2013.09.20,

Քննադատ

«Փակ» հանդիպումները եւ բերանբաց միամիտները

Սկսենք տեսությունից: Լրագրողի եւ նրա աղբյուրի միջեւ հանդիպումն, ինչպես հայտնի է, կարող է լինել երեք տեսակի՝

  • Հարցազրույց. երբ ամբողջ խոսակցության նյութը լրագրողը կարող է հրապարակել:
    (Մնացած երկուսը ավելի հարմար է բնութագրել օտարալեզու եզրերով)
  • Background. աղբյուրը տեղեկություններ է հայտնում եւ դեմ չէ, որ լրագրողն իր նյութերում դրանք օգտագործի, բայց մի պայմանով, որ աղբյուրի անունը չհիշատակվի:
  • Off the record. Աղբյուրը նախօրոք զգուշացնում է, որ իր հայտնած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, պարզապես լրագրողը դրանք պետք է հաշվի առնի իր նյութերը գրելիս:

Ի դեպ, այս երեքը կարող են զուգորդվել, եւ հանդիպման մի մասը կարող է լինել հարցազրույց, երկրորդը՝ առանց վկայակոչելու տեղեկություններ՝ հրապարակման համար, երրորդը՝ տեղեկություններ չհրապարակելու պայմանով:

Հիմա հարցեր: Երբ ինֆորմացիա ունեցող մարդը պատրաստակամ է այն հայտնել ձեզ, ճի՞շտ է արդյոք հանդիպումից հրաժարվել, քանի որ այդ մարդը ձեզ դուր չի գալիս: Ինձ թվում է՝ սխալ է, այդպես կարող է վարվել քաղաքական գործիչը, ոչ թե լրագրողը:

Պե՞տք է արդյոք հարգել աղբյուրի զգուշացումը, երբ վերջինս նշում է, որ հանդիպումը անցնում է «background»-ի կամ «off the record»-ի ռեժիմում: Կարծում եմ՝ պետք է, որովհետեւ այդ պայմանավորվածությունը չհարգելով եւ ձեռք բերելով «բերանբացի» համբավ՝ դուք կարող եք կորցնել ոչ միայն այդ, այլեւ հնարավոր այլ աղբյուրների վստահությունը, ինչը բացասաբար կանդրադառնա ձեր նյութերի որակի վրա:

Այստեղ կա եւս մի շատ կարեւոր նրբություն. իմանալով ձեր «բերանբացության» մասին՝ աղբյուրը կարող է միտումնավոր ասպարեզ նետել որոշակի՝ իրեն հարմար տեղեկատվություն՝ դրա համար ոչ մի պատասխանատվություն չկրելով:

Այդպիսով, «բերանբացություն» դրսեւորելով՝ դուք վարվում եք ոչ միայն որպես հակապրոֆեսիոնալ, այլեւ որպես մանիպուլյացիայի ենթարկվող միամիտ մարդ՝ «լոխ»:

Վերջապես, արժե՞ արդյոք բաց կամ փակ հանդիպումների ժամանակ հարցնել ձեր աղբյուրին՝ «Ինչու՞ եք դուք այդքան վատ մարդ», «Ե՞րբ եք դուք ինքնասպանություն գործելու» եւ այլն: Երեւի չարժե, որովհետեւ դրանք լրագրողական հարցեր չեն, այսինքն՝ ուղղված չեն տեղեկատվություն ստանալուն եւ տարածելուն:

Հիմա տեսությունից անցնենք պրակտիկայի: Հայաստանի ներկայիս նախագահը, ինչպես նաեւ նախկինում Ռոբերտ Քոչարյանը, պարբերաբար հանդիպումներ է անցկացնում լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ դրանց բովանդակությունը չհրապարակելու պայմանով:

90-ականներին, որքան հիշում եմ, այդպիսի խոսակցությունների կարիք էր զգում միայն Վազգեն Սարգսյանը: (Նման զրույցներն աշխարհում տարածված պրակտիկա են):

Մեր նախագահների, ինչպես նաեւ ԱԳ նախարարներ Օսկանյանի եւ Նալբանդյանի հետ այդ փակ հանդիպումների մեծ մասին ես հրավիրված էի եւ մասնակցում էի: Ի՞նչ սկզբունքով են ընտրվում այս, ոչ թե այն լրատվամիջոցների ղեկավարները՝ այդ հարցն իմ իրավասության մեջ չէ եւ ինձ առանձնապես չի հուզում:

Համենայնդեպս, նման շփումների բազմամյա փորձը ցույց է տալիս, որ խնդիրը փոխադարձ ջերմ կամ քնքուշ զգացմունքները չեն, որովհետեւ այդ հանդիպումներին մասնակցում էին նաեւ խիստ ընդդիմադիր խմբագիրներ, որոնք բարձրաստիճան պաշտոնյային տեսնելիս իրենց քաղաքական համոզմունքները հաստատ չեն փոխել:

Բոլոր այդ հանդիպումների բովանդակությունն այսպես թե այնպես բավականին արագ հայտնվում էր լրատվամիջոցներում՝ նախագահի այս վերջին հանդիպումը բացառություն չէ: Փոքր հանրապետությունում լրատվական աշխարհի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող մարդը հեշտությամբ կարող է բացահայտել, թե հատկապես ով է «բերանբացություն» եւ «լոխություն» դրսեւորում:

Դա էլ, ի վերջո, իմ խնդիրը չէ: Պարզապես կան լրագրողներ, որոնք հարգում են վերոհիշյալ մասնագիտական սկզբունքները, իսկ կան այնպիսիք, որոնք չեն հարգում:

Արամ Աբրահամյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *