2012.12.05,

Քննադատ

Երկրաշարժ սովետական մեդիայում, մաս 7

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

(1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս, 4-րդ մաս, 5-րդ մաս, 6-րդ մաս)

7. Երախտագիտություն    

Ցուցաբերված օգնության համար հայ ժողովրդի անսահման երախտագիտության զգացման մասին գրում էր թե մեր, թե սովետական ու արտասահմանյան մամուլը։ Տուժյալների երախտիքի խոսքերը հաճախ էին մեջբերում Վրաստանի թերթերը։ Եվ դա բնական էր`վրացիները  օգնության էին հասել անմիջապես, չսպասելով որեւէ հրահանգի։

Սովետահայ մամուլը Հայկական ՍՍՀ պաշտոնական մարմինների բազմաթիվ շնորհակալական նամակներ ու հեռագրեր է հրապարակել, ՍՍՀՄ Գերագույն սովետը «Անձնական արիության համար» պարգեւատրել է բազմաթիվ սովետական ու արտասահմանյան քաղաքացիների… Գյումրիում տեղադրվել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները ՍՍՀՄ մասշտաբով համադրելու եւ տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հուշատախտակը` դիմաքանդակով, Սպիտակ քաղաքում` կիսանդրին, նա 2008-ին արժանացել է ՀՀ 389ազգային հերոսի կոչման…

Այդ բոլորը ենթադրելի էր, բայց եղել են նաեւ երախտագիտության բացառիկ ցույցեր, որոնց արժանացել են օգնության բացառիկ դրսեւորումները։ Կալուգայի մարզի Մեշչովսկի շրջանի Ուրվան գյուղի բնակչուհի Թամարա Եֆիմովնա Սոլովյովան օգնություն էր ուղարկել բրդյա գործվածքեղենի մի կապոց եւ… սեւ օրվա համար հավաքած երկու հազար ռուբլին` հսկայական մի գումար ամսական երեւի թե 50-60 ռուբլի ստացող թոշակառու կոլտնտեսուհու համար: Այս մասին տեղեկացնում է «Գրական թերթը» 1989 թ. փետրվարի 3-ի համարում։ Թերթի թղթակից Գրիգոր Ջանիկյանը գործուղվում է Թամարա Եֆիմովնային հանդիպելու` դստեր դպրոցում հավաքված նվերներով լի ճամպրուկներով։ Ճանապարհին լրագրողը հանդիպում է երեւանյան մանկապարտեզի վարիչ տիկին Ամալյային, ով նույնպես, սեփական նախաձեռնությամբ, ուսանող որդու հետ է Սոլովյովային նվերներ տանում: Նա մտադիր է Հայաստան բերել ու պահել Թամարա Եֆիմովնային, սակայն վերջինս, չնայած կիսալքված գյուղում է ապրում, հրաժարվում է: Պատմությունը հատկապես հուզիչ է դառնում, երբ պարզվում է, որ փչացած է եղել տարեց կնոջ հին հեռուստացույցը, որը նորոգման տալն իսկ դժվար է եղել նրա համար։

Հետաքրքիր է, որ բանը սրանով էլ չի վերջանում։ Թերթի նույն տարվա նոյեմբերի 3-ի համարից տեղեկանում ենք («Բոլոր տասը պատվիրանները», Գրիգոր Ջանիկյան), որ ամռանը տիկին Ամալյան իր երեխաների հետ գնացել է, որ Սոլովյովայի տունը վերանորոգի ու, տեղ հասնելով, տեսել, որ տատիկի խրճիթը վառվում է: Նրանք վերադառնում են, Հայաստանից ամեն ինչ ուղարկում, հետո գնում-վերանորոգում են խրճիթը:

Այս հիանալի պատմությունը ստիպեց փնտրել oրինակներ, երբ բուն աղետյալ Հայաստանում մարդիկ նույնպիսի հետեւողականությամբ օգնած լինեին որեւէ միայնակ տատիկի, բայց կամ այդպիսիք չկան-քիչ են եղել, կամ ժամանակի մամուլը չի անդրադարձել:
Լուսանկարները` փրկարար Նիկոլայ Մատվեևի

Հայաստանը եւս բարեկամության իր պարտքն է կատարել սովետական ուրիշ հանրապետությունների նկատմամբ, երբ դրա կարիքը եղել է։ Հայաստանին ցուցաբերված օգնության բազում նկարագրություններից մեկում հիշատակություն կա այդ մասին: Միջինասիական «Պրավդա Վոստոկա» թերթի թղթակցուհի Ռ. Գայդարովան պատմում է, որ 1966-ի տաշքենդյան երկրաշարժից հետո «առաջիններից մեկը Հայաստանն է օգնություն ուղարկել։ Առ այսօր էլ տաշքենդցիներին ծառայում են այն շենքերը, որ ցուցանակներ ունեն՝  «ի երջանկություն` հայ ժողովրդից» («Եղբայրության երեւույթը», 1988, դեկտեմբերի 15).

Ցավոք, 1989-ի հունվարի վերջին Միջին Ասիայում՝ Տաջիկստանում, նորից երկրաշարժ տեղի ունեցավ, որի զոհերի հիշատակին՝ հազար հոգի, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, այդ հանրապետությունում սուգ հայտարարվեց («Տաջիկստանի վիշտն ու արիությունը», «Ավանգարդ», հունվարի 27): Սա արդեն նշանակում էր «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Թե Տաջիկստանի համար, թե Հայաստանի, որովհետեւ բարեկամ ժողովուրդն արդեն իր հոգսերով էր տապակվելու, իր աղետի գոտին պետք է վերականգներ: Ասացվածքից ճակատագրապաշտության հոտ է գալիս։ Սպիտակի երկրաշարժն  ապացուցեց, որ նման զուգադիպությունները հազվադեպ չեն։ Մեկ այլ երկրաշարժ էլ շուտով տեղի ունեցավ Վրաստանում, որը առիթ է դառնում, որ այդ հանրապետությունը հետ կանչի Հայաստան ուղարկած իր շինարարներին։

Երկրաշարժի հետո անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում խորտակվեց նախ հարավսլավական, ապա սովետական ռազմա-փոխադրական «Իլ-76» ինքնաթիռը՝ 37 տոննա բեռով։ Հարավսլավական ինքնաթիռի կործանման տեղում հուշարձան կանգնեցվեց, մամուլում շատ հրապարակումներ եղան:

Ժամանակի մամուլում դժվար է գտնել երկրորդ ինքնաթիռի խորտակման մանրամասները: Տարիներ անց տպագրված փոխգնդապետ Վ. Մուսայելյանի հուշերից հայտնի դարձավ, որ երկու ինքնաթիռից մեկ ուղեւոր, այնուամենայնիվ, փրկվել է: Երեսնամյա բաքվեցի ավտոփականագործ Ֆահրետդին Բալաեւը: Նա մեռած է համարվել, ցինկե դագաղով մարմինն ուղարկվել է նրա ընտանիքին, պետական օգնություն ցուցաբերվել թաղումը կազմակերպելիս: Իրականում Բալաեւը բարձրացել է ինքնաթիռում գտնվող «Կամազի» թափքին, որը բեռնված է եղել զինվորական վրաններով: Ուրիշ աղբյուրներից հայտնի է, որ Բալաեւը ստացել է ողնաշարի վնասվածք, այդ վիճակով վազել մինչեւ մոտակա գյուղը, որտեղից նրան տեղափոխել են հոսպիտալ…
Լուսանկարները` փրկարար Նիկոլայ Մատվեևի
Տարիներ շարունակ ջանքեր են գործադրվել կառուցելու Սպիտակի հուշահամալիր, որտեղ պետք է լիներ նաեւ թանգարան: Այն պետք է հավերժացներ զոհերի հիշատակը եւ արտահայտեր հայ ժողովրդի երախտագիտությունը մարդկության պատմության մեջ աննախադեպ օգնության համար, գաղափար, որի նվիրյալներից մեկը ՀԿԿ Սպիտակի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանն էր։ Այդ մտահղացումը չիրականացվեց, այսօր Սպիտակի ազգագրական թանգարանում կա մի փոքրիկ բաժին, որտեղ ցուցադրվում է Երկրաշարժին վերաբերող գրականություն:

Փոխարենը Երեւանում, Նոր Նորքի զանգվածներ տանող ճանապարհին կառուցվեց Սովետական Միության մետաղյա մի վիթխարի քարտեզ, որի վրա գծերով ցույց էր տրվում, թե որ վայրերից է օգնություն բերվել Հայաստան: Այն ժանգոտվեց, քայքայվեց, մինչեւ որ մի օր անհետացավ:

Սա միակ զարմանալի կամ զավեշտալի դրվագը չէ կապված ողբերգական իրադարձության հետ։

(շարունակելի)

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *