razmig_hovaghimian_wikipedia

Ապրիլի կեսերին, երբ Երևանի մի հատվածում հարցումներ էի անցկացնում, թե քառօրյա պատերազմի օրերին մարդիկ հատկապես որ լրատվամիջոցի լուրերին են հետևել, անցորդներից մի քանիսը տվեցին մի անուն, որը լրատվամիջոց չէր: Մի քիչ էլ վիրավորական էր. պրոֆեսիոնալները ռեսուրսներ են ծախսում, նյութեր են ստեղծում, իսկ այս մեկը դրանք անվճար պատճենում ու տարածում է, անուն հանում, ի՞նչ իմանամ, գուցե նաև շահավետ «դափնիների» արժանանում:

Մինչ մտորում էի այս թեման ուսումնասիրելու և հրապարակում պատրաստելու մասին, ԱՄՆ-ում մի սկանդալ եղավ, որը, որքան էլ կարող է համեմատելի չլինել մեր այս խնդրի հետ, բայց երկու նմանություն, այնուամենայնիվ ունի: Նախ, վերաբերում է ուրիշի ստեղծած «կոնտենտը» քոփի-փեյսթ անելով տարածելուն, ապա՝ հայազգի մարդու անվան է առնչվում: Իսկ համեմատության եզր չկա հատկապես այն հարցում, որ ամերիկահայի գործարկած հարթակն, այնուամենայնիվ, 4 միլիոն դոլարի նախնական կապիտալ ունի:

«Մեկ պարզ հնարքո՞վ շահութաբեր դարձնել լրագրությունը. քոփի-փեյսթ արեք». այս հարցն ու հեգնական պատասխանն իր հոդվածի վերնագրում է դրել ամերիկյան The Daily Beast լրատվական, վերլուծական կայքի հեղինակ Լլոյդ Գրովը: 

Առիթը սա է. մայիսի 11-ին Նյու Յորքում գործարկվեց Ռազմիկ Հովագիմյանի խոշորածավալ հարթակը՝ Ripple.co-ն:

Սա ենթադրում է քաղաքային ամենաբազմազան լուրերի, պատմությունների տարածում, որոնք ստեղծում են տեղի պրոֆեսիոնալ լրագրողներն ու ոչ պրոֆեսիոնալ անհատները: Աշխարհի ցանկացած երկրի օգտատեր կարող է այդ հարթակում ավելացնել իր քաղաքը:

«Մեր նպատակը դեռևս անհայտ պատմությունների տարածումն է և համայնքների ամրացումն՝ իմաստալից զրույցներով». իրեն այսպես է ներկայացնում Հովագիմյանի կայքը:

The Daily Beast-ի հոդվածագրի փոխանցմամբ, Ripple.co-ի՝ Նյու Յորքում գործարկվելուց ժամեր անց նույնանման Gothamist կայքի հրատարակիչ Ջեք Դոբկինը նկատել է, որ միայն իրենց կայքի «Նյու Յորք» բաժնում  Ripple-ը 270 նյութ է նայել, դրանցից ընտրել շաբաթվա լավագույնները, առանց թուլտվության կամ վճարելու տեղադրել իր մոտ:

Այս մասին նա անմիջապես գրել է սոցցանցի իր էջում, իսկ Հովագիմյանին էլեկտրոնային նամակ հղել՝ սպառնալով, որ եթե այդ նյութերը չհանվեն, հաջորդ օրն արդեն փաստաբանից կստանան նույնաբովանդակ, բայց պաշտոնական դիմում:

«Սա նորարարություն չէ, սա գողություն է»,- Twitter-ի իր էջում գրել է Դոբկինը: Նույնանման բողոք ունի նաև տեղական DNAinfo.com-ի խմբագիր Մայքլ Վենտուրան:

This isn’t innovation, @onripple – it’s just theft- I can’t believe you launched without talking to any of the local publishers you pirated

— jake dobkin (@jakedobkin) May 11, 2016

40-ամյա Հովագիմյանը հենց նույն օրն ավելի ուշ զանգահարել է Դոբկինին, ներողություն խնդրել, իր կայքից հանել տվել Gothamist-ի բոլոր նյութերը, և հենց իր կայքում էլ հրապարակային ներողություն տեղադրել: The Daily Beast-ի հարցմանն ի պատասխան Հովագիմյանը նույնպես փոխանցել է իր ափսոսանքն ու ներողությունը, բացատրել, որ մի քանի հրատարակիչներից թույլտվություն ունեն՝ նրանց նյութերն իրենց հարթակում տարածելու, սակայն տեխնիկական սխալի պատճառով նյութեր են վերցվել նաև այնպիսի կայքերից, որոնց հետ նման պայմանավորվածություն չկա:

Հոդվածի հեղինակի կարծիքով, Հովագիմյանը շատ հեշտ է ստացել Սիլիկոնի հովտի «ձեռնարկատեր կապիտալիստների աստղային թիմի ֆինանսական աջակցությունը, ներառյալ՝ Google-ի Էրիկ Շմիդտինը: 4 միլիոն դոլար է հավաքվել (…)՝ լրատվական հարթակը կյանքի կոչելու համար, որը Վենտուրայի բնորոշմամբ՝ վերջին հաշվով դուրս եկավ «քոփի և փեյսթ անելու հարթակ… չէ, ներողություն, դուրս եկավ՝ գողանալու և որպես քոնը ներկայացնելու հարթակ»:  

Ջեք Դոբկինը դառնացած է, որ բազում լրագրողներ մեծ ջանքեր ու ժամանակ են ծախսում նյութ պատրաստելու համար, որ «դրանք ավտոմատ կերպով արտադրելու որևէ մեթոդ չկա: Եվ կարող եմ ասել, թե ինչու ոմանք չեն ուզում վճարել և նախընտրում են այսպես վարվել»:

Նրա դիտարկմամբ, «տեխնոլոգիաների վրա կենտրոնացած Սիլիկոնի հովտին բովանդակությունը սովորաբար շատ քիչ է հետաքրքրում: Հովտի թվային գուրուները հաշվի չեն առնում նյութերի համար թափվող քրտինքը, ջանքերը, երբեմն՝ արցունքները: Բովանդակությանը նրանք նայում են որպես իրենց կերակրատեսակի ընդամենը մի փոքր բաղադրիչի. չնայած այս դեպքում այն գլխավոր բաղադրիչն է»:

Դոբկինի այս ասածի տակ, կարծում եմ, Հայաստանում կստորագրեն պրոֆեսիոնալ մեդիայի շատ ղեկավարներ և աշխատակիցներ:

Ո՞վ է «հայազգի Ցուկերբերգ»՝ Ռազմիգ Հովագիմյանը

Ռազմիգ Հովագիմյանը ծնվել է Կահիրեում, 16 տարեկանում տեղափոխվել Լոս Անջելես, ավարտել Կալիֆոռնիայի Բրքլի համալսարանը: Աշխատել է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, ապա վերադարձել ԱՄՆ, ավարտել Սթանֆորդի բիզնես դպրոցը:

2013թ. Հովագիմյանը 200 միլիոն դոլարով ճապոնական «Ռակուտեն» կորպորացիային վաճառեց իր ստեղծած Viki-ն: Համաշխարհային առցանց վիդեո ծառայությունը սկզբում ստեղծվել էր որպես լեզու սովորեցնելու հարթակ՝ առցանց վիդեոների վրա տիտրեր տեղադրելու միջոցով: Աշխարհի տարբեր երկրներից կամավոր թարգմանիչներն աշխատում էին 100 լեզուներով: Շուտով Viki-ն վերածվեց պարզապես վիդեո կայքի. մարդիկ այստեղ տեղադրում էին իրենց հավանած տեսաշոուները:  

2010-ին Հովագիմյանն ընկերությունը գրանցեց Սինգապուրում, այնտեղ կենտրոնական գրասենյակ բացեց և առաջին անգամ վարձատրվող աշխատակիցներ վերցրեց: Viki-ն մասնաճյուղ գրասենյակներ ունի նաև Սան Ֆրանցիսկոյում, Սեուլում և Տոկիոյում: 2013-ին վաճառելիս այն աշխարհի ամենատարբեր երկրներում ամսական 22 միլիոն դիտող ուներ:

Ռազմիկ Հովագիմյանը կարճամետրաժ մի շարք ֆիլմերի պրոդյուսերն է եղել, հիմնականում՝ ճապոնական ( իսկ 2003-ին՝ ռեժիսոր Արմեն Հովհաննիսյանի): 2014-ի՝ «Օհ, Լյուսի» ֆիլմը, որի գործադիր պրոդյուսերն է նա, Տորոնտոյի կինփոռատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում գովասանական վկայագրի արժանացավ:  (ռեժիսոր՝ Ացուկո Հիրայանգի):

Ռազմիգ Հովագիմյանը տիկնոջ և զավակների հետ ապրում է Սան Ֆրանցիսկոյում:

Ռուզան Խաչատրյան