զուգընկերների կարգավիճակում (միգուցե, թվացյալ, բայց դա եղանակ չի փոխում)։ 

Դրանով երջանի՞կ են։ Դժվար թե։ Ինչու՞ չեն անում։ Միգուցե, կարծում են, որ առանց դրա էլ կհաջողեն։

Չեն կարող։ Ավելի ճիշտ, չենք կարող, քանի որ նոր կառավարիչների ձախողումը կլինի բոլորիս ձախողումը։

Հիմա է ստեղծվում խաչվող հղումների ցանցը, որը կօգնի հաջորդներին գործը չսկսել զրոյից։ Այսինքն, գնահատական տալուց։ Հետևաբար նաև, չկրկնելու նախորդների սխալները։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Գնահատելու գինը շատ բարձր է”
  1. Շատ կարևոր մտքեր են և անշուշտ պետք էր սա ասվեր: Բայց գրես չգրես նույն բանն է: Խոսքերը շուտվանից արժեզրկվել են, ինչ ուզում ես ասա ում ուզում ես ասա` լղոզվում գնում ա, շարլատաններին գնահատական չի տրվում, գողերը մնում են անպատիժ: Աբսուրդը այն է, որ մենք ունենք լեգիտիմ ընտրված իշխանություն որը գործում է ոչ լեգիտիմ տրամաբանությամբ ոչ մի պատասխանատվություն չկրելով: Միակ գնահատականը, որ շարքային քաղաքացին կարող է տա դա էնտրությունների ժամանակ է: Իսկ ալտերնատիվա չկա ու հորիզոնի վրա նույնիսկ չի երևում այս պահին: Երբ 2018-ին տեսնում էինք, որ մաքուր ջուրը կեղտով սկսեցին բացել, արդեն պարզ էր, որ սկզբունքային կառավարություն մենք հիմա չենք ունենա: Միակ հույսս այն է, որ իրենց ժամանակնել կամցնի և կգան համակարգ այն մարդիկ ովքեր այդքան գիտակցություն կունենան, որ իրենց էգոն դնեն մի կողմ ու սկսեն լուծել իրական խնդիրները այլ ոչ թե թոզ փչեն մեր աչքերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *