Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
media_trust

Գործընկերներս ինձ պարբերաբար հարցնում են Հայաստանում լրատվամիջոցների նկատմամբ վստահության մասին: Մեդիայի ո՞ր տեսակն ավելի շատ պահանջարկ ունի Հայաստանում, որտեղի՞ց են մարդիկ նախընտրում ստանալ տեղեկատվությունը:

Մեդիայի ոլորտի ծավալուն ու հրապարակային հետազոտություն Հայաստանում իրականացվել է 2013-ին՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի(ՀՌԿԿ) կողմից:

Այս աշխատանքն արդեն 3 տարվա հնության է, ու հետևաբար մեդիայի սպառումն ու լսարանի նախընտրությունները Հայաստանում պարզելու համար նոր հետազոտության կարիք կա:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության կայուն աղբյուր են նույն ՀՌԿԿ-ի Կովկասյան բարոմետր ծրագրով իրականացվող տարեկան հետազոտությունները: Դրանից վերջինն իրականացվել է 2015թ.-ին, տվյալները բավականին թարմ են:

Կովկասյան բարոմետրը լավ է նաև նրանով, որ տվյալները հասանելի են առանձին կայքում ու շատ հարմար են ուսումնասիրության համար:

Այսպես, ըստ բարոմետրի տվյալների՝ 2015-ին հարցվածների 27%-ը վստահում է մեդիային, իսկ 34%-ը՝ չի վստահում: Ընդ որում՝ 2008-ի լրատվամիջոցներին վստահողների թիվը կազմել է 41%՝ 14 նիշով անկում 6 տարվա ընթացքում:


Հետազոտությունը հնարավորություն է տալիս ծանոթանալու Հայաստանում հեռուստատեսության նկատմամբ վերաբերմունքին:

«Ինչպե՞ս են հեռուստատեսային լրագրողները տեղեկացնում բնակչությանը երկրում ընթացիկ իրադարձությունների մասին» հարցին պատասխանողներից 15%-ն է ընտրել «Լավ» պատասխանը: 33%-ի կարծիքով հեռուստատեսությունն ընթացիկ իրադարձություններն աղքատիկ է լուսաբանում:


Հեռուստատեսության նկատմամբ միտումները նկարագրող հաջորդ հարցն է՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանում հեռուստատեսային լրագրողները ծառայում են ձեզ նման մարդկանց շահերին»: Հարցվածների 24%-ն է համաձայն այս հարցադրմանը: 35%-ը համաձայն չէ, որ հեռուստատեսային լրագրողները ծառայում են իրենց շահերին:


Կովկասյան բարոմետրում մեդիայի աշխատանքի մասին այս հարցադրումները բավարար չեն խորը վերլուծությունների համար, սակայն տարիների կտրվածքով պատկերում են վիճակ, երբ մեդիայի նկատմամբ վստահությունը նվազում է: Ունենք նաև հեռուստատեսային լրագրողների վերաբերյալ որոշակի պատկեր, որտեղ նույնպես ընդհանուր վստահության անկման միտումներ կան:

Գեղամ Վարդանյան