2013.07.18,

Քննադատ

Հատուկ ջոկատայինների գործառույթ իրականացնող լրագրողներ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Եթե ընդունենք այն պնդումը, որ մեդիան զենք է, ապա պիտի համաձայնենք, որ լրագրող-զինվորների շարքերում ժամանակ առ ժամանակ հայտնվում են հատուկ պատրաստություն անցած ջոկատայինններ, որոնք նետվում են ինֆորմացիոն պատերազմի առաջին գիծ՝ որպես հույժ կարեւոր առաքելություն ունեցող առաջամարտիկներ: Նրանք կնճռոտ, շատերի համար անցանկալի թեմաները լուսաբանող պիոներներ են, դրոշակակիրներ, որոնք պատվերները կատարում են առավել ջանասիրաբար ու նվիրումով, քան դա նախատեսում է իրենց մասնագիտությունը:

Այդ լրագրողները (զարմանալի զուգադիպությամբ՝ հիմնականում կանայք) ռեպորտաժներ են սարքում զրնգուն, հաստատուն, երկաթյա (ավելի ճիշտ՝ երկաթ-բետոնյա) շեշտադրումներով, օգտագործում են նվաստացուցիչ ու քամահրական մակդիրներ ու չափազանց ինքնավստահորեն պիտակավորում են անցանկալի անձանք կամ երեւույթները (անցակալի իրենց պատվիրատուի համար):

Այդ հատուկ ջոկատային-լրագրողուհիները վախ ու կասկած չունեն, քանի որ նրանց վստահեցրել են, որ ռազմի դաշտում միշտ հաղթում է սառնասիրտն ու անվարանը:

Այդ տեսակի լրագրողուհիներին մեդիա դաշտի (հիմնականում հեռուստատեսության) աշխատանքի համար պատասխանատուները անհրաժեշտության դեպքում են միայն առաջին գիծ նետում: Ասենք, երբ հարկ է լինում ընդդիմության հանրահավաքները կամ տարբեր «այլ»-երի (նույնասեռականների, այլախոհների) թեմաները լուսաբանել: Հենց այնպես հատուկ ջոկատայինների ներուժը չի վատնվում, միայն կարեւոր պահերի:

Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած վթարի կիզակետում հայտնված հայաստանցի վարորդի մասին տեսանյութը, որը հեռարձակվեց Ռուսաստանի պետական «Ռոսիա» ալիքով, թերեւս նույնպես կարեւոր էր Ռուսաստանի համար: Այլապես այն չէր հանձնվի «Կրեմլի շուրթերը» համարվող հեռուստալրագրող Օլգա Սկաբեեւային, ով հայտնի է Ռուսաստանի իշխանությունների հանդեպ ունեցած իր էքստրեմալ նվիրումով:

Դատարանում հայտված Հայաստանի հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կերպարը (գունավոր կանացի խալաթով ու հողաթափերով) ու նրա շոկային լռությունը (որը որոկավորվեց որպես «բառաչ») այս լրագրողը ներկայացրեց այնպիսի արհամարհանքով, որ դիտողի մոտ միտումնավոր հակակրանք ու կողմնակալություն առաջացավ՝ հատկապես վարորդի ազգության (նույնն է թե՝ թերզարգացության) հանդեպ:

Ոչ ադեկվատ, դատավճիռ հիշեցնոց մեկնաբանությունն ու անմեղության կանխավարկածի անտեսումը, ինչպես նաեւ ոչ ադեկվատ հագուկապի վրա սեւեռումը Հայաստանում աղմուկ առաջացրեցին: Հետո «Ռոսիա» ալիքը արգելափակեց այս ռեպորտաժի դիտումը Հայաստանում: Ինչն է՛լ ավելի բորբոքեց իրավիճակը:

Եվ բնական է ենթադրել, որ եթե հիստերիկ ռեպորտաժներ պատրաստող հատուկ առաքելությամբ օժտված լրագրողներն են այսպես ներկայացնում դեպքի ընթացքը, ուրեմն դա պատահական չէ:

Հնարավոր է, որ այդպես Ռուսաստանի իշխանությունները փորձում եմ մեղմել հնարավոր ազգայնական ալիքը, քանի որ եթե արդեն Սկաբեեւան է այդպես աջ ու ձախ ազգայնական երանգ տալիս մարդկային կյանքեր խլած ու դեռ բացայատվող պատահարին, ապա ռուսաստանցի շարքային քաղաքացին պետք է ավելի զգույշ ու զգոն լինի: Առնվազն նրա մոտ պիտի հարցեր առաջանան…

Հայաստանցիների մոտ, օրինակ, հարցերը բազմապիսի են ու տարողունակ:

Երբ մարդն արդեն մեկ ոտքով դագաղում է, իսկ լրագրողը՝ մուրճը ձեռքին սկսում է այդ դագաղի վերջին մեխերը մեխել, ակամայից ցանկություն է առաջանում իմանալ՝ թե ո՞վ է իրականում դագաղում պառկած ողջը:

Եվ ստացվում է, որ ինքնամոռաց կերպով «մեխող» ու թեման ուռճացնող լրագրողները միտումնավոր թե պատահմամբ ճիշտ հարցադրումների սկիզբ են դնում: Սա էլ թերեւս հատուկ ջոկատային-լրագրողների գործի թաքնված հմայքն է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *