2018.06.29,

Քննադատ

Հաղթահարել տեղացի-եկվոր հակադրությունը մեդիայի միջոցով

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հունիսի 28-ին Արցախի խորհրդարանում տեղի ունեցած արտառոց միջադեպը բուռն քննարկման առիթ դարձավ: Պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի (որն ի դեպ` ծնունդով ՀՀ Իջևան քաղաքից է) լեզվակռիվը ավարտվեց հայհոյանքներով:

Սոցցանցերում, հատկապես ֆեյսբուքում, այդ միջադեպը կրկին հրահրեց Հայաստանի և Ղարաբաղի հարաբերությունների շուրջ բանավեճեր՝ ծայրահեղ գնահատականներով:

Փոխադարձ վիրավորանքների ժամանակ Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին անվանեց «գյալմա» (թուրքերենով` եկվոր)։

Այս արտահայտությունը ֆեյսբուքում բացեց պարբերաբար բռնկվող, մարող ու նորից բռնկվող «հայաստանցի-ղարաբաղցի» թեման:

Թվում է՝ այս քննարկումները վաղուց պետք է լինեին անցյալում, խնդիրները՝ հաղթահարված, սակայն Ղարաբաղում տեղի ունեցող ցանկացած արտառոց դեպք նորից «արթնացնում է» թեման և նորից հակադրում միմյանց ծագումը՝ բնիկ-եկվոր համատեքստում, իրարից տարբերվելու (հետևաբար, ճիշտ և սխալ լինելու) իրավունքը:

Նման իրավիճակ ստեղծվեց Քաշաթաղում (երբ Ժիրայր Սեֆիլյանը և նրա կողմնակիցները ծեծի ենթարկվեցին արցախցիների կողմից) և Ասյա Խաչատրյանի հետ կապցված դեպքերի ժամանակ (երբ երիտասարդ աղջիկը մի քանի անգամ բերման է ենթարկվել Արցախի ոստիկանություն՝ առանց հիմնավոր պատճառների):

Սովորաբար խնդիրները առաջանում են այն ժամանակ, երբ հանրային քննարկման հարթակները նեղանում են ու գրեթե անհետանում:

Արցախում լրատվամիջոցներն ազատ չեն, տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը, մեղմ ասած, իրականությունը չի արտահայտում:

Կամ ավելի ճիշտ՝ մեդիան չի կարողանում կռահել, որ ժամանակի հետ, չլուսաբանման դեպքում, որոշ թեմաներ կարող են դառնալ պայթյունավտանգ:

Եթե նախկինում հնարավոր էր տեղական լրատվամիջոցների չլուսաբանելով կամ իրականությունը չներկայացնելով թաքցնել որոշ տեղեկություն, այսօր դա պարզապես անհնար է:

Եթե բաց դաշտում փորձում ես փակեր դնել, անպայման տեղի են ունենում արտահոսքերը, որոնք ներկայացնում են իրականությունը: Եվ այդ դեպքում՝ կասկածի տակ են հայտնվում առաջին հերթին տեղական լրատվամիջոցները:

Այդպես եղավ նաև խորհրդարանի միջադեպի ժամանակ: Արցախի հանրային հեռուստատեսության լուրերի հիմնական թողարկմանը և Artsakh Times-ը հպանցիկ լուսաբանեցին պատգամավորների վեճը, ինչից պարզ չէր, թե ով է սկսել առաջինը հայհոյել և ինչ էր եղել իրականում:

Մակերեսորեն անդրադարձ եղավ նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական կայքի՝ aparaj.am-ի կողմից, չնայած, ինչպես գրում էին օգտատերերը՝ հենց այդ կայքն էր հրապարակել այն տեսանյութը, որը հիմա պտտվում է սոցցանցերով և որտեղ պարզ երևում է, թե ով է սկսել վեճը: Կայքում հիմա այդ տեսանյութը չկա:

Տեսանյութը հրապարակեցին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Այս ֆոնին արցախյան լրատվամիջոցների հպանցիկ լուսաբանումը աշխատում է ոչ ի օգուտ երկու հայկական հանրապետությունների հասարակությունների միջև առկա խնդիրների հաղթահարման:

Ավելին՝ լրատվամիջոցների գրաքննությունն ու ինքնագրաքննությունը տպավորություն են թողնում, որ Ղարաբաղում ամեն ինչ փորձում են թաքցնել:

Ի վերջո, խնդիրների ու թյուրըմբռնումների հաղթահարմանը հնարավոր է միայն բաց և թափանցիկ աշխատաոճով:

Արցախի hանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը երեկվա նիստում հայտարարել էր, որ աշնանային նստաշրջանից սկսած լիագումար նիստերը հեռարձակվելու են ուղիղ եթերի ռեժիմով։  

Այս իրավիճակում շատ բան ունեն անելու Արցախի լրատվամիջոցները, որոնք հանրային մտահոգությունների հայելային արտացոլումը դառնալու հնարավորություն ունեն:

 

Անահիտ Դանիելյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *