2017.12.25,

Քննադատ

Քրեական հանցագործությունների ամփոփագիր` ըստ հայկական սերիալների

author_posts/hovhannes-yeranyan
Հովհաննես Երանյան

Արձակագիր

Մոտենում է Ամանորը: Իսկ այն, բացի ծախսերի հոգսից, նաև տարին ամփոփելու պարտադրանքի ժամանակ է: Շուտով կսկսեն իրենց ամփոփիչ ասուլիսները ներկայացնել պետական հիմնարկների ղեկավարները, վիճակագրական ծառայություններն ու տարատեսակ կազմակերպությունները:

Հավատացնում ենք, որ նրանց ներկայացնելիք թվերը, տնտեսական աճի, կոռուպցիայի ու հանցավորության դեմ պայքարի ձեռքբերումների ինֆոգրաֆիկաները, խոստումներն ու  խոստովանություններն ավելի արժանահավատ ու հավաստի չեն լինի, քան այն, ինչ մենք ենք պատրաստվում  ներկայացնել:

Սա էլ ստույգ լինելու հավակնություն չունի, ընդամենը` հեռուստաալիքից ալիք անցնելու ընթացքում նկատված միջին վիճակագրություն է:

Միայն 2017 թվականի ընթացքում  Հայաստանի Հանրապետությունում  սպանվել է շուրջ 152 մարդ: Վիրավորվել են 48-ը, որոնցից 25-ը հետագայում մահացել են, 20-ը` բուժվել թեթև վնասվածքներից, 13-ը դեմքներին, ճակատի վիրակապին կամ էլ սպիտակ վերնաշապիկի կրծքի հատվածում կետչուպ կամ տոմատի հյութ քսած սպասում են իրենց սպանության պատվիրատու-սցենարիստի քմահաճույքին:

Ընդ որում, դեռևս հիվանդանոցում գտնվող  չորս վիրավորների գլխին երեք և ավելի փամփուշտ են արձակել:  

Տարվա ընթացքում բռնաբարվել է շուրջ երեսուն կին ու աղջիկ, և բռնաբարիչներից որևէ մեկը չի բռնվել: Նույնքան, կամ փոքր ինչ ավելին են բռնաբարության անհաջող փորձի դեպքերը: Այդ անհաջողակների մեջ շատ են հարսին բռնաբարել փորձող սկեսրայրները և ամուսնու ընկերները:

Մի փոքր պակասել է ինցեստների քանակը, 7-ից իջնելով 4-ի: Բոլոր այս դեպքերում չի գործել էդիպյան մեղքի գործոնը, այսինքն` կողմերից մեկն իմացել է հարազատության մասին:

Տարվա ընթացքում առևանգվել է 24 երեխա: Ընդ որում` նրանցից միայն հինգի առևանգումն է նյութական շահի կամ դրամական փոխհատուցման ակնկալիքով կատարվել: Մնացած տասնինը երեխաների առևանգման հեղինակները ամուսնալուծված և իրար ատող ծնողներն են:

Անհնար է հաշվարկել, թե մարմնական վնասվածք հասցնելու, վրաերթի կամ ծեծկռտուքի քանի հազար դեպք է գրանցվել հայկական սերիալներում:

Հետաքրքիր է, որ սպանությունների կամ այլ բռնությունների հեղինակները հիմնականում չեն պատժվում, կամ պատժվում են միայն տուժածի կողմնակիցների` հարազատների կամ գործընկերների ձեռքով:

Օրենք, օրինապահ ու պետություն գոյություն չունի:

Հանցագործությունների հեղինակները հիմնականում թանկարժեք տներ ու մեքենաներ ունեցող մեծահարուստներ են` պատգամավոր, մարզպետ, նախարար, բիզնեսմեն գործարանատեր, կամ` անհայտ ճանապարհով մեծ կարողություն դիզած մութ անձ:

Ըստ էության, վարկաբեկվում է մեր հասարակության «էլիտան»: Գիտենք, որ նրանք սուրբ չեն, ու հնարավոր է, որ տարին մեկ ինչ-որ մեկին ծեծեն, կրակեն, «չանեն» կոտրեն, բռնաբարեն կամ սպառնան բռնաբարությամբ և այլն, բայց որ ամեն շաբաթ, երբեմն` շաբաթը երկու անգամ մարդ սպանեն, փոքր-ինչ չափազանցված է:

Անստույգ վիճակագրական այս տվյալներին համապատասխան հայկական եթերից ամենաշատ լսվող արտահայտություննեն են.

1.Կոկորդդ կկրծեմ
2 Ոտքերդ կկոտրեմ/ երբեմն` կփշրեմ/
3.Ատրճանակը գլխիդ կդատարկեմ

Մեր այս հաշվարկների ոչ մեծ սխալմունքի մասին կվկայի շուրջ մեկուկես միլիոն մարդ Հայաստանի Հանրապետությունում, գրեթե նույնքան էլ Սփյուռքում: Ըստ տարփողվող ռեյտինգային գովազդների՝ նրանք մեծագույն հաճույքով դիտում ու լսում են այս ամենը:

Հովհաննես Երանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *