Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Նկարը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամաբ

2025-ի դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` ընդհանուր 1218 տոննա ԱԻ-95 տեսակի (պրեմիում) բենզինով։

Այս իրադարձությունը քննադատության ալիք բարձրացրեց Հայաստանում։

Հունվարի 8-ին լրագրող Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում
գրել էր (արխ․), թե Ադրբեջանի նավթամշակման գործարանը պրեմիում տեսակի բենզինը արտադրում է Հայաստանի համար, իսկ սեփական սպառման մեծ մասը Բաքուն ապահովում է այլ երկրներից, այդ թվում՝ Վրաստանից ներկրման շնորհիվ:

«Իսկ դուք գիտեի՞ք, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթամշակման գործարանը Premium տեսակի բենզինը արտադրում է Հայաստանի համար, իսկ սեփական սպառման մեծ մասը Ադրբեջանը ապահովում է այլ երկրներից, այդ թվում Վրաստանից ներկրման շնորհիվ»,- գրել էր լրագրողն ու հարց բարձրացրել, թե ինչո՞ւ ենք բենզինը գնում Ադրբեջանից, ոչ թե՝ Վրաստանից:

Արտյոմ Երկանյանի գրառումն ունի մոլորեցնող կետեր։ Մասնավորապես՝ չկա որևէ փաստ, թե Ադրբեջանը արտադրում է պրեմիում տեսակի բենզին միայն Հայաստանի համար։ Վրաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Ադրբեջանն ինչպես ներմուծել, այդպես էլ արտահանել է պրեմիում տեսակի բենզին Վրաստան։ Իսկ Հայաստանը պրեմիում բենզին գնում է նաև Վրաստանից։

 Վրաստան-Ադրբեջան. պրեմիում բենզինի առևտուրը

Վերջին չորս տարիների ընթացքում Վրաստանի և Ադրբեջանի միջև 95-ից բարձր և 98-ից ցածր օկտանային թվով բենզինի առևտրաշրջանառությունը տատանումներ է ունեցել։

2022-2025 թվականներին Վրաստանը այս տեսակի վառելիքի մատակարար (կամ վերաարտահանող)  է եղել Ադրբեջանի համար, սակայն ծավալները խիստ փոփոխական են.

  • 2022 թ. գրանցվել է արտահանման ամենացածր ցուցանիշը դիտարկվող ժամանակահատվածում՝ ընդամենը 2,163 տոննա։
  • 2023 թ. նկատվել է կտրուկ աճ. ծավալներն ավելացել են գրեթե հինգ անգամ՝ հասնելով 10,077 տոննայի։
  • 2024 թ. գրանցվել է զգալի անկում՝ նախորդ տարվա համեմատ ծավալը նվազել է շուրջ 37.7%-ով և կազմել 6,274 տոննա։
  • 2025 թ. արտահանումը հասել է պատմական առավելագույնին՝ կազմելով 11,035 տոննա (աճը նախորդ տարվա նկատմամբ՝ շուրջ 75.8%)։

Հետաքրքիր է պրեմիում բենզինի՝ Վրաստան ներմուծման դինամիկան։ 2022, 2023 և 2024 թվականներին Ադրբեջանից Վրաստան բարձր օկտանային բենզինի մատակարարումներ ընդհանրապես չեն իրականացվել։

2025 թվականին, սակայն, պատկերը կտրուկ փոխվել է, և Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է 4,196.3 տոննա բենզին։ Եթե 2022-2024 թթ. առևտուրը միակողմանի էր, ապա 2025-ին այն վերածվել է երկկողմանի հոսքերի: Սա վկայում է շուկայում լոգիստիկ կամ արտադրական փոփոխությունների մասին։

Իսկ Հայաստանը 2025 թվականին Վրաստանից ներմուծել է 11,392 տոննա պրեմիում բենզին, Ադրբեջանից՝ 1,215:


Կարևոր է, որ Վրաստանն ինքը բենզինի զգալի մասը ներկրում է։ Հետևաբար, Ադրբեջան արտահանված ծավալները, ամենայն հավանականությամբ, վերաարտահանում (ռեէքսպորտ) են:

Այսպիսով, Արտյոմ Երկանյանի հայտարարությունը հիմնված է նախորդ տարիների միակողմանի առևտրի դինամիկայի, ինչպես նաև չփաստարկված ենթադրությունների վրա։ 2025 թվականի վիճակագրական տվյալները փաստում են, որ Ադրբեջանը պրեմիում բենզին չի արտադրում բացառապես Հայաստանի համար, այլ արտահանում է նաև Վրաստան։ Ավելին՝ Հայաստանն արդեն իսկ պրեմիում վառելիք ներկրում է Վրաստանից՝ շուրջ 10 անգամ գերազանցելով ադրբեջանական ներմուծման ծավալները:

  Ադրբեջանի բենզինի ընդհանուր շուկան

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած «Ադրբեջանի էներգետիկան 2025» տարեգրքում ներկայացված են բենզինի արտադրության և սպառման ծավալները 2020-2024 թվականների համար։ Զեկույցից տեղեկանում ենք, որ Բաքուն պրեմիում բենզինի արտադրությունը սկսել է 2024 թվականին, սակայն ԱԻ-92 (ռեգուլյար), ԱԻ-95 (պրեմիում) և ԱԻ-98 (սուպեր) բենզինների ծավալները գումարված են և ներկայացված որպես մեկ թիվ։ Այս ենթավերնագրի ուսումնասիրությունը հիմնված է Ադրբեջանում բինզինի շուկայի ընդհանուր ցուցանիշների վրա։

Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Թբիլիսին ունի փոքր մասնակցություն Ադրբեջանի բենզինի ներկրման ընդհանուր ցուցանիշի մեջ։ Համաձայն ՄԱԿ-ի Comtrade Database-ի (տվյալները հասանելի են այստեղ)՝ 2020-2024 թվականների ընթացքում Վրաստանը երկու անգամ՝ 2021 և 2023 թվականներին է բենզին (տվյալների բազայում որոնման կոդը՝ 271012) մատակարարել Ադրբեջանին՝ ընդհանուր 2883 տոննա ծավալով։

Դրան հակառակ՝ 2020-2024 թվականներին Ադրբեջանը Վրաստան է արտահանել մոտ 77 տոննա բենզին։

Ինչ վերաբերում է 2025 թվականին, ապա, ըստ Վրաստանի վիճակագրական կոմիտեի, հունվարից-նոյեմբեր Ադրբեջանը Վրաստանից ներկրել է 9,541 դոլարի բենզին, իսկ արտահանել՝ 573,328 դոլարի։

Comtrade Database-ի համաձայն՝ 2020-2024 թվականներին Վրաստանից բենզին է գնել նաև Հայաստանը՝ ընդհանուր 1323 տոննա ծավալով:

Որքան բենզին է արտադրում, որքան՝ սպառում Ադրբեջանը

Ադրբեջանի էներգետիկ ոլորտի վերջին 5 տարիների (2020-2024թթ.) վիճակագրությունը ցույց է տալիս, որ բենզինի մասով երկիրը չի կարողանում բավարարել սեփական կարիքները։

2020թ. արտադրությունը գրեթե հավասար է եղել սպառմանը։ Դեֆիցիտը կազմել է ընդամենը 3,700 տոննա։ Արտադրությունը ծածկել է պահանջարկի 99.6%-ը։

Սակայն 2020 թվականից ի վեր Ադրբեջանում բենզինի սպառումն աճել է։ Եթե 2020-ին սպառվել էր մոտ 1,170 միլիոն տոննա, ապա 2024-ին այդ թիվը հասել է 1,626 միլիոն տոննայի։ Հինգ տարվա կտրվածքով ներքին պահանջարկն աճել է մոտ 39%-ով։ Մինչդեռ բենզինի արտադրությունը նույն տեմպով չի աճել։ 2023թ. արձանագրվել է արտադրության պիկը, սակայն նույնիսկ այդ դեպքում դեֆիցիտը կազմել է 100,300 տոննա։

2024-ին պատկերը վատթարացել է՝ արտադրությունը նվազել է մինչև 1.251 մլն տոննա։ 2024 թվականին արտադրության և սպառման դեֆիցիտը կազմել է մոտ 375,000 տոննա։

Որքան բենզին է Ադրբեջանը արտահանում, որքան՝ ներկրում

2020-2024 թվականների ընթացքում Ադրբեջանն ավելի շատ ներկրել է բենզին, քան արտահանել։ Ըստ նույն Comtrade Database-ի տվյալների՝ 2024 թվականին ներկրումը հասել է գրեթե 380,000 տոննայի, ինչը կրկնակի ավելին է, քան 2023 թվականին։ Այս թիվը գրեթե հավասար է արտադրության և սպառման միջև առաջացած դեֆիցիտին։ Այսինքն՝ պակասող ամբողջ ծավալը գնվել է արտասահմանից։ Ստացվում է՝ 2024-ին Ադրբեջանի արտադրած բենզինը բավարարել է ներքին պահանջարկի 76.9%-ը։

Եթե 2020 թվականին Ադրբեջանը դեռ կարողանում էր արտահանել մոտ 64,000 տոննա բենզին, ապա 2024-ին այդ թիվը նվազել է մինչև չնչին 5,671 տոննայի։ Ադրբեջանի իշխանությունները ստիպված են եղել գրեթե ամբողջությամբ արգելափակել արտահանումը։ 

Ներկրման և արտահանման հիմնական ուղղությունները

2020-2024 թվականներին Բաքվի բենզինի հիմնական մատակարարը եղել է Ռուսաստանը։ Մոսկվան այդ ընթացքում Ադրբեջան է արտահանել 727,218 տոննա բենզին։

2024 թվականին Ադրբեջան ներկրված բենզինի մեծ մասը ձևավորվել է Ռուսաստանի և Բելառուսի միջոցով, սակայն Մոսկվան մեծ տարբերությամբ գերազանցել է երկրորդ տեղում գտնվող Բելառուսին՝ Բաքվին վաճառելով 191,442 տոննա բենզին։

Բացառություն է միայն 2021 թվականը, երբ Ադրբեջանին մատակարարած բենզինի ծավալով առաջինը Ռումինիան էր՝ 66,945 տոննայով։

2023 և 2024 թթ․ Թուրքիան դարձել է Ադրբեջանի բենզինի արտահանման թիվ 1 ուղղությունը։ 2023-ին արտահանման մոտ 67%-ը բաժին է ընկել Թուրքիային, 2024-ին այդ մասնաբաժինը էլ ավելի է մեծացել՝ կազմելով ընդհանուրի մոտ 74%-ը։

Վրաստանը միակ երկիրն է, որտեղ Ադրբեջանը վերջին տարիներին անընդմեջ բենզին է մատակարարել, սակայն ծավալներն այդքան էլ մեծ չեն։

Պատկերը 2025-ին՝ ըստ ադրբեջանական լրատվականների

Trend․az-ի՝ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեից ստացված տվյալների համաձայն (արխ․)՝ 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր Ադրբեջանը վեց երկրներից ներմուծել է 105,300 տոննա АИ-25 բենզին, որի արժեքը կազմել է 89.7 միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը նաև արտահանել է 4,200 տոննա АИ-25 բենզին՝ 2.8 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Արտահանման ուղղություններից է եղել (արխ․) նաև Վրաստանը։ Հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանը Վրաստանին է վաճառել 4,196 տոննա պրեմիում բենզին:

2025-ի դեկտեմբերին Report.az-ը, Վիճակագրական կոմիտեին հղումով, գրել էր, որ հոկտեմբերից Ադրբեջանը վերսկսել է պրեմիում բենզինի ներմուծումը Միացյալ Արաբական Էմիրություններից (ԱՄԷ): Նշվում էր, որ հունվարից հոկտեմբեր ամիսներին ԱՄԷ-ից ներմուծվել է 19,684 տոննա բենզին՝ 17,1 մլն դոլար արժողությամբ:

Ստացվում է, որ 2025-ին միտումը պահպանվել է. Ադրբեջանը շարունակում է մեծ ծավալներով պրեմիում բենզին ներկրել և չնչին ծավալներ արտահանել։

Ադրբեջանական լրատվականների համաձայն՝ 2025-ին Ադրբեջանում բենզինի արտադրության խնդիրները սկսվել է մարտ ամսին՝ Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի պատճառով, որի հետևանքով առաջին եռամսյակում ընդհանուր արտադրությունը նվազել է 12.3%-ով։

Այսպիսով, ստացվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում բենզինի սպառումը կտրուկ աճել է, իսկ արտադրությունը չի բավարարում պահանջարկը, ինչի պատճառով Բաքուն մեծ քանակի բենզին է ներկրում։ Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանը նաև արտահանում է բենզին, ընդ որում նաև պրեմիում տեսակի։ Ուղղություններից մեկը Վրաստանն է։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել