Նվարդ Մարգարյան

Անընդհատ փոփոխվող աշխարհն ու ամեն օր ի հայտ եկող նոր մարտահրավերները փոխել են մեդիայի նկատմամբ պատկերացումներն ու ակնկալիքները։  

Ապատեղեկատվությունն ու մեդիայում կեղծ լուրերի տարածվածությունը լրջագույն խնդիրներ են, որոնք ազդում են մեդիայի հանդեպ հանրային վստահության մակարդակի վրա։  

«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը՝ իր «Ապատեղեկատվությունը Հայաստանում․ հանրային ընկալումների ուսումնասիրություն»-ը հետազոտության միջոցով առանձնացրել է հանրային դիսկուրսում տարածված ապատեղեկատվական թեզերը և փորձել հասկանալ դրանց հանրային ընկալման առանձնահատկությունները։ Media.am-ը զրուցել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, հետազոտող Նվարդ Մարգարյանի հետ։  

Նվարդ, վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները էականորեն ազդել են նաև մեդիայի ու մեդիասպառողի փոխհարաբերությունների վրա։ Եթե վերջին մի քանի տարիների Ձեր ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջացնենք, ի՞նչ պատկեր կստանանք։  

Վերջին տարիներին՝ հատկապես պատերազմից հետո, էական փոփոխություններ են եղել։ Մեր նախորդ հետազոտություները փաստում էին, որ մարդիկ տոտալ անվստահություն ունեն մեդիայի հանդեպ։ Ինչը զարմանալի չէ, քանի որ պատերազմից հետո մինչև օրս անվտանգության հարցերի հետ կապված ապատեղեկատվության հոսքը բավականին մեծացել է։ Դրա արդյունքում մարդկանց համար վստահելի աղբյուրները փոխվել են։

Դասական մեդիայից ինֆորմացիա ստանալու փոխարեն, մարդիկ ավելի շատ միմյանցից են փորձում տեղեկություն ստանալ։

Օրինակ՝ սահմանամերձ շրջաններին վերաբերող լուրերը փորձում են ճշտել տեղի բնակիչներից կամ պաշտպանության համակարգում աշխատող իրենց ծանոթներից։  

Ակնհայտ էր, որ մարդիկ անհանգստանում էին, լարվում էին մեդիայում տարածվող ապատեղեկատվության ազդեցությունից․ հենց այս խնդիրներն էլ դարձան պատճառ նոր հետազոտություն իրականացնելու համար։   

Եթե չեմ սխալվում, այս հետազոտության ընթացքում բավականին ծավալուն դաշտային աշխատանք եք իրականացրել․ եղել եք ՀՀ բոլոր մարզերում ու զրուցել բնակիչների հետ։  

Այո՛, եղել ենք Հայաստանի բոլոր մարզերում ու ամեն տեղ երկուական քննարկում արել՝ թե՛ գյուղական, թե՛ քաղաքային համայնքներում։ Երեք քննարկում էլ Երևանում ենք իրականացրել։ Ընդհանուր առմամբ 23 ֆոկուսխմբային քննարկում է արվել։ Տարիքային առանձնահատկությունները հասկանալու համար էլ մասնակիցներին բաժանել էինք երկու խմբի՝ 19-ից 35 և 36-ից 50 տարեկաններ։  

Հետազոտությունն իրականացրել ենք երկու փուլով։ Առաջին փուլում փորձագիտական հարցազրույցներ ենք արել մեդիաոլորտի փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Փորձագիտական հարցազրույցներից դուրս ենք բերել դաշտում առկա խնդիրները, հետո երկրորդ փուլով անդրադարձել ենք դրանց ֆոկուսխմբային քննարկումների ժամանակ։  

Փորձագետների ու մասնակիցների բարձրացրած խնդիրները որքանո՞վ էին նման ու տարբեր։   

Կարող ենք ասել, որ փորձագետների ու մասնակիցների տեսակետներում որոշ թեմաների դեպքում ակնհայտ խզում կար, որոշ թեմաների դեպքում էլ կարծիքները նմանօրինակ էին։  

Օրինակ՝ թեմատիկ առումով փորձագետները նշում էին, որ հիմնականում մարդկանց հետաքրքրում են ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաները։ Սակայն նաև շեշտում էին, որ մարդիկ պատերազմից հետո շատ հոգնած են և ավելի շատ որոնում են ավելի թեթև լուրեր, կենցաղային կամ շոուբիզնեսին վերաբերող թեմաներ։ 

Մասնակիցներն էլ ասում էին, որ պատերազմից հետո կորցրել են մեդիայի նկատմամբ վստահությունը։ Հետազոտությունը ևս մեկ անգամ փաստեց, որ պատերազմից հետո մինչ օրս էլ մարդկանց օտարումը մեդիայից օրեցօր խորանում է։  

Տեսանելի է, որ այդ խզումը «Հաղթելու ենք» դիսկուրսի տապալումից ու իրականություն վերադառնալուց հետո է սկսվել։

Ընդունելով, որ հաճախ ապատեղեկատվություն տարածողը հենց պետական մարմիններն են, մասնակիցները նշում էին, որ, այնուամենայնիվ հաճախ դիտարկում են պետական մարմիններին՝ որպես ինֆորմացիան ստուգելու առաջնային ու հավաստի աղբյուր։  

Ասում էին, որ փնտրում են հավաստի ինֆորմացիա, սակայն զուգահեռաբար նաև ավելացնում էին, որ պատերազմից հետո առաջացած ապատիան երբեմն ստիպում է թվացյալ խաղաղ իրականություն ստեղծել ու հավատալ դրան։ Օրինակ Հանրային հեռուստաընկերության լուրերն են նայում ու ուզում են հավատալ, որ հենց դա է իրականությունը։  

Փորձագետների կարծիքով մեդիասպառողն այսօր փնտրում է ավելի շատ մեկնաբանող, վերլուծական բովանդակություն։ Դա է պատճառը, որ ավելի շատ են հետևում բլոգերների, քաղաքական վերլուծաբանների, քաղաքագետների հրապարակումներին։ Սակայն այս պատկերը չէր արտացոլվում ֆոկուս խմբային քննարկումներում։ Հարցման մասնակիցները նույնիսկ դժվարանում էին անուններ նշել, թե ում են հետևում։ Եթե նախկին հետազոտությունները ցույց էին տալիս, որ մարդիկ հետևում են կոնկրետ էջերի և ստանում կոնկրետ ինֆորմացիա, ապա այս հետազոտության արդյունքներով պարզ է դառնում, որ հիմա մեդիասպառողը պարզապես սքրոլ է անում։ Հստակ էջերի չի հետևում, հստակ ընտրություն չի անում, սպառում է այն, ինչ ընկնում է ձեռքի տակ։  

Իսկ ըստ տարիքային խմբերի ի՞նչ տարբերություններ էին նկատելի։ 

Տարիքային առանձնահատկությունների մասին խոսելով՝ կարող ենք ասել, որ երիտասարդները հիմնականում հետաքրքրված չեն քաղաքական թեմաներով։ Նրանք ավելի շատ հետաքրքրված են ժամանցային կոնտենտով։  

Կախված տարիքից տարբեր էր նաև հարթակների ընտրությունը։ Համեմատաբար ավելի մեծահասակների համար դեռևս ավելի վստահելի ու հարմար է հեռուստացույց դիտելը։ Իսկ ավելի երիտասարդները հակված են տեղեկատվությունը ստանալ բլոգերներից կամ ինֆլուենսերներից։  

Կա երկու խնդիր՝ մի կողմից դասական մեդիան, գուցե չի խոսում այն մասին, ինչ հետաքրքիր է երիտասարդներին, մյուս կողմից էլ հնարավոր է, որ իրենք չեն ուզում լսել, թե ինչ է ասում դասական մեդիան և նախընտրում են բլոգերներին ու ինֆլուենսերներին։

Թեմատիկ առումով հետաքրքրությունները հիմնականում պայմանավորված են մասնագիտական կողմնորոշմամբ ու ժամանցային թեմաներով։  

Ելնելով հետազոտության արդյունքներից՝ որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ ճանաչել ու դիմագրավել ապատեղեկատվությանը։   

Տարիքային տարբերությունից ելնելով՝ պետք է ասել, որ մեծահասակներն ավելի խոցելի էին ապատեղեկատվությունների նկատմաբ։  

Աշխարհագրական առումով ապատեղեկատվության ազդեցության մակարդակը ևս շատ տարբեր է։  

Եթե մենք օրինակ Երևանում տեսականորեն ենք խոսում ապատեղեկատվության ազդեցության, բացասական հետևանքների մասին, ապա սահմանամերձ շրջանների բնակիչների վրա դա անմիջական ազդեցություն է ունենում։ Օրինակ, երբ նրանք կարդում են մեդիայում, որ իրենց համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել, այդ լուրը շատ ավելի խոցելի է դարձնում այդ համայնքի բնակչին, ազդում է նրա առօրյայի ու կյանքի որակի վրա։ Նրանք կարող են դրսում անծանոթ մեկին տեսնել ու այդ լուրերի ազդեցության տակ վախի զգացողություն ունենան։ Մեդիան պետք է հասկանա, որ մասամբ ինքն է ձևավորում սահմանամերձ համայնքներում մարդկանց առօրյան։ 

Կարելի է ասել, որ մարդիկ մեդիագրագիտության որոշակի տեսական հմտությունների տիրապետում են։ Սակայն, երբ խաղի միջոցով գործնականում ստուգում էինք նրանց գիտելիքները, հակառակ պատկերը ստացանք։ Մենք մեդիայից առանձնացրել էինք վեց լուր, որոնք վեցն էլ ապատեղեկատվություններ էին և խնդրել էինք, որ մասնակիցները քննարկեն։ Պարզվեց, որ տեսական հմտությունները նրանք գործնականում չեն կարողանում կիրառել ու հասկանալ, որ գործ ունեն ապատեղեկատվության հետ։  

Մասնակիցները նաև պատմում էին, որ մեդիայի բևեռացվածությունը հաղթահարելու համար նրանք նույն լուրը փնտրում են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևին հարող լրատվամիջոցներում։ Սա նոր մոտեցում է, որով հասարակությունը կարծես փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Սակայն կային դեպքեր էլ, երբ մասնակիցները վստահում էին միայն այն ինֆորմացիային, որն ավելի մոտ էր իրենց կարծիքին և համոզմունքներին։ Այն լուրը, որի հետ իրենք համակարծիք չէին համարում էին ապատեղեկատվություն։  

Իսկ ապատեղեկատվության դեմ պայքարելու ի՞նչ մեթոդներ են առաջարկում թե՛ փորձագետները, թե՛ մասնակիցները։  

Փորձագետների համար պայքարի լավագույն տարբերակը մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է։ Մասնակիցների շրջանում երիտասարդների մոտ կա այն գիտակցումը, որ մեդագրագիտության կարողությունների բարձրացումը կօգնի դիմագրավել ապատեղեկատվությանը։  

Սակայն, հենց ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ մասնակիցները շատ էին խոսում պետության կողմից վերահսկողական մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին։ Նրանք կարծում էին, որ պետական ինչ որ կառույց պետք է խիստ վերահսկողություն սահմանի և կանխի ապատեղեկատվության տարածումը։ Թեև սակավաթիվ, բայց կար նաև այն մոտեցումը, որ խնդիրը կարող է լուծվել մեդիայի ինքնակարգավորման կամ էթիկայի ինչ-որ կանոնագիրք ունենալու, միմյանց վերահսկելու միջոցով։