2015.02.02,

Տեսակետ

«Քանի դեռ ձեռքումս հեռախոս էր, փորձում էի տեղեկություն հաղորդել»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, խոսելով Գյումրիում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության ու հանրային բողոքի մասին, գտնում է, որ դեպքի առաջին օրերին Գյումրիում աշխատող լրագրողներից ոչ ոք առանձնահատուկ դերակատարման զգացում չուներ:

«Լրագրողական համերաշխություն կար: Մենք պարզապես աշխատում էինք, ով ինչպես կարող է»,- ասում է նա:

Գյումրիում կատարված սպանության լուրն իմանալուց հետո Դուք ակտիվորեն մեկնաբանել ու լուսաբանել եք դեպքերի ընթացքը սոցցանցերում: Դա լավագու՞յն միջոցն էր այդ պահին:

Յուրաքանչյուրս մեր ներքին ֆիլտրերի միջոցով էր փորձում գտնել տեղեկություն հաղորդելու միջոցը: Նկատվում էր, որ որոշ լրագրողներ նեղվում էին, երբ իրենց պատրաստված նյութերը ավելի ուշ էին եթեր դուրս գալիս, քան իմ գրառումները ցանցում: Բայց այդպես տեղեկությունն ավելի արագ էր դառնում հանրային: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Գյումրիում չկա լրատվամիջոց, որը կարող է դեպքի վայրից ուղիղ հեռարձակումներ կամ առցանց միացումներ թողարկել:

Առանձնահատուկ, երեւելի դերակատարման զգացում որեւէ մեկս չուներ: Մենք պարզապես անում էինք այն, ինչը կարող էինք անել այդ իրավիճակում: Կային լուրեր, որոնք իմ կարծիքով՝ անհապաղ պիտի հաղորդվեին: Պարբերաբար նաեւ նշվում էր, որ այս կամ այն տեղեկությունը ճշտված չէ:

Երբ ինֆորմացիոն առիթն այլեւս ոչ թե սպանություններն էին, այլ հանրային ընդվզումը, փոխվե՞ց արդյոք լրագրության որակը:

Լրատվամիջոցները օպերատիվ լրատվության դիրքերում էին: Որքան նկատել եմ, մեր լրատվամիջոցները կոպիտ, արտառոց խախտումներ չեն արել: Միակ վրիպումը, թերեւս, այն էր, որ առաջին օրից իսկ օգտագործվում էր «հանցագործ» բառը, մինչդեռ դեռ հայտնի չէր, թե ով է մարդասպանը: Բայց դա, երեւ, կարելի է վերագրել լրագրողների էմոցիաներին:

Իսկ բողոքի ցույցերի ժամանակ ես բողոքողներից մեկն էի, եւ քանի դեռ ձեռքումս հեռախոս էր, փորձում էի տեղեկություն հաղորդել երթի, կոչերի, պահանջների, ժողովրդի տեղաշարժի մասին: Փաստորեն այդ պահին լավագույն գործիքներից մեկը դարձել էր Ֆեյսբուքը: Լուրերն այդ հարթակի մեջ լցնելն այդ պահին ամենաարդյունավետ եղանակն եմ համարել:

Հունվարի 14-15-ի ցույցերի ու բախումների արդյունքում, թե՛ մեր, թե՛ ռուսաստանյան իշխանությունները հասկացան, որ տեղեկատվությունը թաքցնելու, կոծկելու,

«Իսկ հեռուստատեսությունն ու ռադիոն չկարողացան մրցել ու մնացին իրենց գիպսե վիճակում: Տարիներ շարունակ կաշկանդված, լռեցված վիճակում գտնվելուց հետո շատ դժվար է աշխատել»

խեղդելու հնարավորություն այլեւս չի լինի: Դա տեղի ունեցավ հիմնականում «Եվրանյուզ» ալիքի ռեպորտաժից հետո, որը ցուցադրվեց դեպքերից չորս օր անց: Փաստորեն այդքան ժամանակ հնարավոր է եղել զսպել ինֆորմացիայի հոսքը: Իսկ հետո՝ արդեն ոչ:

Գյումրիից ստացվող լրահոսում մեծ նշանակություն ունեցան ուղիղ միացումները…

Ուղիղ միացումները սովորական պրակտիկա է Գյումրիում, այդպես, օրինակ, հեռարձակվում են քաղաքի ավագանու խորհրդի նիստերը: Մենք դա ավելի շուտ ոչ թե որպես լրատվամիջոցի աշխատաոճ, այլ հասարակության հետ շփվելու խողովակ ենք օգտագործում: Չէի ցանկանա, որ ուղիղ միացումներն ընկալվեն որպես դասական լրատվամիջոցի աշխատանք: Մուգուցե 15 տարի անց այդպես էլ կլինի, բայց հիմա դա ընդամենը սովորական գործիք է:

Մենք պարզապես ուզում էինք ամբողջ ինֆորմացիոն հոսքը անխաթար եթեր հեռարձակել: Եվ դիտումների քանակը ցույց է տալիս, որ ուղիղ միացումներին ահռելի թվով մարդիկ են հետեւել:

Կարելի է ասել, որ իրադարձությանը անմիջական հաղորդակից լինելու հանգամանքը պարզապես ոչնչացրեց ավանդական մեդիան: Այն ավելի շատ փորձում էր վերլուծականներ հրապարակել: Իսկ հեռուստատեսությունն ու ռադիոն (բացառությամբ «Ազտություն» ռադիոկայանի), մեղմ ասած, չկարողացան մրցել ու մնացին իրենց գիպսե վիճակում: Տարիներ շարունակ կաշկանդված, լռեցված վիճակում գտնվելուց հետո շատ դժվար է աշխատել:

Դա նման է նրան, որ գիպսի մեջ գտնվող մարդուն ասում են՝ վե՛ր կաց պառկած տեղից ու վազի՛ր: Իսկ ինչպե՞ս վազել, եթե տարիների ընթացքում նա չի էլ քայլել, ու մկանները կորցրել են իրենց ուժը:

Առաջին օրերին հենց այդ համախտանիշն էր, իսկ հետո, իհարկե, եթերում զգացնել տվեցին քաղաքական արգելքները (աղմուկ չլինի, հայ-ռուսական հարաբերությունների խաթրին չկպնենք, միայն գովք անենք, անհեթեթ բացատրություններ անող հոգեբանների կանչենք): Սա այն հրահանգներն էին, որով ալիքները նորից մտան իրենց գիպսե կաղապարի մեջ ու շարունակեցին այնպես, ինչպես աշխատում էին 2002 թվականից՝ «Ա1+»-ի եթերազրկումուց հետո:

Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ, ի տարբերություն դատախազության, ոստիկանության ու դիվանագիտական կորպուսի, ամենից լավ աշխատեց մեդիան: Եվ հենց մեր լրագրողներն էին միջազգային մեդիային տեղեկություն հաղորդում՝ մեկնաբանելով, հարցազրույցներ տալով:

Ակնհայտորեն դա այդպես էր: Դժբախտաբար, Հայաստանի պետական ու մարզային իշխանությունները նման իրադարձությունների համար վարքագծի ստանդարտներ ու գործողությունների կանոններ չունեն, ասենք, ինչպես բանակում է:

Հենց առաջին օրվանից բոլորը կարծես ուզում էին միայն դասալիք կասկածյալին գտնել եւ մոռանում էին, որ հանրությունը նույնպես պետք է պարբերաբար տեղեկացվի, զգուշացվի՝ հնարավոր խուճապն ու վախը թոթափելու համար: Որքանով իրենց դիմում էին լրագրողները, այնքանով էլ խոսում էին: Շատ դեպքերում՝ չէին էլ խոսում:

«Մեդիան պիտի լինի պատասխանատու ու հնարավորինս ապահովի բազմակարծությունը՝ ամենախելագար մտքերից սկսած, սառը դատողություններով ու վերլուծություններով վերջացրած»

Իշխանության կողմից նախաձեռնություն, ցավոք, չկար: Չգիտեմ, դասեր քաղեցին, թե ոչ, բայց հստակ է, որ տարերային աղետների ու բողոքների դեպքում այդպիսի «սովետական» վարքը միայն վնասելու է: Հարկավոր է գոնե մի քայլ առաջ նայել:

Գյումրիում ցնցող ողբերգություն էր տեղի ունեցել, հետախուզվող կար, տեղեկատվական հոսքերը շատ սակավ էին, հետո դրան գումարվեց քաղաքական ճնշման բաղադրիչը: Եվ շատերը գերադասեցին լուռ մնալ (բա որ մի բան ասենք, վաղը ինչպե՞ս ենք բացատրություն տալու):

Հիմա, երբ Գյումրիում արդեն հարաբերական խաղաղություն է, բողոքի էներգիան կարծես նվազում ու մարում է, թեեւ շատ հարցեր այդպես էլ չպարզաբանվեցին:

Կոնֆլիկտաբանության մեջ դա վիրակապով վերքը ծածկելու մեթոդ է համարվում: Չես բուժում, բայց փակում ու շպարում ես՝ կարեւորելով միայն այն, որ վերքը չի երեւում: Այո, չի երեւում, բայց այն շուտով թարախակալում, բորբոքվում ու, ի վերջո, պայթում է: Եվ հարց է առաջանում՝ այ՛ ընկեր ջան, իսկ ինչու՞ ժամանակին չեք բուժել:

Նյուտոնի երրորդ օրենքը դեռ ոչ ոք չի փոխել, եւ բոլոր հարվածները համարժեք արձագանք են ունենալու: Արձագանքը կարող է անմիջական չլինել, բայց այն չի կարող անհետանալ: Եվ թյուրիմացություն է կարծել, որ ընդվզման ալիքը հանդարտվելու ու մոռացվելու է: Միգուցե այն զգացնել կտա հոգեբանական դաշտում: Ի վերջո, մարդիկ պիտի գոհանան, նրանց արդարության պահանջը պիտի բավարարվի, այլապես դժգոհությունը անպայման մի այլ տեղից դուրս կգա: Սա է իմ համոզմունքը:

Մեդիայի դերն այս իրավիճակում ո՞րն է:

Մեդիան պիտի լինի պատասխանատու ու հնարավորինս ապահովի բազմակարծությունը՝ ամենախելագար մտքերից սկսած, սառը դատողություններով ու վերլուծություններով վերջացրած: Եվ, իհարկե, ջանալ մնալ գործող օրենսդրության շրջանակներում՝ առանց գրաքննության ու արգելանքների:

Մեդիան որեւէ բեւեռի ու գաղափարի դոմինացիա չպիտի ստեղծի: Հիմա, օրինակ, տեսնում ենք, որ հեռարձակող մեդիայում հիմնականում ռուսամետ ու իշխանամետ մոտեցումն է գերակշռում, այսինքն՝ շարունակվում է այն, ինչը կար նախկինում:

Մի պահ իշխանությունն իր ձեռքը քաշեց մեդիայի վրայից, ու որոշ լրատվամիջոցներ սկսեցին քննադատություններ հնչեցնել, բայց հիմա ճնշումը վերադարձել է, եւ հեռարձակողները չեն կարող ազատ գործել:Անգամ այս դեպքում, երբ իշխանության պայքար կամ պաշտոնի կռիվ չկա, այլ պարզագույն ազգային արժանապատվության հարց է, հեռուստատեսությունը չի կարող աշխատել:

Համոզված եմ՝ եթե մեդիան որակով աշխատի, անգամ այս սուղ տեղեկատվական պաշարների պայմաններում կարող է շատ կարեւոր հետքի վրա դուրս գալ:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *