2018.10.05,

Քննադատ

«Մարզպետական» ցտեսություն. քանի՞ բառով կարելի է հեռանալ «սիրելի հայրենակիցներից»

author_posts/armen-sargsyan
Արմեն Սարգսյան
twiter

Լրագրող

Աշխատանքից ազատված, հեռացող մարզպետները հրաժեշտ են տալիս: Նրանք ուղերձներ են հրապարակում հայրենակիցներին, գեղարքունիքցիներին, լոռեցիներին, հարգելիներին, սիրելիներին:

Վարչապետին հասցեագրված հրաժարականի դիմումներում մարզպետներն ընդամենը մեկ նախադասություն են գրում, իսկ ժողովրդին շռայլում են 30, 40 նույնիսկ՝ 51 բառանոց նախադասություններ: Ինչպե՞ս են հրաժեշտ տալիս մարզպետները:

Լոռու մարզպետը՝ վարչապետին.

«Ներկայացնում եմ իմ հրաժարականը՝ Լոռու մարզպետի պաշտոնից»:

Լոռու մարզպետը՝ հայրենակիցներին.

Մարզպետի ուղերձի ամենաշատ օգտագործվող բառերն են – մեծ, եմ, իմ, մարզպետի, պաշտոնում, քաղաքական, հանուն, ժողովրդի և այլն: Ամենամեծ նախադասությամբ, որը 51 բառ ունի, Լոռու մարզպետը բացատրում է, որ անընդմեջ համայնքներ է այցելել, գրաֆիկից դուրս քաղաքացիների ընդունել, ծանրաբեռնված է եղել, բայց այդ ամենը կրել է տոկալով:

Այդ ընթացում նա հիացել ու հպարտացել է լոռեցիների աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ: Մարզպետն ասում է, որ «այս ամենն ու բոլորդ, կմնաք իմ ամենավառ հիշողություններում»: Հրաժեշտ տալու համար նա օգտագործել է 207 բառ: Ի դեպ, Սերժ Սարգսյանը իր հայտնի «ես սխալ էի…» ուղերձում ընդամենը 135 բառ օգտագործեց:

Գեղարքունիքի մարզպետը գրում է, որ իր՝ մարզի խնդիրներին քաջածանոթ լինելու իրողությունն ստիպեց բավականին արագ տեմպերով զորաշարժի ենթարկել ողջ կարողությունները, ռեսուրսներն ու հնարավորությունները:

Նա ջանք չի խնայել և փորձել է 24 ժամ հասանելի լինել իր ժողովրդին, ջերմացնել մարզպետարան – հասարակություն կապը:

Մարզպետը նաև պետության վստահության ազդակները ձգտել է հասցնել մարզի տարիներով անտեսված բնակավայրեր: Աստեղ ամենաշատ օգտագորված բառերն են – իմ, եմ մարզի, բոլոր, կարճ:

Ցտեսություն ասելու համար նա բավարարվել է 354 բառով: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարանը, օրինակ 251 բառ էր: Գեղարքունիքի մարզպետն իր հրաժարականը ներկայացրել է ձեռագիր:

Համեմատաբար կարճ՝ 200 բառանոց ցտեսություն է ասել Վայոց Ձորի մարզպետը: Նրա հրաժեշտից պարզվում է, որ մարզպետը փորձել է բնակիչների հույզերին հաղորդակից լինել:

Բացի ավանդական շնորհակալություններից և խաղաղության մաղթանքներից նա բոլորի օջախներին Աստծո լույս է մաղթում:

Հրաժարական տվող մարզպետները կարճ, փոքրիկ ու սեղմ են որակում իրենց ղեկավարման ժամանակահատվածը: Թվերը, փաստերը, օրինակները, պատմությունները բացակայում են, դրանց փոխարեն ուղերձները ծանրաբեռնված են ազգաբնակչություն, իրականացում, զարգացում, ըմբռնում, հնարավորություններ, պատրաստականություն, հուրախություն,  պատասխանատվություն բառերով և այլ ումերով ու ություններով:

Դրանց փոխարեն, սակայն, հստակ հասցրել են տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետարանի գործունեության հետ կապ չունեցող մի շարք այլ գործողություններ կատարել, ասենք՝ հույզերին հաղորդակից լինել, տոկալ, նվիրվել, արարել, ձգտել, ուրվագծել և … հպարտանալ:

Բոլոր հրաժեշտ տվողները 4 ամիսը համարում են կարճ ժամանակ՝ խնդիրները լուծելու համար: Իհարկե՝ ինչ որ բաներ արել են, ինչ որ բաներ՝ փորձել:  

Արմեն Սարգսյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *