2014.10.21,

Քննադատ

Պատի արձան, որի միջով լրագրողին անցնել է պետք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Եթե քաղաքային լանդշաֆտում որևէ մասնագետի հավաքական կերպար է տեղադրվում, ուրեմն դա պատահական չէ: Ուրեմն, քաղաքի իշխանությունները կարևորում են ոչ թե կոնկրետ մարդու, այլ հենց նրա մասնագիտությունը: Եվ միաժամանակ ի ցույց են դնում սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին է այդ մասնագիտությունը:

Ի վերջո, հանրային տարածքներում արձան տեղադրելը մասնավոր գործ չէ (անգամ եթե ֆինանսավորողը հիմնադրամ է կամ անհատ), ըստ կանոնակարգի`ցանկացած արձան մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ է իր տեղը գտնում: Կամ չի գտնում:

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում Երևանում հայտնվեց ձեռքում ֆոտոխցիկ բռնած և գլխով պատ կոտրող տղամարդու արձանը, որը մեր մայրաքաղաքի իշխանությունների պատկերացմամբ` լրագրող է: Ընդ որում` ոչ թե սովորական, այլ «անվախ, անկաշառ ու հայրենիքի նվիրյալ»:

Հենց այսպիսի գրառումով տախտակ կա, որը, թերևս, պիտի դիտողի մոտ կասկած չթողնի, որ երիտասարդ տղամարդը կաշառք չի վերցնում, իսկ նվիրումը պատի աղյուսներից զորեղ է:540

Եթե մի կողմ դնենք արձանի գեղարվեստական կողմը (որի մասին անգամ խոսելն անհարմար է, քանի որ այն սովորական անճաշակ գործ է), ապա կարող ենք ենթադրել, որ անվախ ու իր գործը լավ անող լրագրողը անպայման հզոր ֆիզիկական ուժ պիտի ունենա, այլապես պատը անհողդողդ կմնա, իսկ լրագրողը`արյունլվա:
 

 

Այս արձանը ուժեղ գլխի և ուժեղ վզի իսկական ձոն է: Այսինքն` այն մարդկային տիպարի, որը պատ տեսնելուն պես ոչ թե փորձում է հասկանալ, թե ինչու է այդ պատը կառուցվել, այլ առանց մտորելու ջարդելու գործի է անցնում: Եվ հետո հաղթանակած նվիրյալի պես վեր է բարձրացնում երկու մատները: Երևի ասում է` victory կամ էլ` երկու հատ ինչ-որ բան է մատնանշում:

Ցանկացած հայաստանցի գիտի, որ մեր հանրապետության լրագրողների ճնշող մեծամասնությունը երիտասարդ աղջիկներ են: Դրանում համոզվելու համար բավական է որևէ հեռուստաալիքով նայել մամուլի ասուլիսներից բաղկացած ռեպորտաժներն ու հաշվել թե քանի տղամարդ կա լրագրողների շարքերում: Շատ հաճախ տղամարդ չենք էլ տեսնում: Փոխարենը տեսնում ենք գեղեցիկ հագնված ու խնամված աղջիկների: Եվ բնական է, որ եթե այսօրվա լրագրողի հավաքական կերպար ենք ստեղծում, ապա այն պիտի իգական սեռի լինի:

Եթե մի պահ պատկերացնենք, որ նվիրյալ լրագրողը աղջիկ է, ապա այս արձանի կոմպոզիցիան երկիմաստ կընկալվի: Ի վերջո, այն բառելիեֆ չէ, որ միայն մեկ տեսանկյունից դիտվի, սա չորս կողմանի ռակուրս ունեցող ստեղծագործություն է: Մի կողմից գլուխ է, ձեռքրեր ու մեկ ոտք, իսկ մյուս կողմից` մյուս ոտքն ու … թիկունքում մնացած մարմնի այլ մասերը:

Իհարկե, կանայք ու տղամարդիկ աղյուսե պատերը տարբեր կերպ են կոտրում: Նախընտրելի կլիներ կանացի տարբերակի հետ էլ ծանոթանալ: Այդպես ավելի ազնիվ կլիներ, մանավանդ որ արձանի հիմքը հենց պատն է, այսինքն` ինֆորմացիոն այն պատնեշը, որը ինֆորմացիայի կրողները ցանկանում են անառիկ պահել:

Վիզուալ սիմվոլները, որոնք տեղադրվում են հանրային վայրերում, հաղորդակցության ձևեր են: Եվ այս արձանը հանրությանը շատ տարօրինակ և հնացած ուղերձ է փոխանցում. ընտելացնում է պատի գաղափարի հետ: Բազուկներդ ուժեղ են` նետվիր առաջ, ուժեղ չեն` հեռու մնա: Այդ տրամաբանության համաձայն` պատի ստորին մասում պիտի ջարդուխուրդ եղած մարմնի տարբեր մասեր, գանգեր ու վնասված տեխնիկա էլ պատկերված լիներ:

Մենք հո Լուսնի վրա չե՞նք ապրում, լուրեր ենք կարդում և տեղեկանում, որ ինֆորմացիոն պատի պահապանները լրագրողներից խլում են նկարահանող սարքերը, վնասվածքներ են հասցնում: Մի խոսքով` գլխից, ձեռքերից ու մարմնի տարբեր մասերից բռնում են, որպեսզի իրենց համար ոչ հաճելի ինֆորմացիոն արտահոսք տեղի չունենա: Եվ բռնում են հիմնականում աղջիկների, քանի որ լրագրողների մեծ տոկոսը հաստատ կոստյումավոր տղամարդիկ չեն:

Երբ արվեստի գործ համարվելու հավակնություն ունեցող ինչ-որ բան է արվում, պետք է հստակեցվի այդ ինչ-որ բանի ոճը: Այլապես անհեթեթ իրավիճակ կստեղծվի, ինչպես այս արձանի դեպքում, երբ պատը կոնկրետ է, տղամարդն ու նրա խցիկը` նույնպես, բայց մեզ առաջարկվում է այն դիտել սիմվոլիկ հայացքով: Ֆիզիկական ուժը ընկալել որպես մտքի ուժ, իսկ ամուր պատի կոտրումը` ազատ խոսքի արտացոլում:

Նաև դասական սիմվոլների համաձայն` ընդունել, որ փետուրներով գրված լրագրողական նյութերը հավերժ են: Ինչպես պոեզիան:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *