2013.07.18,

Քննադատ

Ոչ ոք չցանկացավ լինել առաջին կասկածողը

Երկու օր առաջ հայկական համացանցը «գտավ» մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով 18 մարդու մահվան պատճառ դարձած, 46-ամյա Հրաչյա Հարությունյանի «բացառիկ» լուսանկարը: Պարզվեց, BBC-ն մի վավերագրական ֆիլմ է նկարել արցախյան ազատամարտի մասին, որտեղ Հրաչյան էլ կա:

Facebook-ն ուղղակի լցվեց Հրաչյայի ֆիլմից դուրս բերված «լուսանկարով»: Մեկնաբանություններն այն մասին էին, որ՝ ահա ազատամարտիկը, նրան նկատել է նաեւ BBC-ն: Մարդիկ սկսեցին share անել լուսանկարը մինչեւ պոդոլսկյան դեպքը գրեթե բոլորին անհայտ ֆիլմից: Հայկական համացանցի համար այդ կադրը հակադրությունն էր այն նվաստացման, որին Մոսկվայի Տվերսկոյի դատարանում ենթարկվել էր հայ ամբաստանյալը կանացի խալաթը հագին: 489
Ռուսական կայքերը դատարանում նրա շոկից թելադրվող անկանոն ձայնը համարում էին բառաչ, մինչ հայկական կայքերը մեջբերում էին հայերի մասին ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների արտահայտությունը՝ նրանք ի ծնե ավելի մեծ են, քան ես՝ իմ մահվան ժամին:

Մեկ ամբողջ օր Հրաչյայի հանդեպ կարեկցանքը սնվում էր երկու «աղբյուրից»՝ հայտնի լուսանկարից եւ ռուսական կայքերի ու Россия 1-ի խիստ հակաէթիկական ռեպորտաժներից: Այդ կարեկցանքի վրա հայկական կողմից սառը ջուր էր լցնում «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագծի» հեղինակ Պետրոս Ղազարյանը, որը Հրաչյա Հարությունյանին որակեց հանցագործ, որին եթե «մայկա-տրուսիկով» էլ ցույց տան, լրագրողի ազգային արժանապատվությունը չի խոցվի:

Երբ Պետրոս Ղազարյանը գրում էր այդ տողերը, հիշյալ լուսանկարը դեռ շրջանառության մեջ չէր դրվել: Չնայած դրան, ֆեյսբուքյան համքարությունը հարձակվեց լրագրողի վրա: Նույնիսկ օգտատերերից մեկը՝ ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը, Պետրոս Ղազարյանին հակադարձեց արդեն որպես լուսանկարը ձեռքի տակ ունեցող մարդ, որով էլ փաստարկում էր «Կենտրոնի» հեռուստաընկերության «ոչ անհայտ» ներկայացուցչի «երեսպաշտական եզրահանգումը»:

Galatv.am-ը լուսանկարը մեկնաբանեց այսպես՝ այնտեղ նա դյուցազնական հերոս է՝ վեհ ու լուսավոր: Կայքում սակայն ճաղերի ետեւում կանացի խալաթով նստած մարդն է, թեպետ հոդվածը BBC-ի ֆիլմից արված լուսանկարի մասին է: Facebook-ում, սակայն, մեկնաբանությունը տեղ էր գտել «կուսական» վիճակով՝ ըստ BBC-ի ֆիլմից արված լուսանկարի:

Ի վերջո պարզվեց, որ BBC-ի ֆիլմից արված լուսանկարը Հրաչյայինը չէ: Facebook-ից հեռացվեցին բոլոր tag-երը: Լրատվական կայքերը հանդես եկան հերքումներով՝ իրենց էջերից հեռացնելով նախորդ օրը տպագրված լուսանկարի մեկնաբանությունները:

Asekose.am-ը մնաց իր խոսքին: Կայքում «Ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի լուսանկարը» վերնագրի ներքո տպագրել են լուսանկարը, տեղեկությունն 490այն մասին, որ նկարն արված է Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմից ու ներքեւում՝ հերքումը, որ լուսանկարը Հրաչյա Հարությունյանինը չէ, կայքը «ներողամտություն է հայցում»: Խորամանկել են՝ հերքումը թուլացնում է լուսանկարի տպավորությունը, ավելի լավ է վերնագիրը մնա, հերքումը կդառնա լուսանկարի ամբողջ մեկնաբանության օժանդակ տեքստ:

Լուսանկարը կայքերում հայտնվեց Facebook-ի միջոցով: Բոլորը գիտեին, թե ով է ֆիլմի հեղինակը: Պարզ չէ, թե ով առաջինը որոշեց, որ հիշյալ լուսանկարում պատկերվածը հենց Հրաչյա Հարությունյանն է: Ըստ asekose.am-ի, առաջինն այդ գրառումն իր ֆեյսբուքյան էջում արել է Հայկ Մանուկյանը: Օգտատերին, ըստ կայքի, առաջնորդել էր ամբաստանյալի դստեր այն արտահայտությունը, թե «հորս ծաղրելուց առաջ քրքրեք արխիվը եւ գտեք նրա անցյալը»: Եվ ահա գտել էին: Այսօր Հայկի Facebook-յան էջում այդ լուսանկարը բացակայում է:

Կարեկցանքի այդ իդեալական կազմակերպիչ համարվող լուսանկարի իրական կերպարին առաջինը բացահայտեց «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմի հեղինակը: Նա հուլիսի 17-ի առավոտյան Facebook-ի իր էջում գրեց՝ լուսանկարում ազատամարտի ժամանակ զոհված Նորայր Ղազարյանն է:

Առաջինը գրառումը ֆիքսեց Blognews-ը, այնուհետեւ՝ Panorama.am-ը: Ամեն ինչ ընկավ իր տեղը: Բայց ոչ տպագիր մամուլի համար: Հուլիսի 17-ին «Հայկական ժամանակը» լույս էր տեսել կարեկցանք եւ ազգային հպարտություն սնուցող այդ լուսանկարով, որի գլխավոր հերոսը պարզաբանված էր, թե ով է:

Նույն օրվա առավոտյան Facebook-յան օգտատերերից մեկը Հրաչյայի դստերը ստիպված եղավ խնդրել ազատամարտի օրերի մեկ լուսանկար տեղադրել Facebook-ում: Ամբողջ օրվա ընթացքում գրությունը մնաց անարձագանք: Օգտատերերն իրենց կարեկցանքի եւ ազգային հպարտության նոր թիրախ փորձեցին համարել Նորայր Ղազարյանի աջ անկյունում կանգնածին, նրան նմանեցրին Հրաչյային: Սա նույնպես մնաց անարձագանք:

Վարդան Հովհաննիսյանը հստակեցրել էր միայն Նորայր Ղազարյանի անձը: Ի՞նչն էր պատճառը, որ հայկական կայքերն այդքան արագ, առանց ֆիլտրելու լուսանկարը դարձրին թեմա: Ինչու՞ կայքերը չմտածեցին, որ լուսանկարի ազատամարտիկը նման չէ Հրաչյա Հարությունյանին (ի բացառություն մեկ օգտատերի եւ Ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանի, որը նախ նկատել էր, որ նման չէ, երկրորդ, որ լուսանկարում պատկերված մարդը 1967 թվականի ծնունդ չէ):

Ըստ իս, գլխավոր մեղքը «մրցակցությանն» է, միմյանցից ետ չմնալունը: Ոչ ոք չցանկացավ լինել առաջին կասկածողը: Արդյունքում ողբերգության մասնակցի հանդեպ կարեկցանքին եւ ինչ-որ բանով օգնելու մղումին խառնվեց  հակալրագրողական արարքը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ Հրաչյան պետք է «զրոյից սկսի» արցախյան ազատամարտի մասնակից լինելու ծանր ուղին:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *