2012.03.28,

Քննադատ

Եղծ Ֆեյսբուքոյ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մի երկու ամիս առաջ Ֆեյսբուքում հայտնաբերեցի հայտնի ամերիկացի լրագրող Ֆարիդ Զաքարիայի էջը եւ մեծ հաճույքով բաժանորդագրվեցի։ Նրան կարդում են ահռելի քանակով ընթերցողներ, մեկնաբանում, տարածում են նրա գրածները։

Ինչ-որ մի պահի սկսեցի զգալ, որ մի բան այն չէ Զաքարիայի հետ։ Հետո հասկացա՝ նա չի զբաղվում Ֆեյսբուքում խմբից խումբ թափառելով եւ ամենուր CNN-ի էջից նյութեր տեղադրելով։ Դժվար է պատկերացնել, որ Զաքարիան օր ու գիշեր թափառում է «Փրկենք Օկլահոման», «Ազատագրենք Մեծ Լճեր», «Մենք ենք նյույորքցիներ» խմբերով եւ Լեյդի Գագայի մասին նյութի հղումներ գցում։ Բայց եթե Զաքարիան ապրեր ՀՀ-ում, շատ ավելի հեշտ կպատկերացնեի սա։ 

Երբ դեռ Ֆեյսբուքը համազգային հարթակ չէր դարձել, բլոգներում սակավաթիվ հայ լրագրողները տեղադրում էին իրենց գրած հոդվածները։ Մյուս բլոգերները կարդում, մեկնաբանում, վիճում, հայհոյում, փառաբանում էին։ Այն ժամանակ լրագրողը բլոգում նյութը դնում էր միայն ուրիշների կարծիքը լսելու համար, այլ ոչ թե կարդացողների կամ նույնիսկ մեխանիկորեն կտացնողների քանակը մեծացնելու։ Թրաֆիկը մեծացնելու համահայկական խնդիրը դեռ չէր ձեւավորվել որպես լիբիդոյին փոխարինելու եկած ժամանակի հրամայական։

Հիմա գրում եմ այս տողերը եւ նենց տպավորություն է, որ մի տասը տարի առաջ էր այդպես։ Բայց ոչ. դեռեւս երկու տարի առաջ թրաֆիկը երկրորդական էր, իսկ այժմ այն դեֆորմացնում է ոչ միայն տեղեկատվական դաշտը, այլեւ լրագրողի մասնագիտությունը եւ դերը հասարակության մեջ։

Մի հատ փորձ կատարեք՝ հերթով մտեք մի 10-20 ֆեյսբուքյան բաց խումբ, որտեղ երկու հազարից ավել մասնակից կա։ Գրեթե ամենուր նույն վիճակն է․խմբերն արդեն չեն տարբերվում մեկը մյուսից՝ լրագրողներն ամենուր ակտիվորեն տեղադրում են իրենց լրատվամիջոցների նյութերը։ Ընդ որում՝ դրանք հիմնականում պարզապես նորություններ են, այլ ոչ թե հոդվածներ, շատ հաճախ Հայաստանի հետ կապ չունեցող՝ այնքան, որ կարդացող լինի։ Խմբերում տեղադրում են նյութերը՝ անկախ խմբի անվանումից եւ նպատակից, մենակ թե մի երկու նոր կտոց լինի։

Մտնում ենք, օրինակ, «SOS Հրազդան» բնապահպանական խումբ, որը նվիրված է երկաթի բաց հանքին եւ դրա դեմ պայքարին։ Նայում ենք վերջին նյութերը։ Բարեբախտաբար, բնապահպան ակտիվիստները տեղադրում են թեմային վերաբերող գրառումներ։ Բայց դրանք խեղդվում են լրագրողական անկապ եւ աննպատակ նյութերի տարափում։ Իրար հետեւից գնում են հետեւյալ նյութերը, որոնք տեղադրված են հենց լրագրողների կողմից՝ «ԲՀԿ ցուցակ կազմողներն ու ռուսական շպիոնի հայտնվելը», «Միջազգային ֆուտբոլ – Աշխարհի ամենավատ մրցավարը՝ Իտուրալդո Գոնսալեսը պատրաստվում է ավարտել կարիերան», «Ասուլիս՝ Ալեքսանդր Մարգարով եւ Կարեն Քոչարյան»։

Սա մի օրինակ է, որը նկարագրում է գրեթե ամբողջ ցանցային տեղեկատվական դաշտը, այսօրվա շատ ու շատ լրագրողների հիմնական գործի մի մասը։ 

Եթե վերադառնանք Զաքարիային, մարդիկ գալիս են, որ կարդան նրան, մեկնաբանեն, շփվեն հետը։ Զաքարիան պարզապես մեկ օրինակ է։ Արդիական լրագրության արհեստավարժ ներկայացուցիչները դառնում են բյուրեղացման կենտրոններ, ուր ձգտում են ընթերցողները։ Հայկական լրագրությունը գնում է լրիվ հակառակ ուղղությամբ. փորձում է գալ բոլորիս մոտ, թակել դռները օրը մի քանի անգամ։ Բայց ի հակառակ Ձմեռ Պապին՝ լրագրողները գալիս են 365,25 անգամ ավելի հաճախ, եւ հաճախ անորակ նվերներով, ինչի պատճառով հայ լրագրությունը վերածվում է մարդուն հոգնեցնելու զբաղմունքի։

Իսկ եթե ավելի լուրջ, մեղքը հիմնականում խմբագիրներինն է, որոնք խրախուսում են այս մրցավազքը, որի պատճառով որակը զոհաբերվում է քանակին։ Քանի ընտրություններ են, հույս էլ չունենք, որ մի բան կգնա այլ ուղղությամբ։ Հետո՝ միգուցե։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *