2011.04.13,

vox populi

Լրատվական կայքերում բացակայում է ինքնուրույնությունը

Աշխատանքի բերումով համակարգիչը դարձել է իմ անբաժան ընկերը: Այն ինձ հետ է օրվա մեծ մասը, քանի որ հիմնական աշխատանքս կապված է տեղեկատվության, նյութերի հայթայթման հետ, ինչը մեծ մասամբ հնարավոր է անել համացանցի օգնությամբ: Համացանցը միևնույն ժամանակ թույլ է տալիս հետևել համաշխարհային անցուդարձին: Ինձ քաղաքացիական հասարակության մասնիկ եւ կերտողներից մեկը համարելով՝ անհրաժեշտություն եմ համարում նորություններին հետևել, քանի որ իրազեկվածությունը կարևոր «զենք» է քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ լինելու համար: Որպես իրազեկվածության հիմնական միջոց` նախընտրում եմ էլեկտրոնային թերթերն ու պարբերականները մի քանի պատճառով. տեղեկատվության ստացման  էլէկտրոնային միջոցները առավել արագ են արձագանքում հասարակական փոփոխություններին, ավելի արագ են նորությունները հասցնում ընթերցողին, համակարգչի հետ կապված աշխատանք կատարողների համար ավելի հարմար է էլեկտրոնային տարբերակներ կարդալը, և, վերջապես, էլեկտրոնային լրատվամիջոցների շրջանակներում այլընտրանքային մոտեցումներն ու մեկնաբանությունները  միևնույն հարցին ավելի բազմազան են, քան տպագիր կամ հեռուստատեսային տարբերակներում: Ես հիմնականում ընթերցում եմ տարբեր ուղղվածություններ որդեգրած տեղեկատվական աղբյուրներ` վերլուծելով և եզրահանգումներ անելով ինքս ինձ համար:

Հայաստանում գործող լրատվական կայքերում, իմ կարծիքով, շատ հաճախ բացակայում է ինքնուրույնությունը այն առումով, որ սեփական աղբյուրների բացակայության պատճառով` ավելի շատ հղումներ են կատարվում այլ լրատվամիջոցների: Սա սահմանափակում է այլընտրանքային տեղեկատվության ստացումը, քանի որ, ի վերջո, հանգում ես մեկ աղբյուրի: Այս հարցը արդիական է դառնում մասնավորապես Հայաստանի մարզերի, Արցախի և Ջավախքի մասին տեղեկատվությունը ուսումնասիրելիս:

Լրատվական կայքերի մեկ այլ թույլ կողմ եմ համարում վերլուծական հոդվածների սակավությունը: Տեղեկատվական հոդվածները կարևոր են, սակայն վերլուծական մոտեցումը` համադրելով և ամփոփելով տեղեկատվությունը, պակաս կարևոր չէ:

Համացանցի կարևորությունը և անհրաժեշտությունը օրեցօր աճում է` միաժամանակ ամրապնդելով նաև էլեկրոնային լրատվական աղբյուրների դերը տեղեկատվության հիմնական աղբյուրների ցանկում: Տպագիր թերթերի մշակույթը Հայաստանում կորցրել է իր գերակայությունը` գրավելով ավելի փոքր զանգվածների ուշադրությունը, մինչդեռ էլեկտրոնային մամուլը, իր գործառույթներից ելնելով, ամրացնում է իր տեղը տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրների շարքում` իր տեղը դեռևս զիջելով հեռուստատեսությանը:

Լուսինե Սաղումյան
Սոցիոլոգ

Համալսարանը՝ Երեւանի եւ Թբիլիսիի պետական համալսարանները
Դպրոցը՝ Վանաձորի N 28 դպրոց, N 1 վարժարան
Սիրելի արտահայտությունը՝ «Մի դատիր, որ չդատվես»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *