2015.04.16,

Քննադատ

Նախապատմություններ. ինչու՞ էր Մեհրիբան Ալիեւան վերականգնում Հռոմի կատակոմբները

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Իրադարձային իմաստով այնքան հարուստ շաբաթ, ինչպիսին նախորդն էր, տարին մեկ-երկու անգամ պատահի-չպատահի։ Հայկական մեդիան բավականաչափ ակտիվ լուսաբանեց ամերիկահայ աստղի այցը եւ Եղեռնի զոհերի հիշատակին Հռոմի պապի մատուցած պատարագը, բայց ժանրային առումով, ըստ իս, բացեր եղան։

Նախեւառաջ՝ հարցազրույցների բացակայությունը իրադարձությունների գլխավոր դերակատարների հետ։

Զարմանալի մետամորֆոզը, որ կրեց Քիմ Քարդաշյանի հանդեպ հայկական մեդիայի ու սոցցանցերի վերաբերմունքը՝ մեղադրական-քամահրականից մինչեւ հիացական, կարող է մոռացության մատնել ամեն ինչ, բայց քանի որ Քիմի այցի մասին խոսվում էր ամիսներ շարունակ, բացառված չէ, որ վաղօրոք դիմելու դեպքում որեւէ լրատվամիջոց բացառիկ հարցազրույցի իրավունք ստանար։

Կարծում եմ, որ մեդիա լսարանին շատ կհետաքրքրեր նաեւ, եթե որեւէ մեկը փորձեր բացատրել Քիմի հայտնիության պատճառը, նրա հաղորդումներից հատվածներ ներկայացներ ու վերլուծեր։ Քանի որ դա չի արվել (ինքս արտասահմանում էի, այնտեղից եմ հետեւել, փնտրտուքս արդյունք չի տվել), շարունակում է իր արժանի վերլուծությանը սպասել ամերիկյան գերաստղի հանդեպ հայ հանրության վերաբերմունքի առեղծվածային փոփոխությունը. միգուցե նաեւ Քիմի լռությունն է նպաստել դրան։

Հռոմի պապի մատուցած պատարագին ներկա էր Սերժ Սարգսյանը, հետեւաբար նրան ավանդաբար ուղեկցող լրատվամիջոցները տեղյակ էին եւ կաթոլիկական աշխարհի առաջնորդին հարցազրույց ստանալու բոլոր հիմքերն ունեին։

Ֆրանցիսկոս պապի կողմից Ցեղասպանության փաստի հիշատակումը թերագնահատել չի կարելի, բայց այստեղ եւս ոգեւորությունը փոխարինեց վերլուծություններին։ Ավելին՝ Վլադիմիր Կարապետյանի փորձագիտական նոթերը վիրավորանքների արժանացան ԱԺում մեծամասնություն կազմող ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի կողմիցժամանակին քաղաքական ներկապնակի մեջ մի լավ լղոզված, բայց այդպես էլ երիտասարդ կադր մնացած Վովա, նույն ինքը Վլադիմիր Կարապետյանը…»)։

ՀՀԿ-ական պատգամավորին դուր չէր եկել, որ Վլադիմիր Կարապետյանը հիշեցրել է, որ «Պապն ընդամենը կրկնել է Հովհաննես Պողոս Երկրորդի՝ 2001թ. արտասանած խոսքերը», բայց մեր քաղաքագիտության (նաեւ լրագրության) թերություններից մեկը կարճ հիշողությունն է (մեկնաբանելը յուրաքանչյուրի գործն է)։

Մեդիայում տարածված այս նամակին հակադարձեց Վլադիմիր Կարապետյանը (բանավեճի ծավալմանը կարելի էր հետեւել «Ա1+»-ի կայքում), բայց միայն նրա հիշատակած ադրբեջանա-իտալական պայմանագիրը չէ, որ Հայաստանի համար շահեկան չէր 2015-ի նախօրեին։

Հայկական մեդիան չի անդրադարձել, բայց ադրբեջանական կողմը ուրիշ ջանքեր էլ է գործադրել, որպեսզի Վատիկանն ավելի մեղմ դիրքորոշում ունենար Ցեղասպանության հարցում։ Մասնավորապես՝ դեռ 2012 թ.-ին՝ Բենեդիկտոս պապի օրոք, Մեհրիբան Ալիեւան Սուրբ Աթոռի հետ քրիստոնեական կարեւորագույն սրբություններից մեկի՝ Հռոմի կատակոմբների վերականգնման պայմանագիր է ստորագրել Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից։

Նա դա բացատրել է պատմական, այդ թվում՝ նաեւ քրիստոնեական հուշարձաննների հանդեպ Ադրբեջանի բուռն սիրով։ Ջուղայի խաչքարերի ջարդից մի քանի տարի անց։ Եվ Սուրբ Աթոռը չի մերժել պայմանագիրը՝ հիշեցնելով հազարավոր խաչքարերի ոչ վաղեմի ջարդը։

Սա պատճառներից մեկն է, որ թուրք-ադրբեջանական քարոզչությունը ցավագին է տանում Հռոմի պապի պատարագը, բայց հազիվ թե հղում անի դրանց, իրադարձությունների նախապատմությունը պատկերելը, ենթիմաստները բացահայտելը ոչ թե մեր քաղաքական գործիչների, փորձագետների, մեդիայի նույնիսկ բացառիկ արժանիքը, այլ պարտականությունը պետք է լինեն։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *