Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ կամ մեդիադերակատար ձերբակալող երկրների ցանկում։
Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» հրապարակած տարեկան զեկույցում ասվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում կա կալանքի տակ գտնվող երկու լրագրող։
Փորձագետներն ասում են, որ Հայաստանն այս ցուցակում հայտնվել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու համար։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ «Իմնեմնիմի» եթերից հնչել է վիրավորանք, հայհոյախոսություն, ինչը դատապարտելի է, բայց «իշխանությունը տվել է անհամապատասխան կոշտ պատասխան»՝ կալանավորելով նրանց։
«Երկու փոդքասթերները հայտնվեցին ճաղերի հետևում, ինչը չէր կարող վրիպել Արևմուտքի աչքից։ Առհասարակ, աշխարհում շատ դեպքեր կան, երբ լրագրողներին լռեցնելու համար շինծու քրեական գործեր են հարուցում նրանց դեմ, ձերբակալում են, ուստի այս տեսանկյունից պլատֆորմը հետևում է միջադեպերին։ Հիմա Հայաստանում խոսքի համար մարդիկ հայտնվել են ճաղերի հետևում։ Սա փաստ է, բայց այն պետք է դառնա ազդակ իշխանությունների համար՝ վերանայելու մոտեցումները։ Խոսքի ազատությունը, ինչպես ասացի, չարաշահվել է, բայց ամիսներով նրանց ճաղերի հետևում պահելը անհամաչափ միջոց է եղել՝ իրավախախտման դեմ պայքարի»,- ասաց Աշոտ Մելիքյանը։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն էլ համաձայնեց, որ փոդքասթի վարողների նկատմամբ կիրառվել է խիստ միջոց, որն ընդունելի չէ, ինչը ստիպում է մտածել, որ այդ քայլին դիմելու համար «կան քաղաքական դրդապատճառներ, ամենայն հավանականությամբ, նրանց հանրային խոսքը իշխանությունների համար վտանգավոր է»։
Ինչ վերաբերում է նրան, որ թեև Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը փոդքասթի վարողներ են, բայց լրագրողներ չեն, արդյոք ընդունելի՞ է, որ ոչ լրագրող մարդիկ հայտնվել են լրագրողների ձերբակալության ցանկում, փորձագետները պատասխանեցին, որ մեդիադաշտում գործող անձերի ու լրագրողների միջև սահմաններն այլևս միաձուլվել են։
«Ես լրագրող եմ համարում անձանց, ովքեր իրենց գործունեության ընացքում իրենց պարտքն են համարում հետևել լրագրողական էթիկայի նորմերին։ Եթե անձը, ով իրեն իդենտիֆիկացնում է որպես լրագրող, չի հետևում էթիկական նորմերին, ինձ համար դադարում է լրագրող լինել։ Այլ հարց է, որ տեխնոլոգիաների զարգացման միջավայրում եզրերը՝ լրագրողի ու ոչ լրագրողի միջև հեղհեղուկ են դարձել, չկան։ Բլոգերները, յութուբերները, ինֆլյուենսերները մեծ հաշվով հանդես են գալիս որպես ինֆորմացիոն գործունեություն իրականացնող, նրանց ընկալում են այդպիսին։ Այդ մարդիկ կարող են ունենալ ավելի մեծ լսարան, քան՝ լրագրողները, այդ մարդիկ կարող են բարձրացնել ավելի մեծ հանրային հնչեղության հարցեր, քան՝ լրագրողները․․․ Բայց, կրկնում եմ, սա չի նշանակում, որ նրանք հայհոյախոսությունը պետք է դարձնեն հանրային խոսքի մաս»,- ասաց Աշոտ Մելիքյանը։
Բորիս Նավասարդյանն էլ այս առնչությամբ ասաց, որ ջրբաժան չկա՝ տեղեկատվական միջավայրում արտադրանք ներկայացնող, լսարան ունեցող մարդիկ կարող են համարվել լրագրողներ։ «Վերլուծությունները, իրադարձությունների մեկնաբանումը, դրանք ներկայացնելը, այն էլ՝ պարբերաբար, ժամանակացույցով, կարելի է ընկալել որպես լրագրություն։ Պնդել, որ նրանք լրագրողներ չեն, արդեն բավարար հիմքեր չկան»,- ասաց ԵՄԱ պատվավոր նախագահը։
Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, նախընտրական զարգացումների համատեքստում է և ցանկացած մարդ, որը ականատեղ է եղել համահեղինակ-վարողների ձերբակալությանը, կունենա վախ, որ ինքն էլ կհայտնվի այդ իրավիճակում։ Հետևաբար, Նավասարդյանի խոսքով, կատարվողը խոսքի ազատությանը չնպաստող երևույթ է։