2013.09.03,

Քննադատ

Տաղտուկի սեզոնն ավարտվեց

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Երեւի կհիշեք՝ դեռ մի քանի տարի առաջ հայաստանյան մամուլը տարբերվում էր աշխարհի այլ երկրների մամուլից նրանով, որ տարին երկու անգամ երկարատեւ արձակուրդ էր գնում։ Գրեթե բոլոր լրատվամիջոցները դադարեցնում էին աշխատանքը մե՛կ դեկտեմբերի վերջից մինչեւ հունվարի կեսը, մե՛կ էլ օգոստոսին։

Սա այնքան սովորական էր, որ երբ 2008-ի օգոստոսին սկսվեց ռուս-վրացական պատերազմը, մեր լրատվամիջոցների մեծ մասը շարունակում էր վայելել արձակուրդը։

Հիմա ամեն ինչ փոխվել է, արձակուրդի ժամանակ չկա: Մրցակցություն կա, շատերի համար ռեյթինգ կա, գովազդ, այլ ոչ պաշտոնական հանգամանքներ։ Բայց նորություն չկա։ Քանի որ բոլոր նյուզմեյքերները, ի հեճուկս մամուլի, արձակուրդում են։

Եվ սկսվում է տաղտուկի սեզոնը, երբ պետք է մի բան գրել, բայց գրելու բան առանձնապես չկա։ Եվ մամուլը հեղեղվում է անիմաստ, աննպատակ, հաճախ նաեւ անգրագետ նյութերով։

Դիտարկենք մի քանի սենսացիոն թեմա, որոնք տեղ են գտել հայաստանյան լրատվամիջոցներում։ Օրինակ՝ մի սարսափազդու նյութ, որը միանգամից մի քանի լրատվամիջոցներ արտատպեցին։ Համաձայնեք, որ սա ավելի շատ նման է կոմիքսներից մի հատվածի՝ հա՛մ գերսպա կա, հա՛մ աշխարհի վերջ, հա՛մ էլ Ռասպուտինը:

Համացանցում աշխարհի վերջի նոր ամսաթիվ է շրջանառվում: Էդվարդ Սնոուդենը նախազգուշացրել է աշխարհին սպառնացող նոր աղետի մասին: Այս մասին գրում է ռուսական «Собеседник» թերթը:

Մոտ 100 տարի առաջ Գրիգորի Ռասպուտինը, ով համարվում էր ժամանակի պայծառատեսներից մեկը, կանխատեսեց, որ մահաբեր կրակե փոթորիկ կշարժվի դեպի Երկիր մոլորակը, որն իր հետեւից չի թողնի կենդանի եւ ոչ մի բան աշխարհում: Ըստ Ռասպուտինի` այդ օրը 2013թ. օգոստոսի 23-ն է:

Կամ էլ՝ դրամատիկական եւ հոգեբանական սուր նյութ՝ «Թե ինչ է նշանակում 11.000 դոլարանոց հեռախոս ունենալ՝ շաբաթ-կիրակի»։

Իսկ սա իսկական թրիլեր է. ցավոք, նյութում ոչ մի մանրամասն իրականում չկա, վերնագիրը ամենաբովանդակալից մասն է՝«Ահազանգ. հայտնի մարդու խնամու առանձնատանը խնջույքը վերածվել է կրակահերթի»։

Այս նյութը, ցավոք, նույնպես բավական մեծ տարածում գտավ մամուլում եւ ցանցում՝ չնայած, որ դպրոցի ֆիզիկայի կուրսը բացառում է նման նյութի գոյությունը՝ «Օգոստոսի 27-ին ժամը 00։30-ին կնայեք երկինք։ Այդ գիշեր Մարս մոլորակը կգտնվի Երկրից մոտ 34,65 հազար կմ հեռավորության վրա եւ անզեն աչքով տեսանելի կլինի։ Երկնքում կլինի կարծես 2 Լուսին»։

Սրանք միայն մի քանի օրինակներ են, օգոստոսի ընթացքում գրեթե բոլոր լրատվականներում հնարավոր էր հայտնություններ գտնել բրիտանական գիտնականների սիրված ոլորտների եւ օկուլտիզմի գրեթե բոլոր բնագավառներից։ Հարկ է նշել, որ միայն Հայաստանում չէ այսպես, օգոստոսը բոլոր լրատվամիջոցների համար փորձության շրջան է։

Իսկ նրանց, ում դուր եկավ օգոստոսի լրահոսը, խորհուրդ ենք տալիս սպասել հունվարի սկզբին, երբ մենք կրկին նոր բացահայտումների ականատես կլինենք։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *