2012.04.10,

Քննադատ

Ընտրությունները նաեւ դիմակահանդեսի ավարտ են ԶԼՄ-ների համար

Հայաստանի պայմաններում, երբ գովազդային շուկան փոքր է, ու թանկ են բոլոր այն միջոցները, որոնք առնչվում են մամուլի թողարկմանն ու տարածմանը, ընտրությունները լրատվամիջոցների համար ամեն ինչից զատ նաեւ փող աշխատելու միջոց են: Ուստի ԶԼՄ-ները սպասում են ընտրություններին՝ իբրեւ իրենց ցավերի յուրօրինակ համադարմանի՝ ուրախությունից շփելով ձեռքերը:

Թեկնածուները ԶԼՄ-ներին վճարում են ոչ միայն իրենց քարոզելու համար, երբեմն վճարում են նաեւ իրենց չանդրադառնալու, ուղղակի մրցակցի հակաքարոզչությունը չեզոքացնելու համար:

Եվ ընտրական շրջանում ականատես ես լինում արտասովոր փոփոխությունների. մեկ էլ հանկարծ արմատականից էլ արմատական ընդդիմադիր լրատվամիջոցը մասամբ դառնում է իշխանական գործիչների գովազդային գործակալ: Առաջին էջերում փնովում է իշխանությանը, իսկ վերջին էջերում գովերգում իշխանական որեւէ գործչի: Դեռ լավ է, եթե որեւէ կերպ նշան է դրվում, որ այդ հրապարակումը գովազդ է:

Բայց անկախ ամեն ինչից՝ մեղադրելու չէ: Լրատվամիջոց պահելը բարդ գործ է՝ մանավանդ մեր երկրում:

Սակայն ընտրական շրջանը նաեւ առիթ է դառնում, որ մի կողմ նետվեն դիմակները: Եվ պարզվում է, թե լրատվամիջոցը, որ միջընտրական ողջ շրջանում փորձել էր դրսեւորվել իբրեւ հավասարակշիռ ու անաչառ, միանգամից սկսում է հրապարակել բացահայտ ստեր՝ անգամ փորձ չանելով ճշտել դրանք: Ու մտածում ես՝ գուցե ճի՞շտ էին մարդիկ, որոնք պնդում են, թե տվյալ լրատվամիջոցը հենց սրա համար էլ ստեղծված էր. ուղղակի սպասելով «իքս» պահին՝ անցած ողջ տարիներին լսարան էր հավաքում, փորձում ձեռք բերել վստահություն:

Ու սա դեռ միայն խորհրդարանական ընտրություններն են, որոնց ընթացքում նման երեւույթները այդքան էլ ցայտուն չեն դրսեւորվում: Նախագահական ընտրությունների ընթացքում, ընդհանրապես բանի տեղ չդնելով անցկացվող դիտարկումները, հավասարակշռություն պարտադրող օրենսդրական դրույթները, առավել զանգվածային լրատվամիջոցները լծվում են ուղղորդված քարոզչությանը:

Այս հրապարակման մեջ որեւէ լրատվամիջոցի անուն չնշեցի, սակայն վստահ եմ, որ ուշադիր ընթերցողը, որ հետեւում է մեր կայքերին ու թերթերին (հեռուստաընկերությունների մասին  այլեւս ոչինչ չեմ ուզում ասել, նրանց առնչությամբ շատ վաղուց է ամեն ինչ պարզ), պիտի որ հասկանա, որ նշված բոլոր ակնարկներն ունեն խիստ կոնկրետ հասցեատերեր:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *