Գյուղացին՝ ուրբանիզացիայի հետեւանքով կտրված իր բնական միջավայրից, բազմաբնակարան շենքի տասներորդ հարկի զնդան հիշեցնող իր բնակարանում նստած, կարոտում է արձակ դաշտերը, վսեմ լեռները, զովաշունչ անտառները եւ այլն։ Այնուհետեւ նա գնում է Վերնիսաժ եւ ձեռք է բերում մի յուղանկար, որտեղ պատկերված են դաշտեր, լեռներ, անտառներ եւ այլն։
Կախելով այդ նկարն իր տան պատից՝ նա իրեն ավելի հարմարավետ է զգում իր տանը. նկարը նրան հարազատ միջավայրի պատրանք է պարգեւում՝ որոշակիորեն փոխհատուցելով նրա կորուստը։ Կոմպենսացիոն գործառույթն ընդհանրապես արվեստի գործառույթներից է, բայց, իհարկե, ոչ միակ գործառույթը եւ բնավ ոչ հիմնականը. կան արվեստի գործեր, որոնք ընդհանրապես կոմպենսացիոն նպատակ չեն հետապնդում եւ դեռ ավելին՝ ստիպում են մեզ մտածել եւ ուժգնացնում են անհարմարավետության զգացումը , որ ունենում ենք արագ փոփոխվող աշխարհում։
Կոմպենսացիոն գործառույթը զանգվածային մշակույթի կարեւոր գործառույթներից է, այն հեշտացնում է ադապտացիան նոր միջավայրին։ Դրան են կոչված բուլվարային սիրավեպերը, զանգվածային կինոարտադրությունը՝ «հնդկական» ֆիլմերի մեծ մասը, հեփի-էնդով հոլիվուդյան մելոդրամաները, սերիալների տարատեսակները՝ օճառային օպերան, սիթքոմերը եւ այլն։ Մեծ սեր, մեծ դժբախտություն, մեծ երջանկություն, կրքեր, արկածներ եւ այն ամենն, ինչ անհնար է շարքային մարդու ձանձրալի կյանքում, նրան տալիս է զագվածային մշակույթը։
Այս առումով ամենաբարձր ՕԳԳ-ն ունեն սերիալները, քանի որ նրանք դա անում են ոչ թե ժամանակ առ ժամանակ ու հատվածաբար, այլ հստակ պարբերականությամբ եւ ամեն օր (հիմնականում աշխատանքային)։
Այս տեսանկյունից դիտարկենք հայկական սերիալները։ Առաջին՝ բազմասերիանոց ֆիլմերի խումբը, որոնք մեկ շաբաթ կամ մի քիչ ավելի են տեւում, ընդհանրապես չարժե քննարկել, որովհետեւ դրանք կա՛մ դասական երկերի էկրանավորումներ են («Սպանված աղավնին», «Երեք ընկեր»)՝ արված ճանաչողական նպատակով, կա՛մ քարոզչական նպատակ հետապնդող բազմասերիանոց ֆիլմեր («Մի վախեցիր»)։ Չենք քննարկի նաեւ երգիծական սերիալները կամ սիթքոմերը, թեպետ դրանք կատարում են կոմպենսացիոն գործառույթ՝ հումորի տարր ու ծիծաղ մտցնելով մեր մռայլ ու դաժան կյանքի մեջ։
Օճառային օպերան, որի թիրախային խումբն ավանդաբար տնային տնտեսուհիներն են, լավագույն օրինակն է, որով կարելի է քննել կոմպենսացիոն գործառույթը։ Կենցաղային հոգսերի մեջ խրված, իր մարմնի եւ հոգու համար ժամանակ չգտնող, միօրինակ ու ձանձրալի կյանքով ապրող տնային տնտեսուհիների համար օրվա լավագույն ժամը «կինոյի ժամն» է։ Դա սրբազան ժամ է, որը նրանք հաճախ անց են կացնում մտերիմ հարեւանուհու հետ՝ սրճելով եւ սերիալի հերոսների հոգեկան տվայտանքները վերապրելով, ինչպես իրենց սեփականը։
Օճառային օպերայի դասական նմուշները լատինաամերիկյան սերիալներն են։ Հայկական սերիալներից միայն «Դժբախտ երջանկությունն» ու «Աննան» են, որ մի քիչ մոտեցան օճառային օպերայի ժանրին՝ ընդգծված հերոսուհու առկայությամբ, մոխրոտի մոտիվի խաղարկմամբ եւ այլն։ Սակայն, ի տարբերություն լատինաամերիկյան սերիալների հերոսուհիների, որոնք հանուն սիրո հակադրվում են հասարակական բարքերին՝ այդպիսով կոմպենսացնելով տնային տնտեսուհիների՝ այդ բարքերին հակադրվելու անկարողությունը, այս սերիալների հերոսուհիները հեզ, համեստ, օրինապահ աղջիկներ էին՝ բոլոր առումներով գերազանցիկ եւ հլու-հնազանդ հասարակության մեջ ընդունված բարքերին։
Հայկական սերիալի գերիշխող տեսակը կրիմինալ սերիալն է, որի թիրախային խումբը տղամարդիկ են («Որոգայթ», «Կյանքի գինը» եւ այլն)։ Դատելով կրիմինալ սերիալների քանակից՝ կարելի է ասել, որ Հայաստանում սերիալները ստեղծվում են ոչ այնքան տնային տնտեսուհիների համար, որքան գործազուրկ տղամարդկանց։ Սերիալն այդպիսով կոմպենսացնում է նրանց հակասոցիալական հակումները եւ առաջարկում վարքի մոդելներ ու խոսքի մաներա, որը կօգնի նրանց ադապտացվել օրեցօր առավել կրիմինալ դարձող միջավայրում։
Կան սերիալներ, որոնք կրիմինալ թեմատիկայի եւ օճառային մոտիվի միքսն են ներկայացնում, եւ դրանք կարելի է անվանել ընտանեկան («Դժվար ապրուստ», «Վերվարածները» եւ այլն)։ Ընտանեկան սերիալների խմբում կարող է տեղավորվել նաեւ թեմատիկ «Բանակում» սերիալը, որը, չնայած սպեցիֆիկ տղամարդկային թեմատիկային, հասցեագրված է ամբողջ ընտանիքին։ Սերիալը պիտի կոմպենսացներ այդ ընտանիքների ժամանակավոր «կորուստը», ցույց տար նրանց բանակային կյանքը, որով ապրում է իրենց որդին, թույլ տար նրանց նույնպես ապրել այդ կյանքով։
Կոմպենսացիոն գործառույթի կիրարկման տեսանկյունից «Բանակում» սերիալը, թերեւս, ամենահաջողվածն է, քանի որ այն պատկերել էր հումորով եւ անչար չարաճճիություններով հագեցած բանակային կյանք՝ այդքան տարբեր նրանից, ինչ իրականում տեղի է ունենում բանակում։ Որքան շատանում է բանակում խոշտանգված, ինքնասպանության հասցված, սպանված կամ ինքնասպաված, թշնամու դիվերսիոն գործողությունների զոհ դարձած զինվորների քանակը, այդքան «Բանակում» սերիալում ավելի անչար են դառնում սպաները, առավել երգիծական՝ իրավիճակներն ու հերոսները։
Դժվար է գուշակել, թե սոցիալական որ խմբի համար էր նկարվում հայտնի «Որբերը» սերիալը եւ ինչին պիտի ադապտացներ շարքային հայ հեռուստասպառողին կամ հատկապես ինչը պիտի կոմպենսացներ։ Կարելի է միայն ենթադրել, որ սա մանկական կամ, ավելի ճիշտ, թինեյջերական սերիալի անհաջող փորձ էր, որն ավելի շատ հիշեցնում էր Վիլյամ Գոլդինի «Ճանճերի տիրակալը» վեպը։ Վեպում դեպքերի բերումով մի խումբ երեխաներ հայտնվում են անմարդաբնակ կղզում եւ կարճ ժամանակամիջոցում գազանանում են։ Կարելի է ենթադրել, որ թիրախային խումբը իրենց երեխաներին մանկատուն հանձնած ծնողներն էին, եւ սերիալը նպատակ էր հետապնդում ցույց տալու նրանց այն ծանր, անմարդկային կյանքը, որին նրանք դատապարտել են իրենց զավակներին՝ հընթացս, անշուշտ, խտացնելով գույները եւ ստեղծելով հիպերռեալիստական իրականություն, առավել «իրական», քան իրականությունն է։
Սա առհասարակ հայկական սերիալի ամենաբնորոշ առանձնահատկությունն է, որն ամենից շատ արտահայտվել է «Կյանքի կարուսել» կենցաղային ֆիլմաշարում։ Սերիան սերիայի հետեւից «Կյանքի կարուսել»-ը ներկայացնում է անելանելի իրավիճակները, որ հնարավոր ու անգամ անհնար են հայ իրականության մեջ։ Ընդ որում՝ առանց լուծումներ առաջարկելու, ի տարբերություն մեկ այլ կենցաղային ֆիլմաշարի՝ «Ընտանեկան պատմություններ»-ի, որը մեկի փոխարեն երեքն է առաջարկում:
Դժվար է բացատրություն գտնել հայկական սերիալի այս տարօրինակ առանձնահատկությանը։ Միգուցե պատճառն այն է, որ Հայաստանում լիամետրաժ ֆիլմեր քիչ են արտադրվում, եւ նրանք, ովքեր պիտի հեղինակային ֆիլմեր նկարեին, ստիպված են աշխատել սերիալների արտադրության ոլորտում։ Սա, իհարկե, կատակի կարգով, իրականում ուսումնասիրության կարիք ունի այս ֆենոմենը, թե ինչու են Հայաստանում սերիալներն իրենց պահում արթ-հաուզի պես, եւ ինչու են դրանք ստեղծողները սպառողների չունեցած երջանկությունը կոմպենսացնելու փոխարեն ամեն գնով ջանում ցույց տալ «կյանքի դառը ճշմարտությունը»։ Այն աստիճան դառը, որ սերիալների համեմատությամբ կյանքն, այն է՝ իրականությունը, առավել քաղցր է թվում։ Այո, սերիալի համեմատությամբ կյանքը պարզապես հիասքանչ է։
Արփի Ոսկանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: