2018.09.04,

Քննադատ

Միշտ հիշվում է ընդամենը մի քանի բառ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ֆիլմերից հիշվում են այն դրվագները, որոնք կարելի է վերապատմել: Եվ լավ պրոդյուսերները սցենարը կառուցում են այնպես, որ լսարանը կարողանա ֆիլմերից մեջբերել հակիրճ, դիպուկ ու բազմակի օգտագործման ենթակա բառերը:

Այդպես ավելի լավ է ներկայացվում ու վաճառվում կինոարտադրանքը կամ էլ` գաղափարը:

Նույնը կարևոր է նաև քաղաքական գործչի կամ նրա թիկունքում կանգնած պրոդյուսերի (կուսակցության) համար: Ճառերը կառուցվում են այնպես, որ դրանցից հնարավոր լինի մեջբերել մի քանի տող՝ արդեն այլ համատեքստերում:

Ճառը, դրա ասելու վայրը, ժամանակը ու հանգամանքները բոլորովին էլ կարևոր չեն, առաջնայինը «քվոթային», աֆորիստիկ ու պատկերավոր մի քանի տողերն են, որոնք կարող են ապրել առանձին կյանքով:

Ցանկացած հանրային անձ լավ գիտի, որ բառերը երբեք չեն կորչում թվային միջավայրում, այլ ընդհակառակը ավելի են բեկորացվում ու հեռանում սկզբնաղբյուրից (օրինակ, ո՞վ է հիշում, թե երբ և որտեղ է ՀՀ նախկին նախագահն ասել՝ իյա, իրո՞ք, բայց շատերը այդ բառերը կրկնում են տարբեր առօրյա իրադրություններում):

Երբ Հայկ Մարությանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ կազմակերպված դրամահավաք-միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ նեղ շրջապատի համար, նա հենց այդպիսի մեջբերումային բառեր ասաց:

Սեպտեմբերի 2-ին «Իմ Քայլը» դաշինքով ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը, որը զգալի հանրային սատարում ունի որպես թավշյա հեղափոխության գործող անձ, ասաց.

«Այսօր իրավիճակը Հայաստանում շատ պարզ է: Շատ: Կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, և վերջ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ ՝ այո, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են…»:

Սևի ու սպիտակի այս տարօրինակ համադրումը միանգամից դարձավ աֆորիստիկ, մանավանդ, որ այն արված էր կրքոտ ու սպառնալի ձայնով, պատանեկան անմիջականությամբ:

Դժվար է ենթադրել, որ այդ բառերը մտածված ու մշակված էին, ավելի շուտ հախուռն ծնված հեղափոխական էյֆորիայի հետևանք էին, բայց խնդիրն այն է, որ այսպիսի բառերը միաժամանակ այնքան կոպիտ ու հյութալի են, որ ծաղրական էֆեկտն անխուսափելի է:

Այդպիսի էֆեկտն ու քննադատությունը ուշացնել չտվեցին, սոցցանցերի հայկական հատվածը միանգամից օրվա թեմա սարքեց այս ելույթից մեջբերումը: Հատկապես Հայկ Մարությանի այն միտքը, որ «մեր թիմի դեմը խաղ չկա»:

Պարզվեց խաղ կա, այդ խաղը սկսվում է հենց այս և հենց այսպես ասվող բառերից:

Սոցցանցերում խաղարկվեցին շախմատը, գունային տարբեր գամմաները, սևի ու սպիտակի արանքում գտնվող գորշերն ու այլ սիմվոլիկ-հումորային բառախաղերը՝  գաղափարական պարզունակ ուղերձի շուրջ:

Հետո թե՛ ավագանու ՔՊ թեկնածուները, թե՛ անձամբ Հայկ Մարությանը փորձեցին մեկնաբանել, բացատրել, արդարացնել ու մեղմել բառերի էֆեկտը:

Հայտարարվեց այն մասին, որ սա ոչ թե հանրային ելույթ էր, այլ ներթիմային հանդիպում, որտեղ չկային լրատվամիջոցներ և տեսանկարող օպերատորներ: Եվ ուրեմն, սա ներքին օգտագործման ճառ էր, որը չարժե խիստ քննադատել:

Լրատվական դաշտում հայտնված տեսանյութը հավաքի մասնակիցներից մեկի լայվն էր, որը հետագայում ջնջվեց հեղինակի ֆեյսբուքի էջից (առանց բացատրության, թե ինչու), բայց այլևս շրջանառվեց ամենուրեք:

«Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին»,- ստիպված է եղել իր ելույթը Ֆեյսբուքում մեկնաբանել Հայկ Մարությանը։

Նա գրեց. «Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է»:

Որքան վանող է նրա ելույթի տեքստը, նույնքան վանող էր նաև այն արդարացնելու փորձը: Այն ոչ միայն չփրկեց իրավիճակը, այլ ավելի տարակուսելի դարձրեց:

Ընդհանրապես հարգանքը, անգամ պատկառանքը բառերի հանդեպ առավել կարևոր են բեկումնային փուլերում, երբ հինը մերժելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լինում փոխել հռետորաբանությունը:

Նախկին իշխանությունների լեզուն հիմնականում բյուրոկրատական-պաթոսային էր՝ լի կիսագողական-կիսապոետիկ եզրույթներով: Այդպիսին էր նաև մեդիա լեզուն, որտեղ պաթետիկ ու դողդոջուն ձայնով հայտարարվում էր պարզ իրադարձությունների մասին այն հույսով, որ պաթոսը արժեք կփոխանցի գորշ իրավիճակին (ասենք, կհուշի լսարանին, թե որն է սևը ու որը սպիտակը՝ այլ գույների անպիտանելիության պարագայում):

Շարունակել այդ ավանդույթները նշանակում է չտարբերվել, ինչը Հայաստանում սպասվելիք տարբեր տրամաչափի ընտրությունների շեմին, ճիշտ քայլ չէ: Այն պարզապես վատնում է հանրային վստահությունը:

Թավշյա հեղափոխության առաջնորդը դարձավ ՀՀ վարչապետ նաև իր ընտրած, մշակած ու ինքնախմբագրված բառային ուղերձների շնորհիվ: Նա դիմում էր բարդ խառնվածք ունեցող քաղաքացիներին, այլ ոչ թե պարզունակ ընտրազանգվածին:

Համենայնդեպս, հիմա երբ իրավիճակը Հայաստանում բավականին բարդ է ու հագեցած տարբեր մեդիահարվածներով ու սև կամ սպիտակ քարոզչությամբ (որի գույնը լրատվական դաշտում բոլորովին էլ նշանակություն չունի), խոսքերն ու խոսքի մշակույթն են դառնում չափանիշ:

Հայկ Մարությանին ֆեյսբուքյան իր էջում պատասխանեց նաև նախկին համակարգի առանցքային անձերից մեկը՝ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Եվ նրա խոսքը հենց այդպիսի կիսափողոցային-հայրենասիրական ոճով էր, որտեղ Հայկ Մարությանը անվանվեց «գավառական ծաղրածու», որը ցուցադրեց «քաղաքական բոբիկությունը» և «ցածր բարոյականությունը» (եղան ավելի կոպիտ համեմատություններ):

Որակյալ բանավեճ ու խոսակցություն այսպիսի բառակռիվներով չեն ստեղծվի, ու մենք նորից կհայտնվենք անցյալում, որտեղ միաշերտ ուղերձներ են, ու վերջ:

Հիմա կարևոր է դառնում հնչերանգը, ներքին խմբագիրն ու ներքին քննադատը:

Օրինակ, երբ Հանրային հեռուստատեսությամբ լսում ենք ռեպորտաժ սեպտեմբերի 1-ի մասին, որտեղ լրագրողը հուզմունքով պարուրված  ձայնով ասում է, որ այլևս երեխաները գնալու են նո՛ր Հայաստանի նո՛ր դպրոցը, նո՛ր կյանք ստեղծելու համար, հասկանում ես, որ խոսքի մշակույթը (կիսատոները, կիսագույները, լուսանցքային դադարները) ավելի արժեքավոր ու համոզիչ են, քան գոռոցն ու կուրծք ծեծելը:

Նորը խելացի մարդուն ուղղված խոսքն է, որին պետք չէ լսել, որ խաղ չկա, քանի որ խաղ կա միշտ:

Լավ պրոդյուսերները դա հաշվի են առնում, եթե ուզում են, որ մեջբերման արժանացած մի քանի տողերը լիցքավորված լինեն ոչ պարզունակ ուղերձներով:

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *