2013.02.05,

Քննադատ

Քաղաքականացված Հայաստան

Հայաստանում բոլորը քաղաքականությունից են խոսում: Առավոտից իրիկուն:

Հայաստանում քաղաքականությունից խոսում են ոչ միայն նախընտրական ու հետընտրական ժամանակաշրջանում, այլեւ մշտապես:

Որովհետեւ Հայաստանում ամեն ինչ քաղաքականացված է: Լրատվամիջոցները նույնպես եւ հատկապես: Ութ էջանոց թերթի առնվազն վեց էջը քաղաքական ու մերձքաղաքական նյութեր են, եւ մշակութային ու մարզական էջերն էլ են հնարավորինս քաղաքականացված:

Սոցիալական ուղղվածությամբ թեմաներն էլ են ուղնուծուծով քաղաքականացված: Ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ լրատվական կայքերին:

Մի խոսքով` Հայաստանում բոլորն են զբաղվում քաղաքականությամբ, այսինքն՝ եթե առավոտից իրիկուն քաղաքականությունից ես խոսում, կնշանակի` քաղաքականությամբ ես զբաղվում, ընդ որում` միանգամայն ինտենսիվ:

Այսինքն՝ Հայաստանում բոլորն են քաղաքական գործիչ, եւ բնավ կարեւոր չէ` դրա համար աշխատավարձ ստանում են, թե ոչ: Այսինքն՝ Հայաստանում քաղաքականությունը ոչ միայն քաղաքականության դիմաց վարձատրվող գործիչների համար է աշխատանք, այլեւ բոլորի:

Որովհետեւ Հայաստանում քաղաքականությունն ամենաեկամտաբեր աշխատանքն է: Քաղաքականության շնորհիվ մարդը զրոյից կարող է մեծահարուստ դառնալ:

Եթե Հայաստանում որոշ մարդիկ պատգամավոր դառնալու համար չափազանց մեծ գումարներ են ծախսում, կնշանակի` Հայաստանում պատգամավորության շնորհիվ առնվազն որոշ մարդիկ չափազանց մեծ գումարներ են աշխատում:

Այդուհանդերձ, Հայաստանում քաղաքականությունը ոչ միայն եկամուտի, այլեւ կյանքի աղբյուր է, որովհետեւ Հայաստանում քաղաքականությունից դուրս գտնվող մարդը կյանքից դուրս է գտնվում, եւ, փաստորեն, քաղաքականությունից դուրս կյանք գոյություն չունի, եւ, քաղաքականության մեջ մնալով, նույնիսկ ամենակարիքավորներն են կյանքի մեջ մնում։

Բայց, այսուհանդերձ, ամենահետաքրքիրն էն է, որ Հայաստանում ընդհանրապես քաղաքականություն ու քաղաքական կյանք գոյություն չունի, եւ այն, ինչ լրագրողներն ու ես ու բոլորը համարում ենք քաղաքականություն, քաղաքականության հետ ընդհանրապես որեւէ առնչություն չունի։

Այսինքն՝ մենք բոլորս առավոտից իրիկուն զբաղվում ենք մի բանով, որը քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի, եւ եթե մեր էդ ամենօրյա զբաղմունքը քաղաքականություն ենք անվանում, էդ միգուցե նրանից է, որ ալարել ու ալարում ենք էդ երեւույթին առավել համապատասխան անվանում գտնել կամ էլ դրա պատճառն այն է, որ մենք, հասկանալով, որ Հայաստանում քաղաքականություն գոյություն չունի, ինքներս մեզ խաբելով, ձեւ ենք անում, թե Հայաստանում քաղաքական գործիչներն ու բոլորս լուրջ ու իսկական քաղաքականությամբ ենք զբաղված։

Մինչդեռ իրականում նույնիսկ ընտրությունների շրջանում լուրջ քաղաքականությամբ չենք զբաղվում։ Եվ, լուրջ քաղաքականությամբ չզբաղվելով, ի վիճակի էլ չենք քաղաքականությունից վազն անցնել, որովհետեւ, քաղաքականությունից վազն անցնելով, վերստին քաղաքականության մեջ ենք հայտնվելու, եւ վերստին անլուրջ ու անորոշ քաղաքականության մեջ ենք հայտնվելու։

Եվ հիմա, հասկանալով, որ ասածս ու գրածս տաֆտալոգիայի է վերածվում, հասկանում եմ նաեւ, որ այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետեւ մեր կյանքն իր բազմաթիվ կողմերով արդեն իսկ տաֆտալոգիա է, եւ հատկապես ու մանավանդ անկուսակցականներիս էս հանիրավի քաղաքականացված կյանքն է տաֆտալոգիա։ Եվ նմանապես մեր գերքաղաքականացված թերթային ու էլեկտրոնային լրատվամիջոցներն են տաֆտալոգիա։

Նախորդ նախադասությունը գրելուց առաջ, երեւի, պարտավոր էի ներողություն խնդրել լրագրողներից եւ նույնիսկ ինքս ինձանից, որովհետեւ ժամանակ առ ժամանակ, չափի զգացումս կորցնելով, ինքս ինձ էլ եմ լրագրող համարում, բայց եթե էս բաները գրելուն զուգահեռ մեր լրագրողներից եւ նույնիսկ ինքս ինձանից ներողություն խնդրեմ, էլի ինձ համար արդարացում չի լինի, որովհետեւ ես, լրագրող եւ այլն լինելուց բացի, մշտապես եղել ու շարունակում եմ հանդիսանալ մեր լրատվամիջոցների երդվյալ ընթերցողը կամ, մեղմ ասած, աչքի անցկացնողը։

Եվ ինչ էլ գրեն, կարդալու կամ, մեղմ ասած, աչքի եմ անցկացնելու, եւ ինչ էլ գրեմ` ինձ նմանները կարդալու կամ, մեղմ ասած, աչքի են անցկացնելու, որովհետեւ թերթ կարդալը կամ լրատվական որեւէ կայք ներթափանցելը մեր կյանքի հիմնական բաղադրիչներից է դարձել։

Եթե ուրիշներն ուտելով ու խմելով են իրենց հիմնական ժամանակը մսխում, մենք էլ թերթ կարդալով ու կայքեր մտնելով ենք մեր օրերն անցկացնում։

Եվ եթե ուրիշներն առավոտից իրիկուն ուտելով ու խմելով են ապրում ու քաղաքականությունից խոսում, մենք էլ թերթ կարդալով ու լրատվական կայքերին կառչելով ենք փորձում քաղաքականության ու կյանքի մեջ մնալ։

Եվ սա մեր ունեցած ու չունեցած կյանքն է, եւ քանի դեռ այլ կյանք եւ այլ կյանքի հույս չունենք, ստիպված ենք եղածով գոհանալ ու բավարարվել, մանավանդ, որ եղածը մեր սրտով է: Այսինքն՝ մենք ոչ միայն սիրում ենք մեր էս գերքաղաքականացված կյանքը, այլեւ էդ կյանքը մի բան էլ մեր կողմից ենք քաղաքականացնում:

Բայց, չգիտես ինչու, քաղաքականությանը հեչ լուրջ չենք վերաբերվում: Մշտապես եւ բոլորս:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *