2016.02.22,

Քննադատ

Ի պետս «դիկտոֆոնային» լրագրության

Վերջերս ինձ փոխանցեցին մեր լրագրողներից մեկի տրտունջը, թե լրիվ «դիկտոֆոնի շտատիվ» ենք դարձել: Թարգմանեմ «լրագրողերենից» հայերենի՝ ստիպված են նույնությամբ սղագրել միջոցառումների ժամանակ ասվածը՝ չեն կարողանում սեփական դատողություններն ու վերաբերմունքը ներդնել հրապարակման մեջ:

«Դիկտոֆոնային» լրագրություն բնորոշումը հարգելի գործընկերներս գործածում են նաեւ այն իմաստով, թե ձայնագրիչին ապավինած՝ ուղեղն անջատում են, ու չեն էլ ստուգում ու քննում ասվածը:
Վերջին դիտարկմանը համաձայնելով՝ այնուամենայնիվ, ուզում եմ խոսք ասել ի պաշտպանություն «դիկտոֆոնային լրագրության»:

Փաստարկ համար մեկ:

Նախ՝ մեջբերումների ճշգրտությունը: Համեմատեք նույն ասուլիսի, նույն բանախոսի խոսքի մեջբերումը տարբեր կայքերում: Եթե չալարեք՝ համադրեք մի հինգ-տաս կայքի նյութ: Եվ կստանաք հինգ-տասը տարբեր մեջբերում:

Ու պարզ է, թե ինչու է այդպես՝ հենց ասուլիսի վայրում համակարգչով նյութը գրող գործընկերներս, իրարից լուրը գոնե մի քանի րոպե շուտ տալու ազնիվ մղումով՝ ժամանակ, իսկ գուցե նաեւ  հավես չեն ունենում ձայնագրիչից վերծանել ու ընթերցողին ճշգրտորեն փոխանցել ասվածը:

Եվ եթե չլինեին այդ միջոցառումներից արված տեսագրությունները՝ որեւէ մեկն այդպես էլ չէր իմանա, թե իրականում ստույգ ի՞նչ է ասել այդ մարդը, արդյոք նրա խոսքը համատեքստից կտրվա՞ծ էր, թե ոչ:

Փաստարկ համար երկու:

Լուրերն ու մեկնաբանությունները չխառնելու պահանջը մեր մասնագիտական ու էթիկական այբուբենի՝ եթե ոչ «այբ»-ը, ապա հաստատ «բեն»-ն է:

Թեեւ հասկանալի է, որ քաղաքականացված շատ լրագրողների համար գուցե անհանդուրժելի է իրենց վերաբերմունքն ու կողմնորոշումները ռեպորտաժներում չարտահայտելու պահանջը: Ֆեյսբուքյան քննարկման ընթացքում գործընկերիցս մեկը սա անգամ «երկրի ողնաշարը ջարդող մոտեցում» անվանեց՝ պնդելով, թե նման մոտեցումը երրորդ երկրների համար է:

Այսուհանդերձ՝ հիշեցնեմ, որ այդ պահանջը կա եւ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրում՝ «Հստակ սահմանազատել փաստերի եւ տեղեկությունների շարադրանքը՝ կարծիքներից, վերլուծություններից եւ մեկնաբանություններից», եւ առցանց լրագրողի վարքականոնում. «Լուր հաղորդելիս ձեռնպահ մնալ մեկնաբանություններից. լրագրողի սեփական կարծիքը լուրի մեջ պետք է բացակայի, լրագրողի կողմնակալ վերաբերմունքը հրապարակման մասնակիցների և փաստերի նկատմամբ պետք է հնարավորինս բացառվի կայքում»:

Փաստարկ համար երեք:

Այն, իհարկե, փոխկապակցված է երկրորդ փաստարկին, եւ մի քիչ էլ անձնական է: 1993-ին, երբ աշխատանքի առաջարկ ստացա «Ազատություն» ռադիոկայանից, հայկական ծառայության այն ժամանակվա ղեկավար Մարտո Սողոմյանն ինձ ուղղակի ասաց, թե քո անձնական կարծիքը մեզ չի հետաքրքրում՝ դու պարտավոր ես խոսափող լինել փոխանցելու հանրության  տեսակետները, քաղաքական, հասարակական կամ այլ շրջանակների դիրքորոշումները:

Այն ժամանակ այդ պահանջն ինձ սահմանափակում թվաց, բայց հիմա ինքս էլ եմ այն փոխանցում երիտասարդ գործընկերներիս:

Ու սա կարծիք արտահայտելու սահմանափակում համարողներին նաեւ կհարցնեի՝ իսկ ձեզ ինչո՞ւ է թվում, թե ընթերցողը, ունկնդիրը կամ հեռուստադիտողը ցանկանում է, որ դուք իրեն ոչ թե փաստն անխաթար փոխանցեք, այլ հայտնեք դրա վերաբերյալ ձեր կարծիքը, լուր-կերակուրը ողողեք վերաբերմունքի սոուսով ու նոր մատուցեք «հաճախորդին»:

Այդքան կարկառուն դե՞մք եք՝ հաստատ կգտնվի մեկը, որ ձեզնից մեկնաբանություն կխնդրի, եւ այդժամ կշարադրեք սեփական մոտեցումները եւ խիստ հեղինակավոր պատկերացումները:
Ծայրահեղ դեպքում՝ բլոգ բացեք, շարադրեք այնտեղ անձնական տպավորությունները, հայտնեք ձեր ի խորոց սրտի «յախքը» կամ անկեղծ հիացմունքը:

Բայց երբ պետք է լուսաբանեք միջոցառումը՝ այո, պարտավոր եք գրեթե «դիկտոֆոնի շտատիվ» լինել: Եվ եթե ունեք էլ ինչ որ միջամտության հնարավորություն՝ միայն այն է, թե ինչ եք ընտրում ներկայացնելու համար, եւ ինչպես եք զարգացնում թեման՝ ճշտում ասվածը կամ պարզում մյուս կողմի տեսակետը: Սակայն սա այլ անդրադարձի առարկա է:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *