2013.04.26,

Քննադատ

Անլուրջի մեջ…

Հենց այս գիշեր տեղեկացա՝ Ջենիֆեր Լոուրենսը կտրել է մազերը: Օսկարակիր աղջիկ է Լոուրենսը, հաջողացրել է սայթաքել «Կոդակ» թատրոնի բեմում: Լուրն, անշուշտ, աղջիկներին կհետաքրքրի:

1in.am-ի «Ժամանց» էջը այցելություններ ապահովող էջ է: Զգում եմ՝ ինչ-որ բան այն չէ: Հետո հասկանում եմ՝ էս լուրը զարգացում չունի: Հագեցնող չէ: 1in.am-ն, իհարկե, նույն աղջկա դեմքով այլ Լոուրենսի էլ է իմացել՝ երկարամազին:

1in.am-1

Ես, որպես ընթերցող, սովորություն ունեմ տեղի ունեցածի մեջ նախ ճանաչել ցավը, անակնկալը, ցնցումը: Թվում է, թե այդ իմաստով պիտի բավարարեր shamshyan.com-ը: Այնտեղ, իսկապես, Շամշյանի ներկայացրած քրեական տեղեկությունները խիստ իրադարձային են, ասես տեղի են ունենում ժանրի կանոններով:

Հանցանքը ունի նախապատմություն. նույնիսկ եթե այն չի ներկայացվում, դու գիտես, որ ներկայացվում է մի բան, որն ինչ-որ իմաստով կարող էր քեզ վերաբերել: Եթե նույնիսկ լուրերը քեզ չեն «շոշափում» իրենց ոչ մի դրվագով ու տողատակով, «հերոսների» հանցանքներով ու զոհերի դատապարտվածությամբ, միեւնույն է, անլուրջ չեն:

Դրանք լուրեր են, որոնք քեզ ներքաշում են տեղի ունեցածի մեջ, քո գնահատականն անխուսափելի է գոնե մինչեւ վերջ կարդալու մակարդակով:

«Lurer.com»-ը դեռ մինչեւ Րաֆֆիի «երդմնակալությունը» ենթադրեց, որ Քըրք Քըրքորյանը կարող է մասնակցել դրան: Լրագրողը ենթադրում է, որ կմասնակցի ու անմիջապես եզրակացնում. «Ինչպես տեսնում եք, ապրիլի 9-ին ավելի քան հետաքրքիր իրադարձություններ են սպասվում»: Արդեն լուրջ չէ:

lurer.com-22.04.2013-1

Թվում է, թե վերլուծական է: Ընդ որում՝ «ժանրի կանոններով»: Սակայն այստեղ ենթադրությունն, ըստ էության, դառնում է փաստ, որը խորհուրդ են տալիս կարդալ, եթե հավատանք կայքի տվյալներին, «Դավիթ Հեղափոխական Սանասարյանը եւ եւս 2040 հոգի»:

Անլրջության ջրաղացն անկասկած առանց Slaq.am-ի «ջրերի» չէր աշխատի: Ընդ որում՝ այս դեպքում կոմիզմի ակունքներն այլ կայքում են: Henaran.am-ը իր տեղեկություններն է վկայակոչում` ըստ որոնց «ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել եւ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը»: Նորմալ է, եթե նույնիսկ «էլ ավելի հավաստի այլ աղբյուրների տեղեկություններով» չի ընդունել:

Բայց Henaran.am-ը խոսել է Սեդրակյանի փաստաբանի հետ, որը կայքի տեղեկությունները որակել է մեկ բառով՝ սուտ: Իսկ լուրը վերնագրված է՝ էպոսագետն ընդունե՞լ է մեղքը: Նախ` մեղքը չէ, մեղադրանքը, քանի որ էպոսագետը հավատաքննության ձեռքում չէ: Երկրորդ` հարցականով վերնագիրը լրատվական անպատասխանատվության դրսեւորում է:

henaran.am-3.04.2013

Հարցականը հուշում է, որ նախ` լրագրողը մինչեւ վերջ չի մտել իր տեղեկատվության մեջ, երկրորդ` ինքն էլ չի վստահում իր աղբյուրներին, քանի որ հարցականը մեխանիկորեն տարածվում է նաեւ «վստահելի աղբյուրների» վրա, եւ երրորդ` լրագրողն իրեն ապահովագրում է պատասխանատվությունից, եթե հանկարծ պարզվի, որ էպոսագետը չի ընդունել «մեղքը»:

Իսկ այստեղ ի՞նչ կապ ունի Slaq.am-ը: Կայքը վերոհիշյալ տեղեկությունը վերցնում է «Հենարան»-ից ու, որպես դատավճիռ, մեխում իր էջին՝ էպոսագետն ընդունել է իր մեղքը: Էլ չասած, որ նման լրատվությունն անազնիվ է ճաղերի hետեւում փակված մարդու հանդեպ, որը դեռ ամբաստանյալ է ու հաստատ մի այպիսի հրապարակումով միանգամից չի դառնալու դատապարտյալ:

slaq.am-3.04.2013

Որոշ կայքերում անլրջությունն արդեն վերածվում է փոխհրաձգության: Ընդդիմադիր ilur.am-ը դարձյալ հարցականով գրում է՝ Սերժ Սարգսյանի փեսան լքելու՞ է Հայաստանը: Այնտեղ կա այսպիսի նախադասություն. «Հավաքի մասնակիցներից մեկի խոսքերով, Միշիկ Մինասյանը երբեք այդքան հուզված չի եղել»:

ilur.am-14.04.2013

Խոսքը պարզ է` Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի մասին է: Panorama.am-ն անմիջապես կանգնել է դեսպանի «թասիբին»: Իշխանամետ կայքն արդեն վերնագրի մակարդակով եւ դարձյալ հարցականով հակադարձում է. «Լյովիկ Զուրաբյանն այլեւս ՀԱԿ-ի «կասիրը» չէ՞»:

Panorama-14.04.2013Հիմա ո՞վ կասի՝ Միշիկ եւ Լյովիկ «որակումների» մեջ որտե՞ղ է տեքստի հանդեպ պատասխանատվությունը: Եվ ամենակարեւորը՝ ո՞վ է որոշողը, թե մեկը Միշիկն է, մյուսն էլ՝ Լյովիկը:

Եվ զուտ ժուռնալիստիկայի սահմաններում ի՞նչ հարց են լուծում այդ որակումները: Լրիվ լուրջ…

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *