2012.12.21,

Քննադատ

Աշխարհի վերջը հորինեց մամուլը

Քանի որ այսօր աշխարհի վերջն է հայտարարվել, ինչը պնդում էին գրեթե բոլոր լրատվամիջոցները, ով գիտի՝ միգուցե գրում եմ իմ վերջին հոդվածը: Սակայն հույս ունեմ, որ այդպես չէ, եւ գոնե մեկ ընթերցող կգտնվի, որ կկարդա այս նյութը: Չեմ պատրաստվում ապացուցել կամ հերքել մեր մոլորակի կործանման մասին լուրերը:

Դրանով թող մայաների հետնորդներն ու հակառակորդները զբաղվեն: Ինձ հետաքրքում է մամուլի անդրադարձը այս թեմային:  

Չնայած այս տարվա մայիսին BBC–ին գրեց, որ «մայաների օրացույց է հայտնաբերվել, ըստ որի՝ «աշխարհի վերջը» 7000 տարով հետաձգվում է», սակայն մոլորակի կործանման մասին տեղեկատվությունը շարունակում էր տարածվել մամուլում:

Տեղական որոշ լրատվամիջոցներ նույնիսկ քաղաքականացրել էին այս թեման՝ հարցի շուրջ կարծիքներ հավաքելով պատգամավորներից եւ քաղաքական գործիչներից:

Օրինակ` PanARMENIAN.Net լրատվական գործակալության հարցախույզին մասնակցած քաղաքական գործիչներից ոչ մեկը չէր հավատացել, որ կգա աշխարհի վերջը: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ կշտամբել էր մեր ժողովուդրին, որ «չափից դուրս հողին կպած է եւ նրան բնորոշ չէ ռոմանտիզմը, այնինչ եվրոպաներում երեքից մեկը հավատում է աշխարհի վերջին»: Երեւի «դաժան ապրուստն» է ստիպել մեր ժողովուրդին լինել ոչ թե ռոմանտիկ, այլ իրատես: 

Որոշ լրատվամիջոցներ անգամ վերլուծական նյութեր էին տեղադրել: Օրինակ՝ ankakh.com կայքում վերլուծական հոդված կա աշխարհի կործանման մասին, որտեղ հեղինակը այդ օրվա համար բազմազան սցենարներ է կանխատեսում` բախում երկնաքարին, միջուկային պատերազմ, անհասկանալի հիվանդության համաճարակ, ռոբոտների ապստամբություն, եւ նույնիսկ` այլմոլորակայինների հարձակում:

Արտասահմանյան լրատվամիջոցներն էլ այս հարցում հետ չեն մնացել: Օրինակ` լրագրողներից մեկի կատակով տրված հարցին այն մասին, որ Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի 20-ին է մամուլի ասուլիս հրավիրել, որ վաղը «սպասվող» աշխարհի վերջից առաջ մարդկության զարգացման ամփոփում անի, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհի վերջը գալու է միայն 4.5 միլիարդ տարի անց, քանի որ, ըստ նրա՝ «այդքան է Արեւի գործառնության ցիկլը»:

Իսկ ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին, խոսելով աշխարհի վերջի մասին, հայտարարել է, որ «նման տեղեկատվությունը նախեւառաջ ձեռնտու է առեւտրային մաֆիային, որը ցանկանում է հնարավորինս արագ ցրել կուտակված ապրանքը»:

Հետաքրքիր է, որ Չինաստանում կտրուկ միջոցների են դիմել այդ տիպի տեղեկատվություն սփռողների նկատմամբ: Ըստ Express անգլիական պարբերականի՝ այնտեղ ձերբակալվել է շուրջ 1000 մարդ, որոնք աշխարհի վերջի մասին լուրեր էին տարածում: 

Աշխարհի վերջին նվիրված PR-ին միացավ նաեւ Facebook-ը: Վերջերս այսպես կոչված Տիբեթի կենտրոնից դեկտեմբերի 20-ին Կասկադի մոտ գալ աշխարհի վերջին նվիրված կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացա:

Նախաձեռնողները խոստանում էին կազմակերպել 30 րոպեանոց համատեղ աղոթք՝ ուղղված երկրի ու լույսի պահպանմանը:

Նախատեսվում էր նաեւ Պողոս Առաքյալի թղթի ընթերցում եւ Կարեկցանքի մեդիտացիա: Ճիշտն ասած՝ հրաժարվեցի համատեղ աղոթքից` նախընտրելով այս ցրտին իրականացնել կիտրոնով տաք թեյ խմելու «ծրագիրը»:

Մեկ այլ օգտատեր էլ Facebook-ում հրավիրում էր մասնակցելու աշխարհի վերջին նվիրված միջոցառմանը: Ընդ որում՝ 4423-ից հրավիրվածներից 3672-ը համաձայնել էին գնալ: Պարզ է, որ շատերը դա ընդունել էին որպես կատակ:

Բավական է կարդալ որոշ մեկնաբանություններ. «Չէմ հասկանում, աշխարհի վերջը ցերեկն է լինելու, թե գիշերը: Պառկե՞մ քնեմ, թե՞ չպառկեմ, այս ինչ անկազմակերպ միջոցառում է», «Ուրբաթ օր է ընկնում, գոնե երկուշաբթի լիներ», «Ժողովուրդ, աշխարհի վերջի համար լուսանկարիչ պետք չի՞», «Ահա եւ աշունը եկավ, շուտով ձմեռը կգա, հետո աշխարհի վերջը, այնուհետեւ Նոր տարին», «Էլ չեմ համբերում, Արամ, կարա՞ս օրը փոխես», «Ով հավատում է 2012 թվականի աշխարհի վերջին, թող իր գույքը գրի իմ վրա», «2012 թվականին Աշխարհի վերջը Հայաստանում կշարունակվի, այլ ոչ թե կսկսվի», «Վայ գոնե թողեք ծնունդս անցնի, յա»: 

Հեռուստատեսությունը եւ ինտերնետը երբեմն ուղղակի զոմբիացնում էին բնակչությանը աշխարհի վերջի հաղորդագրություննրով` ահ ու սարսափ առաջացնելով մարդկանց մոտ: Այնպես որ զարմանալի չէ, որ սոցցանցերում կային նաեւ այսպիսի մեկնաբաննություններ. «Ես սնահավատ չէմ, բայց մի տեսակ անհանգիստ եմ, ախր, էնպես են բոլորը կենտրոնացել այդ օրվա վրա, որ մարդ սկսում է վախենալ»:

Տեղական մամուլը, հղում անելով РИА Новости գործակալությանը, տեղեկացրեց նաեւ, որ «Գվատեմալայում քրմերի մասնակցությամբ կատարվել է մայաների սուրբ վայրերի մաքրման արարողություն, որով սկսվել է դեկտեմբերի 21-ի դիմավորումը»:

Իհարկե, «աշխարհի վերջ» օպերացիան Գվատեմալայի բյուջեն լրացնելու լավ միջոց է, քանի որ «դարաշրջանի փոփոխության օրը Գվատեմալայում ակնկալում են առնվազն 200 հազար զբոսաշրջիկի այց, գլխավոր միջոցառումները կանցկացվեն Տիկալ ազգային պարկում՝ երկրի նախագահ Օտո Պերես Մոլինայի եւ բազմաթիվ արտասահմանյան պատվիրակությունների ներկայությամբ»։

Մամուլը, երբ ուզենա, կարող է եւ՛ շիկացնել, եւ՛ հանդարտեցնել կրքերը: Մոլորակի կործանման նախապատրաստությունը կրքերի շիկացման ապացույցը դարձավ։ Բազմաթիվ մարդկանց ճակատագրեր դարձան խաղաքարտ, որով խաղարկվեց այդ մեծ տեղեկատվական միջոցառումը։

Եվ միայն կարեկցել կարելի է այն մարդկանց, որոնք միլիոնանոց վարկ վերցրեցին իրենց կյանքի վերջին օրերը ուրախ անցկացնելու համար։ Մոլորակները դեռ շարունակելու են իրենց պտույտը, իսկ փողերը ենթական են վերադարձման։

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *