2016.02.15,

Քննադատ

Իսկ վնասը փոխհատուցելու ենք մե՛նք

author_posts/german-avagyan
Գերման Ավագյան
twiter

Լուսանկարիչ

Դուբայի (ՄԱԷ) օդանավակայանում ծառայող ոստիկանն իր բջջային հեռախոսով նկարել էր արգենտինացի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ակումբի և Արգենտինայի հավաքականի աստղ Լեոնել Մեսսիի անձնագիրը։ Սա՝ դեռ ոչինչ։

Օրենքի պահապանն այս «ստեղծագործությունը» նաև տեղադրել էր սոցցանցի իր էջում։ Ոստիկանին դատարան կանչեցին և մեղադրանք ներկայացրին՝ մարդու անձնական կյանք ներխուժելու համար։ Ոչ շատ երկար դատաքննությունից հետո ոստիկանն ընդունեց իր մեղքն ու հայցեց ֆուտբոլիստի ներողամտությունը։ Եվ չնայած ներողությանը՝ նա ստիպված եղավ մեկ ամիս անցկացնել բանտախցում։ Արաբական Միացյալ Էմիրություններն այս կերպ իր երեսը պարզ արեց ողջ աշխարհի առջև։

2015 թվականի հունիսին՝ Բաղրամյան պողոտայի վրա ծավալված բողոքի ակցիայի ամենաբուռն շրջանում, Հայաստանի ոստիկանապետի խորհրդականը, շրջելով (բնականաբար՝ ոստիկանների ուղեկցությամբ) ակցիայի մասնակիցների շարքերի միջով, նկատում է ասիական արտաքինով մի երիտասարդ կնոջ։ Խորհրդականները հենց այնպես չեն զբոսնում հանրահավաքների ժամանակ։ Նրանք միշտ ծառայության մեջ են. դե պարզ է՝ մեր երկրի թշնամիների դավադրություններն են հայտնաբերում։

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջը

Ամենայն հավանականությամբ, զբոսաշրջիկ աղջկա շեղ աչքերը կասկած հարուցեցին, թե նրան «մթության քողի տակ» ֆինանսավորում են Ասիայի գաղտնի ծառայությունները։

Խորհրդականին ուղեկցող ոստիկանները կալմեջ արեցին՝ շրջապատեցին Հարավային Կորեայի քաղաքացուն և փաստաթղթեր պահանջեցին։ Կարծես ամեն ինչ կարգին էր, բայց ոստիկանապետի աչալուրջ խորհրդականը որոշում է իր բջջային հեռախոսով «անմահացնել» զբոսաշրջիկին…

Հարավկորեացի զբոսաշրջիկի նկարը Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջում

Այսքանով չի բավարարվում՝ անձնագի՛րն էլ է նկարում։ Սա էլ է քիչ թվում՝ աղջկա ու անձնագրի նկարներն էլ է տեղադրում սոցցանցում։ «Հասանելի է բոլորին» կարգավիճակով։

Լուսանկարը ոչ մի «լայք» չի ստացել, բայց մինչ օրս զարդարում է խորհրդականի ֆեյսբուքյան էջը։ Ողջամտության բոլոր կոչերը (նաև՝ նամակով), խորհրդականին ուղղված մեր խորհուրդներն անտեսվեցին։ Մինչ օրս լուսանկարն «իր տեղում է»։

Հարավկորեացի զբոսաշրջիկի անձնագրի նկարը Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջում

Մեր փառապանծ ոստիկանությունն այս նույն խորհրդականի թեթև ձեռքով մամուլի կրակահերթի տակ էր հայտնվել բողոքի ակցիայի մասնակից, երկու հայ երեխաների մայր, Ռուսաստանի քաղաքացու հասցեին վարկաբեկիչ մտքեր հայտնելու համար։ Սարերի հետևում չէ նաև հարավկորեացի աղջկա դիմումը ցանկացած միջազգային (ո՛չ հայկական) դատարան՝ իր անձնական կյանք խցկվելու համար բարոյական վնասի հատուցման պահանջով…

Միակ բանը, որ վստահաբար կարող եմ պնդել, այն է, որ վնասը փոխհատուցողը ՀՀ ոստիկանապետի խորհրդականը չի լինելու, այլ Հայաստանը։ Իր պետբյուջեից։ Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիներիս գրպանից։

Ի դեպ, ներկայացված նկարում հարավկորեացու ինքնությունը թաքցնող միջամտությունն իմն է, հանկարծ չմտածեք, թե խորհրդականն իրեն նման «նեղություն է տվել»։

Գերման Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *