Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը Արցախի մասին է՝ ձգողական ուժ ունեցող տարածքի, համբերատար ու ամուր մարդկանց ու այն սիմվոլիկ նշանակության մասին, որն ունի օդը։
Ֆրանսիայում ապրող Նորա Մարտիրոսյանը ֆիլմը նկարահանել է շուրջ տասը տարի՝ փոփոխելով սցենարը, որոնելով այն հնչերանգը, որով կարելի է պատմել Արցախի մասին՝ չընկնելով պաթետիկ կամ սենթիմենտալ պատումային թակարդները։
Արցախը կա և միևնույն ժամանակ չկա՝ քարտեզներում, փաստաթղթերում, ունի օդանավակայան, բայց թռիչքներ չկան։ Խաղաղություն է ուզում և ներքաշվում է պատերազմի մեջ։
Ֆիլմը 2020-ին ընդգրկվեց Կաննի միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմերի ցանկում (աննախադեպ հաջողություն հայկական կինոյի համար), ցուցադրվեց շատ երկրներում, ստացավ մեդիա արձագանքների մեծ բաժին։
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կարծես փոխվում է զուգահեռ իրականությանը։ Երեք տարի առաջ այն բոլորովին այլ կերպ էր ընկալվում, պատերազմից հետո՝ այլ։
Ուտոպիան հանկարծ դարձավ վավերագրություն, փրկության սիմվոլը՝ վտանգի գույժ, միջազգային արձագանքի սպասումը՝ միֆ, իսկ մարդկային ճակատագրերը՝ միակ արժեքավորը պատերազմներում։
Հիմա էլ երբ դիտում ես, էլի տեսնում ես, որ ֆիլմը երկխոսում է ներկա իրավիճակի հետ։ Էլի արդիական են կապերը, կամուրջները, Արցախի՝ միջազգային քարտեզում տեսանելի լինելու փորձերը։ Եվ օդի գործոնը։
Օդը կապ է, կամուրջ, ելք, փրկություն։ Ֆիլմի գործողությունները հիմնականում կատարվում են Ստեփանակերտի օդանավակայանում ու դրան մոտ տարածքում։ Ու կա հույս, որ եթե երկինքը բաց լինի ու ինքնաթիռներ թռչեն, Արցախը կհայտնվի միջազգային քարտեզում։ Նայում ես վեր ու երազում։
Իսկ իրականության մեջ օդը վտանգ է, ահազանգ, որ վերևում իրոք ինքնաթիռներ են, անօդաչու սարքեր, որոնք բերում են մահ։
Շատ ճկուն ֆիլմ ստացվեց։ Ու ամեն անգամ հայտնվելով նոր համատեքստում, այն հնչում է այլ կերպ։ Սպասու՞մ էիք նման արձագանքների։
Բոլորովին չէի սպասում։ Ինձ համար այս ֆիլմը անձնական ոդիսական էր։ Ես տասը տարի ուժերի լարումով պայքարում էի, որ նկարահանեմ այս ֆիլմը ու հենց Ղարաբաղում։
Երբ ֆիլմն ավարտեցի, ինքս ինձ ասացի, որ այն գումարով, որը հավաքեցի ու այն պայմաններում, որոնք կային, ես արեցի առավելագույնը։ Ու ավարտեցի իմ ոդիսականը՝ վերադառնալով տուն։
Երբ 2020-ի սեպտեմբերի 26-ին Փարիզում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Ինձ թվում էր, որ դրեցի վերջակետ ու արդեն կարող եմ ուրիշ բանի մասին մտածել։ Բայց եկավ սեպտեմբերի 27-ը։ Եվ ամենավատ երազում անգամ չէինք կարող պատկերացնել, թե նման բան կարող է գալ մեր գլխին։ Եվ Ղարաբաղի գլխին։
Իրականում, Ղարաբաղում ես կարող էի հարյուր տեսակի ֆիլմեր նկարահանել՝ կռվի պատմություն, սիրո պատմություն։ Բոլոր ֆինանսավորողներն ուզում էին, որ լիներ կամ սիրային, կամ երեխային որդեգրելու պատմություն։ Եթե իրենց ուզածով շարժվեի, հաստատ ավելի արագ կվերջացնեի ֆիլմը։
Բայց զգում էի, որ այլ պատմություն պիտի պատմեմ։
Եվ երբ կորցնում էի ֆիլմի ճանապարհը, գնում էի քայլելու Ստեփանակերտով ու հասկանում էի, որ պետք է հենց այսօրվա մարդկանց կյանքը ցույց տամ։ Դա է իմ առաքելությունը։ Այսինքն, փորձեմ հասկանալ ու փոխանցել Արցախի խորին շունչը։
Կինոյի մարդիկ, որոնց հարգում եմ, ասացին, որ կարողացա փոխանցել Արցախի էությունը։ Իրականում, այսօր ոչ մեկին չի հետաքրքում ինչ-որ բանի էությունը, ավելի շատ հետաքրքրում է արագ ընթացքող շտամպային պատմությունը։ Ֆասթ ֆուդը, երբ արագ ուտում, արագ խմում ու արագ գնում ես առաջ։
Երևի եթե պատերազմը չլիներ, Արցախում, Հայաստանում, միգուցե նաև աշխարհում ֆիլմն այլ կերպ ընկալվեր։ Էությունը այսօր մարդկությանը այդքան էլ պետք չէ։
Այո, ճկուն ֆիլմ ստացվեց։ Բայց դա ոչ թե իմ տաղանդից էր կամ խելքից, պարզապես երևի շատ ուշադիր էի և փորձում էի հարգանքով մոտենալ այդ հողին ու մարդկանց։ Դա ատելության ֆիլմ չէ։ Ֆիլմ չէ, որը ինչ-որ մեկի դեմ է կամ նեղացվածությամբ լցված հայացք է։
Այսինքն, այն բոլոր տերմինները, որոնք հաճախ կարող ենք օգտագործել՝ բնութագրելով հայկական կինոն, այստեղ չկան։
Սա սիրո ֆիլմ է։ Ամեն ինչը, ինչը նկարահանում էի, շատ էի սիրում։ Միգուցե դրա շնորհիվ էլ կարողացա ինչ-որ բաներ հասկանալ։
Իրականում ֆիլմի կյանքը սկսվեց վեց շաբաթվա պատերազմով, հետո ցուցադրվեց, երբ փորձում էինք մարսել պատերազմը։ Մեկ տարի հետո միայն կարողացա ասել՝ երևի ես իրոք ճիշտ տեղին եմ զարկել։
Կարծես ֆիլմից դուրս էի ու ծառայում էի այդ ֆիլմին։ Ես ֆիլմի ծառան եմ, իսկ ֆիլմը՝ Արցախի պատմության ու հողի ծառան է։ Ես ամենակարևորը չեմ այդ շղթայում։
Ֆիլմը սպասումի մասին է։ Որ կբացվի երկինքը, օդը կշատանա, ազատ ելումուտ կլինի։ Ի վերջո կապ կհայտնվի։ Ու չես լինի միայնակ։ Տարիներ շարունակ այդ սպասումով ենք ապրել ու զարմացել, թե ինչու ենք պարտվում։
Այո, մենք կարծես թմբիրի մեջ էինք։ Ու տարիներ շարունակ ինքներս մեզ էինք խաբում։ Եվ պատերազմը առաջին հերթին դա ցույց տվեց։
Երբ գրում էի ֆիլմի սցենարը, նկարահանման խմբի մի քանի անդամ ասացին, որ ֆինալը ստացվում է վատատես, որ լավ կլինի ավելի երջանիկ ավարտի տարբերակի վրա կանգ առնեմ։ Ասում էին՝ բա չգիտե՞ս, որ մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել ու գնալ մինչև Բաքու։
Եվ երբ հասկացանք, որ մեր ամբողջ կինեմատոգրաֆը, մեդիան աշխատել են միֆերի ստեղծման վրա, հասկացանք նաև, որ ավելի անարժանապատիվ ենք, ավելի անհեռատես, միգուցե նաև անխելք, քան մեզ թվում էր։
Եվ դրա գիտակցումն իրոք շատ ծանր բեռ էր։ Ես դա ասում եմ առաջին հերթին նաև ինքնս իմ մասին։
Հուսով եմ, որ կկարողանանք այս ամենից ինչ-որ բան քաղել։ Եվ ինչքան էլ գալիս եմ Հայաստան, փորձում եմ ուշադրոթյամբ հետևել, թե ինչպես է փոխվում Արցախի զարկերակը։
Ի՞նչ եք զգում։
Ինձ թվում է, որ բոլորին ավելի հաճելի է ու հեշտ շարունակել իրենց խաբել։ Դա եմ զգում։ Ոչ մի նոր ու հստակ առաջարկ դեռ չեմ տեսնում։ Իհարկե, հնարավոր է, որ ես շատ բան չգիտեմ, բայց փորձում եմ ուշադիր հետևել, թե ինչ է առաջարկվում այս փուլում։
Ավելի շուտ ինքս իմ մեջ գտա պատասխանը։ Պատերազմից անցած երկու տարիներից հետո կարծես անդամալույծ լինեի, չէի կարող ոչնչի մասին մտածել։ Ու երբ հասկացա, թե ինչի մասին է լինելու հաջորդ ֆիլմս, կարողացա ոտքի կանգնել։
Բայց կարծում եմ, մեր ազգը չհասկացավ, թե իր հաջորդը ֆիլմը որն է։
Ինչի՞ մասին կլինի Ձեր հաջորդ ֆիլմը։
Կփորձեմ խոսել անարդարության ու մեր կուրության մասին։
Բայց դա ոչ մի դեպքում չպիտի լինի սոցիալական ֆիլմ, պետք է կարողանամ զգացմունքները տեղափոխել փոքր-ինչ այլ հարթություն (կարծես գիտեմ, թե ինչպես), որ չպատմելով պատերազմի մասին՝ կարողանամ ինչ-որ բան ասել պատերազմի մասին։
Գործողությունը տեղի կունենա Հայաստանու՞մ։
Անորոշ տարածքում, որը վիզուալ նման կլինի Հայաստանին։Բայց հիմա դեռ պատրաստ չեմ պատմել ավելի մանրամասն։
Եվ հիշատակեցի նոր ֆիլմի գաղափարը, քանի որ այն ինձ համար կարծես դեղամիջոց էր, որն օգնեց ինձ բուժվել։ Այսինքն, այն պահից, երբ սկսեցի նոր սցենար գրել, կարողացա մի քիչ ավելի ուղիղ կանգնել՝ առանց վիզը ծռելու ու մեջքի կորությունից դժգոհելու։
Անընդհատ գտնվում ենք ինֆորմացիայի ճնշման տակ, լրահոսը արդեն հոսում է մեր երակներում։ Ինչպե՞ս է այն մեզ փոխում։
Ինձ թվում է, որ այս դարը փորձում է մարել մտածելու, վերլուծելու և հասկանալու վերջին օջախները։ Եվ մեդիան դրան հասնելու համար աշխատում է չափազանց խելացի ձևով։
Եթե մտածողության, արվեստի, մշակույթի բոլոր օջախները անհետանան, մարդը կդառնա հեշտորեն մանիպուլացվող ու ավելի հեշտ կառավարվող։
Ինձ թվում է, որ այն ուժեղ մեդիա ցնցուղը, որի տակ ենք բոլորս, արվում է հենց այդ նպատակով։
Փաստ է, որ մեդիայում մտածելու տեղ գրեթե չի մնացել։ Օրինակ, երբ Ֆրանսիայում սկսվեց ցուցադրվել իմ ֆիլմը, բոլոր ֆրանսիական թերթերը մի քանի էջանոց հոդվածներ գրեցին։ Եվ դրանք իրոք ամենակարևոր թերթերն էին, անգամ պատկերացնել չէի կարող, որ իմ անունը կարող է նրանց էջերում հայտնվել։
Հավաքեցի մեկ շաբաթում հրապարակված հոդվածներն ու սկսեցի կարդալ։ Բոլորը կառուցված էին մեր մամլո հաղորդագրության տեքստի վրա, որտեղ պատմում էի ֆիլմի ստեղծման նախապատմությունն ու գաղափարը։ Դրան գումարել էին որոշ ինֆորմացիա Վիքիպեդիայից ու այդպես գրել երեք էջանոց հոդվածներ։
Այսինքն, ոչ մի նոր միտք, փորձ ավելի խորը դիտել ֆիլմը, կամ ընդլայնել համատեքստը չկար։ Նույնիսկ լրագրողի մեկնաբանություն չկար։ Նրանք ուղղակի բնութագրում էին այն, ինչն արդեն գրվել էր մինչ իրենց հոդվածը։
Ես շատ լավ չգիտեմ հայաստանյան մեդիա դաշտը, բայց կարծում եմ՝ ողջ աշխարհում (Ֆրանսիայում հաստատ) նույն վիճակն է՝ մտածելու, բանավիճելու, խորհելու տարածք մեդիայում այլևս չի մնացել։
Մարդը կարծես մորեխ է, որը արագ ցատկում ու սահում է ինֆորմացիայի վրայով։ Եվ մեդիան էլ հարմարվում է մորեխին։
Մարդը մորեխ է, բայց ինքն իրեն զգում է թագավոր՝ ապրելով փոքր միջատի կյանքով։
Արցախյան պատերազմը ցույց տվեց ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային հասարակության վիճակը։ Մենք մոտիկից ենք տեսել պատերազմը (թեև ինքներս չենք կռվել, բայց այնտեղ էին մեր ընկերները, մտերիմները, հարազատները, որոնցից շատերը զոհվեցին) և հիմա այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մենք ընկալում ենք այլ կերպ։
Իսկ երբ Եվրոպայում ես, հասկանում ես, որ եվրոպացիների հետ նույն լեզվով չես խոսում։ Թեև նույն թեմայից եք խոսում, բայց տարբեր լեզուներով։
Միգուցե պատճառն այն է, որ մենք տեսել ենք այն անդունդը, որն առաջանում է իրականության ու մեդիայի ասածի միջև։ Եվ դա իսկապես անդունդ է։
Պատերազմի օրերին մենք ամեն հինգ րոպե ստանում էինք նորություններ, զանգում էինք մեր ընկերներին, որոնք պահում էին դիրքերը ու նրանցից էինք ամեն ինչ ճշտում։ Իսկ մեդիան (թե՛ հայկական, թե՛ միջազգային) այդ ընթացքում պատմում էր բոլորովին այլ պատմություն։
Հիմա էլ թեև եվրոպացիները զգում են, որ ուկրաինական պատերազմը արդեն շատ մոտ է իրենց, բայց պատրաստ չեն վաղը վերցնել հրացանն ու գնալ կռվելու։ Միայն կարող են Ուկրաինային աջակցության խոսքեր ասել, մանավանդ, որ գրեթե բոլոր եվրոպական պետությունները փորձում են իրենց ժողովուրդներին համոզել, որ դա նաև իրենց պատերազմն է։ Եվ իրականում դրանում համոզում են շատ հաջող ձևով։
Որքան դա կտևի, չգիտեմ։
Ինչու՞ հայկական ֆիլմերը չեն հնչում աշխարհում և հիմնականում մնում են միայն նեղ սպառման համար։ Կամ Փարաջանովի ձեռագրի կրկնօրինակներ՝ փսիխոսելիկ ոճի։ Կամ պաթետիկ դրամաներ։
Վերջին տարիներին ես տեսել եմ լավ հայկական ֆիլմեր։
«Ոսկե ծիրանի» օրերին, օրինակ, տեսա Միքայել Դովլաթյանի շատ հետաքրքիր «Լաբիրինթոսը», որը նա նկարահանել է 1994-ին, (դեռ մինչև «Մեր բակը», որի ոճը հետո դարձավ ամենատարածվածը հայ կինոյում)։
«Լաբիրինթոսը» ոչ ոք չի տեսել։
Ոչ ոչ չի տեսել, որովհետև մարդիկ պատրաստ չէին նման ֆիլմ դիտելու։ Մինչդեռ այդ ֆիլմը շատ խորը ու մտածված ֆիլմ է՝ հրաշալի դերասաններով։ Եվ պատմում է մի իրականության մասին, որը մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ մոռանալ։ Մոռանալ ու անցնել դիտելու հերթական «Մեր բակը», կատակերգություններն ու հումորային շոուները կամ ներկայացումները։
Ինչպե՞ս եղավ, որ 1994-ին ունեինք նման ֆիլմ, բայց դրա մասին ոչ ոք չգիտի։
Ինձ թվում է, որ խնդիրը հենց այն է, որ ունենալով նման ֆիլմեր, մենք չկարողացանք դրանք բարձրացնել, տարածել, բարձրաձայնել ու կինոյի ապագան կառուցել հենց դրանց վրա։
Վերջին տարիներին տեսել եմ երիտասարդ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմեր, որոնք իսկապես հետաքրքիր են ու կարող են վերածվել նոր ալիքի։
Խնդիրն այն է, որ Հայաստանում օդը քիչ է։
Սովետական տարիներին կարելի էր գնալ, օրինակ, Ղազախստան կամ Լիտվա ու այնտեղ մասնակցել կինոարտադրությանը, աշխատել, տեսնել ու ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Իսկ հիմա կարծես ներփակվել ենք ու եփվում ենք մեր յուղի մեջ։ Իսկ դա չի կարող լինել լավ ոչ մեկի համար՝ ո՛չ ֆրանսիացու, ո՛չ գերմանացու, ո՛չ հայի։
Եթե երիտասարդ ռեժիսորները կարողանան ինչ-որ կերպով մի քիչ թթվածին բերել՝ գնան, սովորեն, աշխատեն, ապրեն (թեկուզ որևէ եվրոպական երկրում երկու տարի հատակ լվանան ու զուգահեռ սովորեն), օդի պակասությունը այդքան զգալի չի լինի։
Շատ բանի մասին մենք տեղյակ չենք մեր կինոյում։ Արժե պեղումներ անել, թե ինչ արժեքավոր բան ենք ունեցել։ Ու իհարկե, մտածել, որ կինոյին իրոք օդ է հարկավոր։
Կաննից հետո եղա՞ն լավ առաջարկներ։
Կաննի փառատոնը կարծես հաստատեց, որ ես կամ, որ ռեժիսոր եմ, որ արդեն կարող եմ բանակցել։ Բայց ինձ ժամանակ էր պետք։
Ինչպես ամբողջ հայ ազգը, ես էլ զգում էի, որ իմ ողնաշարը ջարդվել է։ Այդ պատերազմը մեզ թողեց առանց առաջ գնալու ճանապարհի։ Մենք չենք պատկերացնում, թե ուր ենք գնում։
Եվ իրոք ժամանակ էր պետք, որ նորից ոտքի կանգնեմ։ Ինձ թվում է, որ շուտով կկարողանամ նաև քայլել։ Երբ դա հասկացա, գրեցի նոր սցենար։ Ու հիմա մտնում եմ նոր ֆիլմի ստեղծման երկարատև փուլ։
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: