Դիմակահանդես լրավարակի ժամանակ․ մեդիագրագիտության փառատոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է «Դիմակահանդես լրավարակի ժամանակ» մեդիագրագիտության առցանց փառատոնը։

Այսօր, երբ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, մեդիան ողողված է ապատեղեկատվության վարակով, որը ստացել է լրավարակ անվանումը․ կեղծ տեղեկությունը, մոլորեցնող նյութը, բռնության ու ատելության քարոզը, բամբասանքը նույնպես կարող են վարակիչ լինել։ Մենք ստիպված ենք զգուշավոր լինել լրավարակի ժամանակ, վերանայել լրատվությունը սպառելու և տարածելու վարքագծի կանոնները, որդեգրել տեղեկատվական հիգիենայի նոր սովորություններ։

«Դիմակահանդես լրավարակի ժամանակ» մեդիագրագիտության փառատոնի նպատակն է մի քանի ամիս տևող օնլայն տեղեկատվական արշավի, դասընթացների, դիտումների, քննարկումների և այլ միջոցառումների օգնությամբ հանրությանը փոխանցել հմտություններ և տեղեկություններ լրատվությունը հասկանալու, կեղծն ու հավաստին տարբերելու, ստուգելու, մանիպուլյացիաներից խուսափելու, որակյալ լրագրությունը գնահատելու վերաբերյալ՝ ներգրավելով մարդկանց մեդիագրագիտության թեմայով հանրային քննարկման մեջ։

Փառատոնի մաս է հանդիսանալու նաև տեղեկատվական արշավը։ Գալիք ամիսների ընթացքում սոցիալական հարթակներում կտարածվեն մեդիագրագիտության թեմայով օգտակար հոդվածներ, ֆիլմեր, հոլովակներ, ինտերակտիվ հարցումներ և խաղեր։

«Դիմակահանդես լրավարակի ժամանակ» մեդիագրագիտության առցանց փառատոնի կանցկացվի Երևանում և ՀՀ ութ մարզերում`

  • Տավուշ՝ հուլիսի 15,
  • Շիրակ՝ հուլիսի 16,
  • Արագածոտն՝ հուլիսի 17,
  • Սյունիք՝ հուլիսի 20,
  • Արմավիր՝ հուլիսի 21,
  • Լոռի՝ հուլիսի 22,
  • Վայոց ձոր՝ հուլիսի 23,
  • Գեղարքունիք՝ հուլիսի 24

«Դիմակահանդես լրավարակի ժամանակ» մեդիագրագիտության առցանց փառատոնի նորությունները տարածելու և գտնելու համար կիրառվում է #դիմակահանդես հեշթեգը:

Փառատոնն իրականացվում է «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում, որը նպաստում է լայն հասարակության կողմից մեդիայի քննադատական, կոմպետենտ և ակտիվ սպառմանը։ Ծրագիրն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպությունը և Մեդիայի զարգացման հիմնադրամը (Վրաստան)՝ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Փառատոնին աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ-ն՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

լոգո


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *