-Դե՜հ, պարապ մի նստի,-ասաց քարտուղարն՝ ակնոցն ուղղելով ու նոր գործի պատրաստվելով,- նյութ չունենք, մի բան գրիր ձեռաց:
-Տրամադրություն չունեմ:
-Շատ մի’խոսիր, գրիր, հոգիս դուրս է գալիս մենակ: Գիշերն էլ մինչև ժամը երկուսը տպարանումն եմ անցկացրել, որովհետև սրբագրիչը հիվանդացել է: Ես վախենում եմ վաղը չէ մյուս օրը ցրիչի դեր էլ կատարեմ:
-Ու՞ր է խմբագիրը, ինչու՞ չի օգնում:
-Գնացել է փող ճարելու, որովհետև տպարանատերը սպառնացել է, որ եթե այսօր փող չստանա, համարը բաց չի թողնի (…) : Էգուց-էլօր բաժանորդագրություն ենք բանալու, թերթը պետք է կանոնավոր հրատարակենք, որ բաժանորդները չխրտնեն , և հանկարծ՝ այսպիսի խայտառակություն…Գրիր, գրիր, խոսելու ժամանակ չկա:
-Ի՞նչ գրեմ:
-Ինչ ուզում ես: Ուզում ես՝ լուսնի մասին, ուզում ես ՝ աստղերի, միայն թե թերթը լցնենք:
Այս երկխոսությունը, նույն հաջողությամբ, այսօր էլ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր թերթի խմբագրությունում: Օրաթերթի համար չափազանց արդիական խնդիր է՝ նյութ չկա, իսկ թերթը մի քանի ժամից պիտի տպարան ուղարկվի, փող չկա, խմբագիրը պետք է զբաղվի այն հայթայթելով, տպարաններին վճարվող գումարները թերթերի համար չափազանց զգալի են…
Զրուցակիցներից մեկի անունը միտումնավոր հանել էի՝ զրույցին ժամանակակից բովանդակություն տալու համար: Իրականում, խոսքը 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայկական մամուլի պատմության մի դրվագ է, մի հատված ՝ Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքից: Գլխավոր հերոսն էլ թերթի աշխատակից, գրող, թղթակից Պատրիկյանն է:
Ժամանակակից մամուլի խնդիրները, լրագրողների առաջ դրված մասնագիտական պայմաններն այսօր, խոշոր հաշվով, նույնն են, ինչ 19-րդ դարի սկզբին լույս տեսնող հայկական պարբերականներում: Ժխտել չի լինի. համացանցը, սոցիալական կայքերը տպագիր մամուլի համար խնդիրներ ստեղծում են: Ամենազգայունը սա է՝ այն, ինչ կարելի է անվճար կարդալ, ինչու՞ կարդալ՝ գումար վճարելով : Սակայն հետաքրքիր է, որ ծանոթանալով հայ մամուլի պատմագիրների աշխատություններին, գալիս ես եզրակացության, որ տպագիր մամուլի առաջ եղած խնդիրներն այսօր նույնն են, ինչ այն ժամանակ, երբ համացանցի մասին անգամ պատկերացում չունեին:
Վկան՝ Թեոդոս Միհրդատյանցի աշխատություններից մեկը՝ «Ցուցակ հայկական լրագրաց և հանդիսից», որտեղ հեղինակը ներկայացրել է իր դիտարկումները՝ ուսումնասիրելով 1874-1863 թթ. լույս տեսնող 77 պարբերականները (ՙՓարիզ, 1863, թ. 96 ): Ըստ նրա՝ հայկական մամուլի վիճակը նշված շրջանում անմխիթար էր:
Պատճառներից մեկը բանիմաց ու փորձառու խմբագիրների պակասն էր, մյուսը՝ հայ ընթերցողների մարած հետաքրքրությունը մամուլի հանդեպ՝ պայմանավորված նյութական վատ վիճակով:
19-րդ դարի երկրորդ կեսի հայ պարբերականների համար այսօրվա մեր առաջատար թերթերի տպաքանակը՝ միջինը 2000 օրինակ, պարզապես շքեղություն է: Դատեք ինքներդ. ըստ Միհրդատյանցի՝ թերթերն ու հանդեսներն անգամ 500 «ստորագրվող» (բաժանորդ-Լ.Ա.) չեն կարողանում ապահովել՝ գոյատևելու համար: Եվ նա այսպիսի խորհուրդ է տալիս. «Անփորձ ուսումնականները թող հառաջիկա 20-րդ դարուն սպասեն և այն ժամանակը հրատարակեն իրենց աշխատությունները, քանզի կարելի է, որ նույն դարուն մեջ այնքան ստորագրվող կրնան ունենալ»:
Ամենևին ժամանակավրեպ չեն բառարանագիր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ Փիլիպոս Ճամճյանի (1819-1853) հաղորդած տեղեկությունները՝ 19-րդ դարի առաջին կեսին լույս տեսնող հայկական պարբերականներին, լրագրողներին ներկայացված պահանջների մասին: Նա իր «Ազգային լրագրաց ու օրագրաց օգտակար գործածությունը» հոդվածում
(«Եվրոպա», 1848, թ.19) անդրադառնում է լրագրության կանոններին.
«Տրված լուրերը նոր, օգտակար ու ազգին վիճակին հարմար պիտի ըլլան, դեպքերուն ժամանակը պիտի նշանակվի, լեզվին ոճը մաքուր և օտար ու ռամկական խառնվածքներե ազատ պիտ որ ըլլա, ածականներն ու պատվանունները որչափ որ կարելի է նե՝ քիչ, կարգը դյուրիմանալի, գրվածքը՝ զվարթ ու ընտանեկան ընթացքով մը, բայց պետք չէ ծիծաղեցնելու աշխատիլ: Թղթակից-հեղինակները որքան շատ լինեն, այնքան լավ, քանի որ յուրաքանչյուր նյութ կատարյալ դարձնելու համար անհրաժեշտ է, որ գիտուն, մասնագետ մարդիկ գրեն դա: Եվ որովհետև այս ամենն արվում է ազգի (ժողովրդի) օգտակարության, առաջադիմության նպատակով, ապա ինչ որ խրախուսելի է, պետք է կատարել և ինչ որ վնասակար՝ խուսափել դրանից: Այդ պատճառով էլ ազգային լուրերը, մեր կյանքում տեղի ունեցող նշանակալից երևույթները, ժողովրդի զարգացմանը նպաստող գաղափարներն ու գիտության հայտնագործությունները անպակաս պիտի լինեն մեր լրագրերի մեջ»:
Ըստ էության՝ ժամանակակից լրագրության կանոններին չզիջող պահանջներ են, եթե նկատի առնենք, որ «ազգի, ժողովրդի օգտակարության», այսինքն՝ օբյեկտիվությունը ազգային խնդիրներին ստորադասելը, թերևս պայմանավորված էր քաղաքական իրավիճակով և օտար, երբեմն՝ ոչ բարեկամական միջավայրում տպվելու փաստով:
Բայց ի՛նչ արժե հաջորդ պահանջը. «Ասոր ալ նայելու է, որ գրված բանը հաստատուն սկզբան մը կապվի և ոչ թե ասոր-անոր նախապաշարմանը հետևելով կամ ժամանակին դյուրափոփոխ պարագաներուն համարելով կամ միայն մարդու մը կամ ոմանց հաճո ըլլալու և կամ իր կողմը մարդ շահելու մտքով շարադրվի: Անոր համար լավագույն է, որ բանի մը ճշմարտությունը բոլորովին հայտնի չեղած ատեն մեկ կողմ մը չբռնվի, հապա երկու կողման ալ պատճառները դրվելով՝ իմաստուն կարդացողներուն թող տրվի , որ իրենք կարդալով կշռադառեն: (…) Դարձյալ լրագիր գրողները պատմաբան ըլլալով՝ մեծ զգուշություն մըն ալ աղբյուրներու և թղթակիցներու ընտրության մեջ պիտ որ ընեն, որոնք ճշմարտասեր և ճշմարտախոս պետք են ըլլալ, բան ճանչցողներուն առջևը հարգ ունենալ, երևելի խնդիրներուն մեջ ըսածնին հաստատուն տեղե մը ստուգելնին բացահայտցուցնել և, վերջապես, անանկ պիտի ըլլան, որ ո՜չ իրենք խաբվին, ո՜չ ալ կարդացողները խաբեն»:
19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի սկիզբ, քաղաքական ու տնտեսական ամենաբարդ պայմաններում անգամ տպագիր մամուլը հաղթող դուրս եկավ: Այսօր թերթերը ևս կարող են լրատվական կայքերից գերադասվել, եթե լինեն էքսկլյուզիվ ու հետաքրքիր, անգամ, ինչպես Պատրիկյանի թերթում՝ աստղերի ու լուսնի մասին գրելիս:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: