training_cover_2

Ապրիլի 19-20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը  և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված լրագրողներին և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին  հրավիրում են երկօրյա  դասընթացի, որը ֆինանսավորվում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից։

Դասընթացը Հայաստանի ընդերքօգտագործման և հանքարդյունաբերության խնդիրների, հատկապես Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) մասին է: Այն  նպատակ ունի իրազեկել մասնակիցներին ոլորտի  փոփոխությունների մասին և ներգրավել նրանց թեմայի շուրջ հանրային քննարկումներում։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայումս անդամակցում են 50-ից ավելի երկիր։  Մեկ տարի առաջ, 2017թ-ի մարտի 9-ին, Հայաստանը դարձավ ԱՃԹՆ անդամակցության թեկնածու և պարտավորվեց այս ստանդարտին համապատասխանեցնել ընդերքօգտագործման ու հանքերի շահագործման ոլորտը: Մինչև 2018թ-ի սեպտեմբերը Հայաստանը պետք է հրապարակի ԱՃԹՆ իր առաջին զեկույցը։ 

Դասընթացի շրջանակում մասնակիցների հետ կքննարկվեն Հայաստանին ներկայացված ԱՃԹՆ հիմնական պահանջները (ստանդարտները)՝ ընդերքօգտագործման թույլտվությունների, հանքերի շահագործման արտոնագրերի, պայմանագրերի, հանքարդյունաբերող ընկերությունների կառավարման, ոլորտի իրական սեփականատերերի և նրանց եկամուտների բացահայտման վերաբերյալ։

Գործնական դասաժամերն ու առաջադրանքները կօգնեն ավելի հմտորեն օգտվել հանրային տվյալների բազաներից, հետևել արդյունահանող ընկերությունների գործունեությանը և բացահայտել տեղեկությոններ, որոնք կարող են լրագրողական և փորձագիտական վերլուծությունների հիմք դառնալ։

Դասընթացը կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Մասնակցության համար անհրաժեշտ է  ուղարկել համառոտ կենսագրական (CV) և  նամակ-հիմնավորում, թե ինչու եք հետաքրքրված և ինչ եք ակնկալում դասընթացից։ Եթե ունեք թեմայի շուրջ հոդվածներ, վերլուծություններ, խնդրում ենք  տրամադրել հղումները։

Մասնակցությունն անվճար է։ Մարզերից մասնակիցների  ճանապարհի և կեցության ծախսերը կհոգան կազմակերպիչները։   

Դիմում-հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2018թ-ի ապրիլի 12-ը։ Տեղերը սահմանափակ են, մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  010 583620,  055 89 57 00, Նարինե Սաֆարյանին։ 

Դասընթացն անցկացվում է «Աջակցություն հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ իրագործելու և ընդերքօգտագործման թույլտությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի շրջանակներում,  որը ֆինանսավորվում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից։