2012.02.03,

Քննադատ

Ժամանցային լեգենդ աստվածաշնչյան մոտիվներով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երեկ Հանրային խորհուրդն իր ուշադրությունն ուղղել էր Աստվածաշնչյան լեգենդին, իսկ մեդիա համայնքը՝ Հանրային խորհրդին: Եվ արդյունքում հանրային շրջանառության մեջ դրվեց հերթական «հայրենանվեր» պրոյեկտը, որը միաժամանակ գոհացնում է եւ՛ իշխող կուսակցությանը, եւ՛ բիզնես դաշտին, եւ՛ խորհրդարանական ընտրությունների շեմին մոտեցած նոմենկլատուրային մտավորականներին:

Խոսքը «Նոյան տապան» թանկարժեք ու վեհաշուք շինության մասին է, որը պետք է կառուցվի «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ու, ըստ նախագծի հեղինակների, հայրենասիրական երանգ ունեցող բիզնես պրոյեկտ լինի:

Հետեւելով ենթադրյալ «Նոյան տապան» համալիրի լուսաբանմանը մեդիա դաշտում՝ կարելի էր նկատել, որ էկրանին ու տպագիր մամուլի էջերում ներկայացվող ինֆորմացիան խիստ տարբերվում էր: Հեռուստաալիքները հիմնականում անդրադարձան միայն Հանրային խորհդի որոշմանն ու ներկայացրեցին պրոյեկտի ջատագովների տեսակետները՝ անգամ չցուցադրելով երեք տախտակամած ունեցող ժամանցային օբյեկտի մակետն ու նրա չափսերը, որոնք, ի դեպ, չեն զիջելու օրիգինալի չափերին ու ծավալին՝ զբաղեցնելով 100 000 քմ հողատարածք (բուն տապանի երկարությունը լինելու է մոտ 133 մ, լայնությունը 23 մ, իսկ բարձրությունը 14 մ, սակայն այդ մասին մենք իմացանք հաջորդ օրը արդեն կայքերից):

Հեռուստաէկրանից խոսք անգամ չէիր լսի, որ ոմանք (թեկուզ հենց Հանրային խորհրդի անդամները) սկզբունքորեն դեմ են եղել այդ նախագծին, քանի որ միկրոֆոնը հայտնվում էր միայն այն մարդկանց մոտ, ովքեր ջերմեռանդ ողջունում էին ժամանցային համալիրի կառուցման գաղափարը: 

Էկրանին հայտնվեց նաեւ նախագծի կողմնակից, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, ով, թերեւս, ապագա պատվերի հույս ունի: Չէ՞ որ Նոյի տապանում մոտ 1 միլիարդ կենդանատեսակ է տեղավորվել, եւ բնական է սպասել, որ երեւանյան տարբերակում պետք է կերտել նրանց արձանները:

Պրոյեկտի նպատակահարմարության ու իրական գնի մասին չխոսեցին  ճարտարապետները, որոնք սովորաբար ակտիվ դիրքորոշում են ունենում Երեւանի արտաքին տեսքի խեղաթյուրումների դեպքում: Հեռուստալրագրողները կարծես մոռացել էին, որ հարկ է գոնե նմուշի համար հակառակ կարծիք էլ ներկայացնել ու, վերջիվերջո, ցուցադրել նորակառույցի հստակ վայրն ու ապագա տեսքը:

Փոխարենը գեղանի ելույթ էր ունենում գրող Մերուժան Տեր-Գուլանյանն ու ասում, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ այս պրոյեկտի համար փող տվող կա, իսկ Նոյին հարկավոր է կապել մեր հանրապետության հետ, քանի դեռ դա չեն արել ուրիշները:

Հակառակ (հիմնականում սկեպտիկ) տեսակետների հետ կարելի էր ծանոթանալ միայն կայքերում ու թերթերից, որոնք էլ բավականին ազատ մեկնաբանումների շարան էին ստեղծել՝ կապելով այդ նախագիծը կանաչ տարածքների ոչնչացման նորօրյա ավանդույթի ու խորհրդարանական ընտրությունների նախօրեին «պաշտոնական մտավորակններին» քննարկելու թեմա տալու հետ:

Ինֆորմացիայի մատուցման նման բեւռացումը խիստ զայրացնող է, մանավանդ այն դեպքերում, երբ խոսքը իրապես հանրային շահի մասին է: Եվ պատճառն, իհարկե, լրագրողների ներքին ու արտաքին վերահսկումն է՝ ինքնացենզուրան, որի հետեւանքով ինֆորմացիայի բեկորները դասավորվում են այնպես, ինչպես հարկավոր է «վերեւներին», նույնիսկ եթե վերեւները այդ մասին տեղյակ չեն:

Վերեւում գտնվողը (Բարձրյալը), թերեւս, շատ է զվարճանում: 

Քանի որ կենդանիներով լեցուն տապանով կյանքը վերածնելու հաջող փորձը բիբլիական լեգենդ է, բնական է ենթադրել, որ «Սուրբ գրքի» էջերից մեկի թանգարանային-ժամանցային վավերացումը պետք է անցկացվի հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո: Հավատացյալ հոտի ավելացման խնդիր ունեցող մեր եկեղեցին այս նախագիծը կարող է ընկալել որպես մատաղ սերնդին ճշմարիտ արժեքների հետ ծանոթացնելու առիթ:

Մանավանդ, որ խոսքը ֆլորայի ու ֆաունայի մասին է, իսկ կենդանիներին, բնաշխարհն ու մաքառող հերոսներին սիրում են անխտիր բոլոր երեխաները:

Կարծում եմ, ժամանացային տապանի կառուցումը իր ձեռքի տակ պետք է առնի անձամբ կաթողիկոսը: Նույնիսկ եթե դրա համար հարկ է հրաժարվել երեւանյան նստավայրի կառուցումից, որի հանրային էֆեկտը մինուս նշանով է:

Նշենք, որ «Նոյան տապանը» բիզնես-պլան է, որին փող են հատկացնում որոշ գործարարներ (նշվում էր 3 միլիոն դոլարը): Նախագիծը ներկայացվում է որպես «գիտակրթկան պատմամշակութային համալիր», որի տարածքում գործելու են հյուրանոց ու ռեստորան: Այսինքն՝ մի կաթսայի մեջ են լցվել պատմությունը, կրթությունը, մշակույթը, խոհանոցն ու հանգիստը, վրան ավելացվել են հայրենիքի փառաբանման ու կրոնական սուոսները:

Թող աշխարհը տեսնի, որ Նոյը, տապանն ու միջի պարունակությունը մերն են, ինչպես եւ մերն են Հանրային խորհուրդը, հանրային հեռուստատեսությունն ու հանրային այգիները:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *