2017.12.01,

Քննադատ

Ո՞վ է մարզական լրագրողը. պատասխանում է սպորտի նախարարությունը

author_posts/armen-nikoghosyan
Արմեն Նիկողոսյան

Լրագրող

Քվեարկությունները Հայաստանի ամենախոցելի գործընթացներից  են: Ընդ որում խոսքը ոչ միայն քաղաքական, այլ նաև առաջին հայացքից կարծես թե «անմեղ» մարզական տարատեսակ քվեարկությունների մասին է:

Տարիներ շարունակ «Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա» անվանումը կրող կազմակերպությունը անցկացնում էր լավագույն մարզիկներին որոշելու մրցույթ, որն իր անտրամաբանական ու անհասկանալի ձևով ուղղակի պառակտում էր մարզաշխարհը, դառնում բոլոր առումներով սկանդալային և վնասակար: Երբևէ նախապես չէին հրապարակվում մրցույթի կանոնները, մեծամասամբ չէին հրապարակվում մրցույթի մասնակիցների անունները, քվեարկության մասին ինֆորմացիան: Ժամանակի ընթացքում այս մրցույթը ուղղակի ամբողջապես վարկաբերկվեց:

Իրավիճակը ինչ որ ձևով փրկելու համար Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ինքն է որոշել անցկացնել այս մրցույթը և օրեր առաջ հայտարարեց «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մեկնարկի մասին: Առաջին անգամ փորձ է արվում կանոնակարգել մրցույթը, այսինքն մտցնել, ամրագրել խաղի կանոնները:

Հայտարարված մրցույթի կանոնակարգը հեռու է բավարար լինելուց և դեռ կարող է դառնալ սկանդալների պատճառ (հատկապես անհասկանալի է sms քվեարկությունը, որը չի օգտագործվում համաշխարհային նմանատիպ մրցանակաբաշխությունների ընթացքում): Բայց ողջունելի է այն հանգամանքը, որ հստակ է մրցույթի կանոնները, մասնակիցների շրջանակը, նաև՝ լավագույն մարզիկների թեկնածուների շրջանակն է բավական մեծացված: Իհարկե այս մասով կարելի է վիճել, բանավիճել (հատկապես Հայաստանին ճանաչելիություն բերելու մասով չափորոշիչների ընտրության հարցում), բայց շատ ավելի հետաքրքիր է, որ թերևս առաջին անգամ (եթե չեմ սխալվում) փորձ է արվել «մարզական լրագրող» աշխատողի «անձնագիր» սահմանել:

Հաստատվել է տարվա լավագույն մարզիկների մրցույթին քվեարկելու համար մարզական լրագրողների հավատարմագրման կարգը: Համաձայն այս փաստաթղթի, «Տարվա լավագույն մարզիկին» ընտրելու իրավունք ունեն միայն այն մարզական լրագրողները, որոնք կհամապասխանեն նախարարության ներկայացրած պահանջներին:

Միջազգային բազմաթիվ քվեարկությունների եմ մասնակցել, բայց երբևէ նման փաստաթղթի չեմ հանդիպել: Առաջին հայացքից այն կարծես սահմանափակում է կամ կանոնակարգում է քվեարկության մասնակից լրագրողների շրջանակը:

Հավատարմագրման կարգի 5-րդ և 6-րդ կետերում սահմանվում է այն կայքերի նկարագիրը, որոնք կարող են մասնակցել քվեարկությանը: Մարզական և սպորտային հավելված ունեցող կայքերը պետք է ունենան 3 կամ 5 հազար  օրական միջին այցելություն: Այստեղ ուղղակի հստակ չէ, թե ինչ աղբյուրներ են հաշվի առնելու և կա՞ն արդյոք նման աղբյուրներ, որոնք հայկական կայքերի այցելությունների պատկեր են փոխանցում: Իսկ եթե հիմք է ընդունվելու հենց տվյալ կայքի՝ իր այցելությունների մասին ներկայացված թիվը, ապա նախարարության կանոնակարգը դառնում է ուղղակի ավելորդ:

Արժեր նաև քննարկել հետևյալ հարցը. քվեարկությանը մասնակցում է լրատվամիջոցը (առանց կոնկրետ լրագրողի անունի), թե՞ լրագրողը ներկայացնում է որևէ լրատվամիջոց: Խնդիրը այստեղ հետևյալն է. բազմաթիվ լրագրողներ աշխատում են մեկից ավել լրատվամիջոցներում, կայքերում էլ ընդունված է չգրել նյութի հեղինակի անունը և այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է նախարարությունը համոզվելու, որ կայքի ներկայացրած լրագրողն է հենց անհրաժեշտ քանակի նյութերի հեղինակը: Կարծես թե այստեղ որոշակի հստակություն մտցնելու կարիք կա:

Ամեն դեպքում, առաջին հերթին պետք է ողջունել և կարևորել այն հանգամանքը, որ վերջապես տարվա լավագույն մարզիկի քվեարկությունը ունենում է հստակ կանոնակարգ, պայմաններ, ժամկետներ: Սպորտի նախարարությունը իր կանոնակարգերով կարծես թե նախապես պատասխանել է քվեարկության համար անհրաժեշտ բոլոր հարցերին. ովքե՞ր (թեկնածուներ), ե՞րբ (ժամկետներ), ովքե՞ր (քվեարկողներ):  

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նախարարության ներկայացրած լրագրողների հավատարմագրման կարգի քննարկումներ կազմակերպել` հասկանալու համար լրագրողներին ներկայացված չափորոշիչներիում առկա խնդիրները (եթե կան), գտնել լուծումները, քանի որ այն կարող է դառնալ նախադեպային և հետագայում էլ կարող է դառնալ ընդհանուր օգտագործման հիմք:  

Արմեն Նիկողոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *