2012.04.25,

Քննադատ

Հեռուստադաշտի «Mein Kampf»-ը

Մեր եթերում ապրիլի 24-ը կարող է մնալ ամենահակահեռուստատեսային իրադարձությունը։ Առավոտյան 9:30-ին բոլոր հեռուստաալիքներով նույն խոսքն է՝ շարունակվում է մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ։ Ասես տագնապ կա, որ այդ երթը քիչ հետո կանգ կառնի կամ հօդս կցնդի։

Այդ օրվա հեռուստալրատվական անդրադարձը կարող էր լինել ռեպորտաժները կամ ակնարկներն այն երկրներից, որոնք չեն ճանաչել կամ մտադիր չեն ճանաչել ցեղասպանությունը։ Լրիվ հակառակն էր. «Առաջին լրատվականը» պատմում է Լեհաստանում եւ այլուր հայ համայնքի ուժերով մատուցված պատարագների մասին, Հունաստանում հայ համայնքը բողոքի ցույց է անում Թուրքիայի դեսպանատան մոտ։ Կար նաեւ ԱՄՆ-ն, որն արդեն հոգնեցրել է հեռուստաասելիքից զուրկ չճանաչումով։ Ապրիլի 24-ին բոլոր հեռուստաալիքներով քեզ տեղեկացնում են այն, ինչ տարվա մնացած օրերին՝ Թուրքիան վաղ թե ուշ ստիպված կլինի ճանաչել հայերի ցեղասպանությունը։

Ընդ որում՝ սա ոչ թե փորձագետի խոսք է, այլ հեռուստալրագրողի՝ ասված ուղիղ եթերում Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Սենսացիայի համար միգուցե նաեւ ասե՞ր ճանաչման տարին, օրը եւ ժամը։

«Մենք կշարունակենք հետեւել իրադարձությունների զարգացմանը»,- Ծիծեռնակաբերդից ուղիղ եթերում ասում է «Հորիզոնի» լրագրողը։ Բայց Շարժական հեռուստակայանն առանց լրագրողի էլ «հետեւում է իրադարձությունների զարգացմանը»։

Հ2-ի լրագրողն ասում է՝ այս օրը մեկտեղել է ոչ միայն ընդհանուր վիշտը, այլեւ ընդհանուր պայքարը։ Իսկ մնացած օրերին դադարեցվու՞մ է ընդհանուր վիշտը եւ ընդհանուր պայքարը։ Լրագրողի խոսքը նմանվում է պետություն չունեցող մարդու խոսքին։ Լրագրողին ո՞վ պետք է սովորեցնի, որ պայքարը լինում է նաեւ խոսքի կամ տեքստի հանդեպ պատասխանատվության ոլորտում։ Չի կարելի պայքարը դադարեցնել տեքստի կառուցման դաշտում՝ շարունակելով ցեղասպանության ճանաչման գործում։

Յուրաքանչյուրի պայքար իրեն վերաբերող պատասխանատվության մեջ է, եթե դու արհամարհում ես տեքստը, եթե հանուրի խոսք ես ասում, որտեղ նորություն չկա, դու սկզբից դադարեցնում ես քո պատասխանատու լինելու «լիազորությունները», հետո սկսում ես պայքարդ։ Ու այդ պայքարի մեջ խոսքն իր տեղը զիջում է պաթոսին (մասնավորապես՝ Հ1-ի գլխավոր լրատվական եթերը)։

Ըստ իս՝ լրատվական ծրագրում պաթոսն անիմաստ է, նախ՝ այն պատճառով, որ հեռուստադաշտը տեղեկատվական օրգան է, այն ոչ թե առաջնորդում է կռվի դաշտ, այլ տեղեկություններ է հաղորդում կռվի դաշտից։ Ապրիլի 24-ին, ըստ մեր հեռուստաընկերության, ողջ հայ ժողովուրդը ի Հայաստանս եւ ի Սփյուռս աշխարհի, զինվորագրվում է։

Մինչդեռ հեռուստադիտողը զինվոր չէ, զորամասում ապրիլի 24-ին «Հորիզոն» կամ «Ուրվագիծ» նայող զինակոչիկը զինվորական չէ, նա հեռուստադիտող է, խոսեք նրա հետ, ինչպես հավասարը հավասարի։ Ըստ իս՝ հավասարը հավասարի ֆորմատով ծրագիր է «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» անվանումով բանավիճային թոք-շոուն, որը երեկ քաղաքական գործիչների միջոցով նախընտրական ամսվա շրջանակներում իմաստավորում էր ցեղասպանության միջազգային ճանաչման համար տարվող աշխատանքները։ Այդ հաղորդման մեջ զգացվում է հեռուստադիտողը՝ ի տարբերություն, ի դեպ, «Արմենիա» «Կենդանի մատյանի»։

Ի դեպ, մի հետաքրքիր իրողություն՝ 97 տարի շրջանառության մեջ է «վերապրածներ» արտահայտությունը։ Հետագայում, երբ գտնվել է «ցեղասպանություն» բառը, նրանք դարձել են «ցեղասպանությունը վերապրածներ»։ Այն պատահական չի ասվում։ Նշանակում է՝ այն պետք է իմաստավորվի։ Երբ բոլոր հեռուստաալիքները զրուցում են ցեղասպանությունը վերապրած 104 տարեկան կնոջ հետ, պարտադիր չէ, որ նրան ստիպեն հիշել Տեր Զորը եւ բավարարվել դրանով։ Նա կյանքն է խորհրդանշում, նա մեր կենսունակությունն է։ Նշանակում է՝ չարիքը պատմական կամ փիլիսոփայական հասկացություն չէ, այն մարդկային դեմք ունի, որը մերժվել է այդ կնոջ գոյությամբ։ Նա կարող էր պատմել, թե ով է ինքը հետագա 97 տարիների ընթացքում։

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *