2017.09.04,

Քննադատ

Արտակարգ իրազեկում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արտակարգ իրավիճակների մասին իրազեկումը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառները սկզբունքային են։ Հարցն այն չէ, որ ինչ-որ աշխատակից է թերանում, այս կամ այն կառույցը լավ չի աշխատում։

Խնդիրն այն է, որ չկան (կամ, միգուցե կան, բայց անտեսվում են) հստակ արձանագրային պլաններ, թե ինչպես իրազեկել բնակչությանը այս կամ այն տիպի արտակարգ իրավիճակի դեպքում։ Իսկ եթե հստակ պլաններ չկան, առաջին պլան են սկսում մղվել մարդկային գործոնը, սթրեսային վիճակի ազդեցությունը աշխատակիցների վրա և այլն։

Գաղափարական հարցը սկսվում է այն բանից, որ հասարակության և պետական համակարգը ներկայացնողների ընկալումների մեջ կան ընդհանրություններ: Որպես կանոն համարվում է, որ իրավիճակը լինում է միայն երկու տեսակի՝ նորմալ և սարսափելի։ Չկան միջանկյալ ընկալումների սանդղակներ։

Օրինակ, եթե հնչում է հրդեհի վտանգի ազդանշան, սովորաբար ոչ ոք տեղից չի շարժվում։ Եթե չկա տեսանելի հրդեհ, ուրեմն չկա նաև վտանգ։ Թույլ ծուխը նույնպես չի համարվում վտանգ։ Սա կրկին «նորմալ» փուլում գտնվող իրավիճակ է։

Նման մոտեցումը ոչ միայն հանրային գիտակության, այլև՝ պետական կառույցների կառավարման մաս է, նաև՝ հանրային իրազեկման ոլորտում։

Լավ օրինակներ են վերջին մի քանի արտակարգ դեպքերը՝ հդեհները Երևանում, Խոսրովի արգելոցում, Վայոց ձորում։ Հանրային իրազեկման մի մեծ հատված զբաղեցված էր տարածելով նմանատիպ հաղորդագրություններ․

«Օգոստոսի 14-ին, ժամը 23:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվում են 73 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա համայնքների գյուղապետերը բնակիչների հետ:

***

Ժամը 17:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվող փրկարարներից 63-ը, ՀՀ ՊՆ զինծառայողներից 124-ը, բնապահպանության 19, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ»:

Արդյո՞ք սա կարևոր տեղեկություն է հանրության համար։ Կարծում եմ, այն կարող է հետաքրքիր լինել, բայց ոչ որպես ինքնաբավ և ինքնամփոփ «տեղեկույտ»։

Եթե հանրությունը օպերատիվ տեղեկություն ստանա այն մասին, թե արգելոցի որ հատվածն է այրվում, որն է վտանգված, դեպի ուր է շարժվում կրակը, ինչ վտանգներ կան մոտակա բնակավայրերի համար, և այդ ամենը ներկայացվի թվերով, տոկոսներով, քարտեզներով, ինֆոգրաֆիկայով, մեզ կհետաքրքրեր, թե քանի անտառտնտեսության աշխատակից է մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին։

Իսկ երբ չկա հիմնական տեղեկատվությունը, տրված լուրը դառնում է անորոշությունը սրող գործոն։

Ինչպես օրինակ, երբ Նաիրիտի այրման ժամանակ պաշտոնապես հայտարարվում էր երկու բան․ որ ծուխը անվտանգ է, և այն գնում է դեպի Թուրքիա։ Հասկանալի է, որ մեծ ծավալի նույնիսկ մաքուր, զտած ծուխը անվտանգ չի կարող լինել։ Առավելևս, որ տարբեր նախարարությունների ներկայացուցիչները տարբեր կերպ էին մեկնաբանում ծխի առողջարար հատկությունները:

Եվ միանգամայն պարզ էր, որ պետությունը միակարծիք չէ։

Իսկ այն, որ ծուխը գնում է դեպի Թուրքիա, նույնիսկ դժվար է մեկնաբանել։ Իրականում, մեզ պետք է տեղեկացնեին, թե որոնք են բնակչության խոցելի հատվածները, օրինակ, ասթմայով հիվանդները, նորածինները և այլն։ Անհրաժեշտ էր իրազեկել, թե ինչպես պետք է մարդիկ վարվեն տվյալ դեպքում։

Ինչ վերաբերում է ծխի շարժին, որը գնում էր դեպի Արևմտյան Հայաստան, ապա ավելի արդյունավետ կլիներ քամիների վարդի հիման վրա հրապարկվել, թե որ ժամերին Արևելյան Հայաստանի որ թաղամասերի վրայով է անցնելու ծուխը, որպեսզի բնակչությունը պատրաստ լիներ։

Եթե հստակ արձանագրություններ լինեին, թե երբ, որ դեպքում, ինչ տիպի տեղեկություն պետք է տրամադրվի, եթե պարզ լինի, թե ինչպես պետք է համագործակցեն պետական մարմինները իրազեկման հարցում, ապա ֆեյսբուքյան փորձագետներն էլ ամեն հարցում չեն դառնա հիմնական վարկածների աղբյուր։

Եվ վերջում ավելացնեմ, որ հասունացել է նաև սոցիալական ցանցերում հանրային կապերի աշխատակիցների աշխատաոճի հստակ կանոնների ձևակերպման պահանջն ու իրականացումը պետական մարմինների կողմից։ Ընդ որում՝ այս հարցը հասունացել է արդեն առնվազն անցյալ տարի։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *