2015.07.24,

Քննադատ

«Ոսկե ծիրանը» դուրս էր սոցիալական մեդիայից

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ցանկացած խոշոր իրադարձություն, որը հանրային ներգրավվածություն է ենթադրում, ի վերջո, սփռվում է սոցիալական մեդիայում: Եվ հաջող է ստացվում, երբ սփռման խթանը տալիս է իրադարձության պատասխանատուն:

Խոսքը հատկապես միջազգային փառատոնների, մրցաշարերի կամ հստակ ժամանակահատվածում ձգվող իրադարձությունների մասին է: Դժվար է հասկանալ, թե ինչու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը չի փորձում ակտիվորեն օգտագործել սոցիալական մեդիան՝ փառատոնային ֆիլմերի, հյուրերի մասին լուսանկարները, կարճ վիդեոնյութերն ու տեքստերը տարածելու համար:

Այս տարի, օրինակ, ասուլիսներն ու վարպետության դասերը անցնում էին աննկատ՝ ոչ մի հետք չթողնելով զանգվածային բնույթ կրող սոցցանցերում: Մինչդեռ եթե փառատոնը օգտագործեր իր երիտասարդ կամավորների ներուժը, կարելի էր հաճելի ու օպերատիվ լայվբլոգինգ անել՝ առցանց ռեժիմով վարպետների խոսքից մեջբերումներ ու լուսանկարներ հրապարակել:

Եվ դա անել նաեւ անգլերենով, քանի որ, ի վերջո, ցանկալի է ընդգծել փառատոնի ոչ թե տեղային նշանակությունը (ճաշկերույթներով, կաթողիկոսի, նախագահի հետ հանդիպումներով ու էլի ճաշկերույթներով), այլ պրոֆեսիոնալ զրույցները՝ իրենց օրիգինալ լեզվով:

Սոցիալական մեդիան գործիք է փառատոնային մարտավարությունը առաջ տանելու համար, որը թույլ է տալիս խուսափել սխալներից, անճշտություններից (անունների, վերնագրերի):

Փառատոնը սոցցանցերի իր պաշտոնական էջերում կարող է ֆիլմերի վերնագրերն ու հյուրերի ուղիղ խոսքը տարածել՝ իր սեփական հիերարխիայի համաձայն: Օրինակ՝ տարածել այն միտքը, որն ավելի շատ վերաբերում է կինոյին ու մասնագիտությանը, այլ ոչ թե սոսկ դատարկ ու կմկմացող տուրիստական հիացմունքներին, որոնց հիման վրա էլ հայաստանյան լրագրողների մեծ մասը հոդվածներ է գրում:

Հետաքրքիր է, որ «Ոսկե ծիրանը», լինելով Հայաստանի ամենասպասված ու մարդաշատ մշակութային իրադարձությունը, ավելի ու ավելի է ձգտում ներկայացված լինել հեռուստատեսությունում, քան Թվիթերում կամ Ֆեյսբուքում:

Այսինքն՝ նախընտրում է ավելի ուշ արձագանքման (իսկ հեռուստատեսությունը միշտ ուշանում է) մեդիան: Եվ բոլորովին անտեսում է տեղեկության արագ, ֆրագմենտար ու ինտերակտիվ տարածումը:

Սոցիալական մեդիան հետադարձ կապի վրա է հիմնված, որի շնորհիվ ցանկացած տեքստ (նույնիսկ մի քանի բառանի) մուտք է գործում մեկնաբանությունների ու քննարկումների դաշտ, իսկ հեռուստատեսությունը եղել ու մնում է խաղ, որին լսարանը չի մասնակցում: Հեռուստալսարանին հրամցնում են՝ առանց թույլ տալու նրան մասնակցել:

Սոցիալական մեդիայում աշխատելու բացը հատկապես զգացվում էր «Ոսկե ծիրանի» մրցանակների հանձնման ժամանակ, երբ բեմում առաջացել էր խառնաշփոթ՝ շնորհվող «ոսկե ծիրանների» ու «արծաթե ծիրանների» հարցում:

Անորակ թարգմանության ու բեմադրական վրիպումների պատճառով անհասկանալի էր մնում, թե ժյուրին ինչ հերթականությամբ է հնչեցնում մրցանակիրների անունները: Ինչպես նաեւ տեղ չէին հասնում նրանց ձեւակերպումները, որոնք, ըստ ժյուրիի, ֆիլմի արժանիքներն են:

Մեծ ուշացումով ու այն էլ շարքային հանդիսատեսի շնորհիվ սոցիալական մեդիայում կենդանի ռեժիմով երբեմն գրառումներ էին հայտնվում:

Թեեւ #GoldenApricot ու #GAIFF հեշթեգերը այդպես էլ ակտիվորեն չկիրառվեցին (բացառությամբ Ինսթագրամի) ու թույլ չտվեցին աշխարհին (ցանկության դեպքում) հետեւել կինոփառատոնի անցուդարձին:

Թվիթերում բացված «Ոսկե ծիրանի» էջում, օրինակ, 2011-ից մինչ այսօր ոչ մի գրառում չի արվել: Իսկ Ֆեյսբուքի էջի հրապարակումները կարելի է մատների վրա հաշվել (փառատոնի օրերին վերջին հրապարակումը արվել է փառատոնի երկրորդ օրը), եւ դրանք հիմնականում հոդվածների վերատպումներ են, բայց ոչ սեփական դեմք ստեղծելու փորձ:

Իսկ դեմքը, թերեւս, այն բանն է, ինչն անընդհատ պետք է ընդգծել ու պահպանել, հակառակ դեպքում՝ կարելի է հայտնվել անգույն պաշտոնական միջոցառումների շարքում, որոնք իրենց բնույթով բացառում են ցանկացած հետադարձ կապ:

Առանց խելացի կապի ու հաղորդակցության՝ բավականին արագ կորում է այն լիցքը, որը կուտակվել էր կինոփառատոնի գոյության 12 տարիների ընթացքում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *