2011.10.04,

vox populi

Ինտերնետային ուղիղ եթերը Ազատության հրապարակից

Աշուն է, «ճտերը» հաշվելու լավագույն ժամանակը: Ժամանակ, որ հատկապես այս տարի «թռավ ու անցավ» այնպես աննկատ, որ դու սուս: Ազատության հրապարակ են եկել մարդիկ, ովքեր հաշվել են «ճտերը», ու տեսել, որ մի բան ընենց չի, «ճտերը» քիչ են, բայց ասում էին` շատ է լինելու: Ու հիմա նրանք հավաքվել են Ազատության հրապարակում հաշվում, հանում, բազմապատկում ու բաժանում են` հա էլի, քիչ է:

Ու ըտենց որոշվեց, որ մեկ շաբաթ նստացույց պիտի արվի ու հրապարակ մտան վրանները… Բանից անտեղյակ մարդն Ազատության հրապարակով անցնելիս կմտածի, որ մի խումբ մարդիկ եկել ու իրենց հանգիստն են վայելում Ազատության հրապարակում: Ճիշտ է, դա բոլորիս երազանքն էր` վրան խփել Ազատության հրապարակում, խարույկ վառել Ազատության հրապարակում, պարեր պարել Ազատության հրապարակում, երգեր երգել Ազատության հրապարակում: Սակայն այդ ամենը դադարեց ոմանց համար երազանք լինելուց 2008 թվականից:

Սակայն ինչպես ասում են` «լավագույն նորը` մոռացված հինն է», այնպես որ` այսօր եւս Ազատության հրապարակում վրաններ են, տրամադրությունը` նույնն է , սպասելիքներն էլ` կրկնապատկվել են:

Իսկ ի՞նչ է կատարվում սոցիալական կայքերում` մասնավորապես ֆեյսբուքում: Այստեղ կյանքն ուղղակի «եռում» է, կարգավիճակներ, մեկնաբանություններ, լայքեր ու վեճեր, այն էլ` գաղափարական: Եթե նախորդ տարի ընդդիմադիրները չէին օգտագործում սոցիալական կայքերը, սոցիալական մեդիան, ապա այսօր համոզվել են, որ հենց այստեղ կգտնեն իրենց համախոհներին:

Ու այսպես, սոցիալական կայքերում`մասնավորապես ֆեյսբուքում, սկսվում են կոչեր, Ազատության հրապարակ կանչող «եկեեեեեեեեեե~ք, հավես ա»-ներ, «Իսկ դու դեռ Facebook-ո՞ւմ ես, դուրս արի եւ շարժվիր դեպի Ազատության Հրապարակ», «Էկեք երկիր սարքելու (էդ շինելու հակառակն ա)» վերլուծություններ, ու մարդիկ, որ անդադար կրկնում են՝ «Չեմ հասկանում էն մարդկանց, ով հիմա Ազատության հրապարակում չեն», «Այսօր՝ ժամը 18:30 դուրս արի փողոց, շարժվի դեպի Ազատության Հրապարակ եւ ոչինչ մի արա»: Թվիթեր միկրոբլոգում բազում հաշթեգեր են ստեղծվել, որտեղ գրվում են նմանատիպ կոչեր:

Սոցիալական մեդիա….նա գրում է ամեն մի մանրուք, որովհետեւ գիտի, որ ազգս նստել է ու դրան է սպասում` կապույտ էկրանի առջեւ: Մի շարք ինտերնետային կայքեր նույնիսկ ուղիղ եթեր էին ապահովում, անմիջապես գրում են` Լեւոնը ձախ ձեռքը բարձրացրեց, հետո` աջ: Անպայման հեղինակը նշում է իր հեղինակավոր կարծիքը:

Ու հանկարծ լուր տարածվեց կրկին էլեկտրոնային մամուլի կողմից, որ փակ են Ազատության հրապարակին հարակից սրճարանները, հասարակական զուգարանները, ու «բոթը» տարածվեց, ու ոմանք էլ եզրակացրին, որ սա «շրջափակման» նման մի բան է, ստիպում են լքել Ազատության հրապարակը:

Ու անմիջապես հավաքեցի Ազատության հրապարակին հարող սրճարաններից մեկի աշխատակցի համարը, ու նա բացատրեց, որ անձրեւներ են, ցուրտ է, ու մարդիկ չեն նստում բացօթյա սրճարաններում, ուստի փակել են: Ահա, թե ինչ, իսկ մենք ուր էինք հասել ու ինչ էինք մտածում:

Եթե նկատել եք, ապա մարդկությունը սկսել է ավելի շատ կարեւորել սոցիալական մեդիան, ավելի է հավատում նրան, քան, ասենք, ավանդական մեդիային, քանզի այս նոր մեդիան ավելի ինտերակտիվ է, ու այստեղ մեդիան կարող է հանդիսանալ նաեւ անհատը. նա տեսել է, ֆիքսել է ու տեղադրել է իր բլոգում, այսինքն՝ մենք տեղեկություն ենք ստանում հենց «առաջին ձեռքից»:

Ու հենց այս արագ տեմպն է մեղավորը, որ սոցիալական մեդիան շատ անգամ շտապում է ու ոչ ճշգրիտ տեղեկություն է հայտնում, սակայն պատասխանատվության ենթարկվելու մասին խոսք լինել չի կարող:

Աշուն է, ու վրաններ են Ազատության հրապարակում…

Անի Սմբատյան
բլոգեր

Դպրոցը՝ գ. Ագարակաձորի Յ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Խ.Աբովյանի անվան հայակական պետական մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ
Սիրելի գիրքը՝ Ս. Ցվայգի «Մարդկության աստեղային ժամերը»
Սիրելի երաժշտություն՝ ամեն երաժշտական ոճ հաճո է ականջիս, բացի ռաբիզից
Սիրելի սպորտաձեւը՝ դիտել՝ ֆուտբոլ, խաղալ` բասկետբոլ
Սիրելի արտահայտություն՝ «Եթե գաղափարը լավն է, գինն էական չէ»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *