2017.12.28,

Քննադատ

2017-ի լրահոսի շարժիչ անձինք, դեպքերն ու առարկաները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լրատվական ծովը պարբերաբար ալեկոծվում է՝ իր հետ բերելով թեմատիկ շերտեր, որոնք դառնում են կոնկրետ ժամանակահատվածի վավերագրությունը: Մեդիան վավերացնում է ժամանակը և միաժամանակ՝ դառնում ժամանակի գերին:

Մենք շղթայված ենք մեր ժամանակի հետ՝ ինֆորմացիոն ալիքներով: Երբեմն այդ ալիքները մաքրագործող են, իսկ երբեմն էլ՝ սպառնալիք պարունակող:

Media.am-ը առանձնացրել ու ձևակերպել է 2017 թվականի ինֆորմացիոն ալիքները, որոնց թողած հետքերն ու նստվածքը հաստատ պետք կգան հաջորդ տարիների մեդիա վավերագրությունը կազմելու համար:

Իսկ անցնող տարում  հիմնական նյուսմեյքերները հետաքրքիր էին …

Ադրբեջանական խնձոր

2017-ին ապրիլին (շատ զգայուն հուշերով լի ամսին) լուր տարածվեց, որ Հայաստան է ներկրվել ադրբեջանական խնձոր: Այդ լուրը առիթ դարձավ, որ քրեական-հետախուզական միջոցառումներ իրականացվեն ու քրեական գործ հարուցվի՝ կաշառք ստանալու հատկանիշներով:

Խնձորի ապօրինի ներկրումը «բարեհաջող» կերպով կասեցվեց: Մեդիան ողջ ընթացքի ակտիվ մասնակիցն էր, հրապարակվում էին թե՛ հուզական-բարկացած, թե՛ մեղադրական-ահազանգային հոդվածներ: Բոլոր դեպքերում խնձորը հայտնվում էր գրեթե բոլոր լրատվամիջոցների լրահոսում որպես «դավաճան» միրգ ու չհայտարարված պատերազմի խորհրդանիշ:

Կարեն Կարապետյան

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ քարոզարշավն իր ուսերին տարավ ՀՀ վարչապետը: Քարոզարշավի ժամանակ և քարոզարշավից հետո հենց Կարեն Կարապետյանն էր ամենատեսանելի անձը: Նա իր արդեն հայտնի դարձած ժիլետով ու ժպիտով ամենուրեք էր՝ պաստառներում, հարվածային գործիքների փայտիկները ձեռքին, քննարկումներում, դաշտերում ու փողոցներում: Նրա հետ սելֆի անողների քանակն էլ շատացավ:

Ու թեև վարչապետը հայաստանյան կարևոր նյուսմեյքերն էր ողջ տարվա ընթացքում, նրա աստղը փայլատակեց ընտրությունների ժամանակ: Նրա հանրային ելույթներն ու տարբեր ձևաչափերի (նաև առանց փողկապի) հանդիպումները մեդիան լուսաբանում էր հաճույքով:

Եվ քանի որ Հայաստանի Հանրապետությունն այլևս երկար ժամանակ չի ունենա համապետական ընտրություններ, դժվար թե որևէ նոր ՀՀԿ ներկայացուցիչ կարողանա գերազանցել Կարեն Կարապետյանի արտաքին հմայքը:

«Մի գնա» երգը

Սուպեր Սաքոյի ու Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանում ծնված, ԱՄՆ-ում ապրող ռեփ կարդացող Սուպեր Սաքոյին, ունեցավ 130 միլիոնից ավելի դիտումներ և դարձավ ամենա-ամենա հիթը:

Երգի ամուր ռիթմիկ պատկերն ու բիթերի օգտագործումը հայերեն հնչող «Մի գնա, մի գնա» կրկներգը տարածեցին աշխարհով, և հատկապես՝ Արևելքով մեկ: Ոչ միայն հայկական, այլև արաբական, թուրքական լսարանը այս երգի ազդեցության տակ են:

Ողջ տարվա ընթացքում արաբական աշխարհի ամենաբարձրակարգ ու թանկ զվարճանքի վայրերում կարելի էր լսել այս երգի կենդանի կատարումը: Էլ չենք ասում տաքսիներում, զանգվածային վայրերում ու ընկերական շրջապատում հնչելու մասին:

Հայերեն լեզվով են երգում թե՛ թուրքը, թե՛ արաբը, թե՛.. այլ ազգերը, որոնց հոգեհարազատ են կլկլոցն ու ժամանակակից բիթային կառուցվածքը:

Լևոն Արոնյանի հարսանիքը

Շախմատն, իհարկե, ֆուտբոլ չէ, որն ունի միլիոնավոր երկրպագուներ ու զանգվածային բնույթ: Բայց Հայաստանում շախմատը յուրահատուկ դիրքերում է շնորհիվ Լևոն Արոնյանի ու նրա տիկնոջ:

Սերն առ շախմատը մեկ անգամ ևս ամրագրվեց զանգվածային ամուսանության շնորհիվ: Լևոն Արոնյանի ու ֆիլիպինուհի Արիանա Կաոլիի հարսանիքը կարևոր իրադարձություն էր մեդիայի համար: Նախ՝ որովհետև հարսանիքը լավ բան է, և հետո էլ՝ կոնկրետ այս հարսանյաց արարողության քավորը ՀՀ առաջին դեմքն էր:

Նորապսակների ու Սերժ Սարգայանի լուսանկարները սեպտեմբեր ամսվա առանցքային ուրախ ֆոնն էին: Անգամ ավելի ուրախ ու առանցքային, քան Հայաստանի Հանրապետության անկախության քառորդ դարի տոնախմբությունը:

Հացադուլ անող ուսանողները

Տարկետման իրավունքի պահպանմանն ուղղված ուսանողների բողոքը, դասադուլն ու հացադուլը 2017-ի նոյեմբերի գլխավոր իրադարձությունն էր, որը զարգանում էր գրեթե ուղիղ հեռարձակման ռեժիմով:

Ուսանողները հույս ունեին լսելի լինել: Նրանցից մի քանիսը օպերատիվ և հանդիսավոր կերպով հայտնվեցին վարչապետի ու տարբեր նախարարների հետ նույն սեղանի շուրջ, ստացան խոստում, որ իրենց բողոքը հաշվի կառնվի, հետո դուրս եկան վարչապետի մոտից, հայտնվեցին մեդիայի ուշադրության կենտրոնում (անգամ, Հանրային հեռուստատեսության եթերում), և որոշ ժամանակ անց դադարեցին լինել նյուսմեյքեր:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ուսանող Դավիթ Պետրոսյանը այն անձն էր, որին լրատվական դաշտը համակրում էր ու փորձում արտահայտվելու համար միջավայր ստեղծել:

Ի վերջո, կառավարությունն ու ուսանողները համաձայնության չեկան, տարկետման օրենքը ընդունվեց, բանակի շահը գերակշռեց:

Ազգ-բանակ

Ապագային ուղղված հայեցակարգ ձևակերպելու փորձ արեց ՀՀ Պաշտպանության նախարարը, որի թեթև ձեռքով «ազգ» և «բանակ» բառերի միջև այլևս դրվեց հավասարության նշան: Եվ այդ հավասարությունը թմբկահարվեց տարբեր մեդիա հարթակներից:

«Իրականում հայոց բանակից է կախված մեր պետության և ժողովրդի ներկան ու ապագան»,- Վիգեն Սարգսյանի այս խոսքերը կոգնիտիվ դիսոնանսի պատճառ դարձան:

Այլ հարց է, թե ինչու է պետությունը (կոնկրետ սահմաններ ու սահմանադրություն ունեցող միավորը) նույնացվում ազգի (վերացական սահմաններ ու չափանիշներ ունեցող հասկացության) հետ, կարևորն այս ձևակերպան մեջ ապագայի տեսլականն է:

«Ազգ-բանակ» հնչեղ հայեցակարգը չի բացատրում, թե որն է Հայաստանի ապագան: Ասենք, 10 տարի հետո…

Եթե պետությունն իր ապագան կապում է բանակի հետ, քաղաքացիների (և ոչ միայն մեկ ազգի ներկայացուցիչների) ուղեղում առաջանում է մտավոր խզում: Ստացվում է, որ հաղթեցինք Արցախյան ազատամարտում, անկախ հանրապետություն ունեցանք, բանակ կառուցեցինք, բա հետո՞ ինչ ենք անելու: Ինչպե՞ս ենք օգտագործելու նվաճածը: Պատասխանը ենթադրում է, որ օգտագործելու ենք կրկին ռազմական նպատակներով:

Բոլոր դեպքերում ազատական տնտեսության խթանումը կամ որակյալ կրթությունը չեն ներառված սպասելիքների մեջ: Ներառված է բանակը:

#ՀայուԳեն

2017 թվականը սկզբին տեղի ունեցավ տարօրինակ դեպք, որը խառնեց հայկական սոցիալական մեդիան՝ նույն հարթության վրա դնելով գիտությունը, միֆերն ու ենթագիտակցական ագրեսիան:

Հայկական տարազով ընտանիքի լուսանկարը դարձավ առիթ կշտամբելու խառը ամուսնություններն ու հայկական գեների ոչ մաքուր միաձուլումը: Մուգ մաշկով Տիգրանի ծնողները հայտնվեցին մեդիա ռմբակոծման տակ:

Լուսանկարն արած ստուդիան ստիպված էր հեռացնել հայուհու ու ոչ հայի ամուսնական պատկերը, քանի որ ընտանիքը բազմաթիվ սպառնալիքներ ու վիրավորանքներ էր ստանում:

#ՀայուԳեն հեշթեգը դարձավ մոդայիկ սոցիալական մեդիայում ու միաժամանակ մատնանշեց հավերժ ազգային մոլորությունը, որ կարելի է գտնել ունիվերսալ բանաձև և խոսել անձնականի մասին՝ ընդհանուրի դիրքերից:

Միֆն ու իրականությունն այս դեպքում բախվեցին միմյանց ու ցույց տվեցին հանրային ընկալման հետադիմական ընթացքը: Որն, ի դեպ, բոլորովին այլ կերպ է գործում հայտնի հայերի ու նրանց գեների մատնանշման դեպքում: Օրինակ, Լևոն Արոնյանի …

Հաց բերողի մահը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը, որը 2016 թվականին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ էր հասցրել՝ ճեղքելով ոստիկանական պատնեշը, հանրային անձ դարձավ առանց հատուկ ջանքերի: Նրա քայլը ու մղումը հասկանալի էր ու մարդասիրական, ի տարբերություն «Սասնա ծռերի» հանդեպ ձևավորված հակասական հանրային վերաբերմունքի:

«Հաց բերողը» երկու անգամ կալանավորվեց (մեղադրվելով պատանդ վերցնելու ու ապօրինի զենք փոխադրելու համար), 25-օրյա հացադուլ հայտարարեց ու անազատության մեջ գտնվելով, առողջության կտրուկ վատթարացման հետևանքով, 2017-ի մարտին վախճանվեց:

Նրա մահը առիթ դարձավ մտորելու անհատական քայլերի ու ուժային կառույցների հակադրման մասին: «Հաց բերողը» դարձավ նահատակ, որը ստիպեց հանրությանն ու մեդիային վերաիմաստավորել կյանքի արժեքն ու հատկապես մահվան գինը: Գինը շատ ավելի էր, քան կարելի էր սպասել …

Հայաստանի արտաքին կուրսը

2017-ին, երկար վայրիվերումներից հետո, Հայաստանը ասոցացվեց Եվրամիությանը: Նաև Իրանի հետ համատեղ մի շարք տնտեսական ծրագրերի սկիզբ դրեց: Դրանք այն դեպքներն էին, երբ արտաքին աշխարհը մտավ տեղական մեդիա դաշտ՝ առնվազն լրահոսով: Եվ կարևորը՝ լավատեսական լրահոսով:

Իրանի հետ կաշխատենք էներգետիկ, զբոսաշրջային և առևտրային ոլորտներում, իսկ Եվրոպայի հետ ավելի հեշտ ու հստակ շփվելու շանս կստանանք: Համագործակցության առաջին պտուղներին սպասում ենք արդեն կոնկրետ լրատվական անդրադարձների միջոցով:

Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում վերջին տարիների անառարկելի նյուսմեյքերն է: Նույնիսկ երբ Մխիթարյանը լավ չի խաղում, միևնույն է, լրահոսը առանց նրա չի ստացվում: Լրատվականները քննարկում են նրա մարզավիճակը, հնարավոր տեղափոխությունները նոր թիմեր, յուրաքանչյուր գրառումը սոցիալական մեդիայում:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այս տարվա ձևակերպմամբ՝ հայ ազգի «ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»:

2017-ին Մխիթարյանը Մանչեսթեր Յունայթեդի հետ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգան, ընդ որում եզրափակիչում գոլ խփեց: Մխիթարյանը հերոս էր Թվիթերում, որտեղ աշխարհը նրա մասին էր խոսում, օրինակ, Սանդերլենդի դարպասն ուղարկած «կարիճ» գոլից հետո:

Մեդիան սիրում է Մխիթարյանին, իսկ Մխիթարյանը սիրում է ֆուտբոլը: Ստացվում է, որ մեդիան սիրում է ֆուտբոլը, քանի որ Մխիթարյանը պրոֆեսիոնալ սիրով է անում իր գործը:

Սերն ու պրոֆեսիոնալիզմը 2018-ի գլխավոր թրենդերն են:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *