2016.04.19,

Տեսակետ

Արցախի հեռուստատեսության այդ չորս օրը

«Օրվա ընթացքում Արցախի հանրայինում այնքան անտրամաբանական զանգեր ու մեղադրանքներ ենք ստանում: Հասկանում ենք մարդկանց, բայց նրանք չեն պատկերացնում, որ մեզանից յուրաքանչյուրը ճակատում հարազատ ունի, որ էկրանից արդեն երկրորդ օրը ժպտալ փորձող Ծովիկի ամուսինն առաջին գծում է, որ Սամվելը եթերից հնչեցրել է իր ծնկներին մեծացած երեխայի զոհվելու բոթը, որ մարդ կա՝ արդեն որերորդ օրն է անտեղյակ է առաջնագծում գտնվող իր հարազատից, որ շրջան մեկնած մեր գործընկերներին եթերի համար զանգում ենք սրտատրոփ՝ վանելով վատ մտքերը… որ դպրոցից մամայի աշխատավայր եկած տասնամյա Նարեն, մայրիկին այդ պահին սենյակում չհայտնաբերելով, կարող է հարցնել՝ մամաս առաջին դիրքու՞մ է, որ մենք էլ ապրում ենք Ստեփանակերտում, բոլորի հետ՝ բոլորի ցավով, նաև մեր անձնականով, որը փորձում ենք թաքցնել… »:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության «Օր» տեղեկատվական ծրագրի լրագրող Լուսինե Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում այս մեկնաբանությունը գրել է քառօրյա բախումների օրերին:

Օրերս մեր զրույցում էլ Լուսինեն հաստատեց, որ ամենադժվարը եթերից դուրս մարդկանց զանգերին պատասխանելն էր. «Զանգում էին, հարցնում՝ ինչու՞ չեք հայտնում, որ այստեղ կորուստ ունենք, ինչու՞ չեք հայտնում, թե ուր է այսինչ պաշտոնյան: Մի վաստակավոր մանկավարժ էլ զանգեց ու ասաց՝ խնդրում եմ, հայտարարեք` ով որ խուճապային լուրեր տարածի քաղաքում, գնդակահարելու ենք: Ասում եմ՝ տիկի՛ն, նրանց պատասխանը տալու հարցում դուք պիտի մեզ օգնեք, ասում է՝ մեկին երթուղայինում արդեն պատասխանել եմ, և կոպիտ բնորոշում է տալիս»:

Տղաները գործուղման էին, և որպես լուրերի թողարկման գործը նախկինում կատարած մարդ` Լուսինեն ակամայից հայտնվեց առօրյա աշխատանքը կազմակերպողի դերում.«Բնավորությամբ հանգիստ մարդ լինելով՝ այս օրերին այնքան լաչառություն եմ արել…» :

Հատկապես դժգոհ է, որ գիշերն սկսված պատերազմի մասին լուրերի իրենց առաջին հրատապ թողարկումը բավական ուշացավ՝ կեսօրից հետո եղավ (սովորական օրերին լուրերի առաջին թողարկումը ժամը 17:00-ին է):

Եվ այդ առումով խանդ կար դրսից, այդ թվում՝ Հայաստանից եկած լրագրողների հանդեպ, որոնք արագ հաղորդում էին իրենց լուրերը. «Առաջին երկու օրերին ինքն՝ Արցախը, համարյա հայտնվել էր տեղեկատվական բլոկադայի մեջ: Մենք մինչև այսօր չկարողացանք ամենասպասված բառերը՝ «սիրելի հայրենակիցներ…», հնչեցել որևէ պաշտոնյայի շուրթերից, իսկ ժողովուրդը սպասում էր դրան, և ոչ թե արտաքին աշխարհին ուղղված հայտարարություններին»:

«Տեղեկատվական ներքին պահանջի հանդեպ ուշադրությունը փոքր էր: Ամեն ինչ արվում էր, որպեսզի արբանյակային հեռարձակում ունեցողները ավելի շատ ինֆորմացիա տարածեին, բայց չէին մտածում, որ տեղական լսարանին էլ տեղական խոսք էր պետք: Մեր հեռուստատեսությանը նույնիսկ չհրավիրեցին լրագրողների հետ ԼՂՀ նախագահի հանդիպմանը, որը կայացավ ռազմական գործողությունների հաջորդ օրը»:

Վա՞խ ունեին առաջնագիծ գնացող լրագրողները:

Չեմ կարծում: Բոլորն էլ ծառայած տղաներ են՝ Գենադի Երեմյանը, Նորայր Հովսեփյանը: Նրանց հետ աշխատող օպերատորներն էլ հիմնականում պատերազմի բովով ացած մարդիկ են՝ Բենիկ Ղարախանյանը, Արտավազդ Գրիգորյանը, Մերուժան Հայրապետյանը. միայն օպերատոր Հայկ Բաբայանն է երիտասարդ:

Արցախի հանրայինը հատուկ սաղավարտներ ու զրահապատ բաճկոններ ունի՞ լրագրողների համար. այնպիսիք, որոնք զինվորական համազգեստի գույն չունեն:

Չէէէէ, ի՞նչ զրահաբաճկոն, ի՞նչ սաղավարտ: Դիրքերում զինվորներն ինչ տալիս են, դա է:

Բայց տեղյակ եք, չէ՞, որ թղթակիցը պատերազմական գոտիներում աշխատելիս զինվորական համազգեստ չպիտի կրի:

Գիտենք, իհարկե, գիտենք: Բայց տվյալ դեպքում անձնական ապահովությունն ավելի կարևոր էր, քան միջազգային կոնվենցիաներում նշվածը: Ու Արցախի լրատվամիջոցներում աշխատողների համար մի փոքր անհասկանալի է ռազմաճակատի և աշխատանքային պարտականությունների սահման ասվածը:

Երբեմն դեպքի վայրից տղաների բերած նյութը եթերի էինք պատրաստում աղջիկներով: Իսկ աղջիկներիս վրա նաև այլ պարտականություն կար` հանգստություն ներշնչել նաև մեր արտաքինով և վարքով: Գոնե առօրյայից շահեկանորեն տարբերվող տեսքով, ժպիտով, առաջինը խոսելով նույնիսկ այն մարդկանց հետ, ում հետ այնքան էլ սերտ շփում չունես, փորձում էիր լարվածությունը, անհանգստությունը փոքր-ինչ մեղմել:

Ես՝ Երևանում առոք-փառոք նստած վիճակում հարցազրույց անողս, Լուսինեի պատմածներից ինձ շատ փոքր էի զգում: Ու, երևի, չցանկանալով շատ տխրեցնել ինձ` արցախցի գործընկերս վերջում լարված օրերի իրենց ուրախ պատմություններից մեկն արեց.

«Բաժնում արդեն մի քանի ամիս էր, ինչ բողոքում էինք, որ մեր վարագույրներից մեկը քրքրվել, թափվում է: Տնօրինությունը չլսելու էր տալիս: Ապրիլի 3-ի առավոտյան, երբ բոլորս՝ լարված, ամեն մեկն իր հարազատի ու օրվա եթերի հետ էր, հանկարծ մեր տնտեսվարն ու բանվորը եկան նոր վարագույրներով ու սկսեցին կախել դրանք: Մի պահ, կարծես, ուրիշ աշխարհ ընկանք»:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *