Ապրիլի 27-28-ին վրացական որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան էջեր գրել էին, թե Հայաստանը սահմանազատումից հետո դիտարկում է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու հնարավորությունը։
Commersant.ge-ն (արխ.), մասնավորապես, գրել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-վրացական սահմանի սահմանազատման ավարտից հետո Վրաստանին սահմանակից Ջիլիզա (Հայաստան) գյուղը կվերադարձվի Վրաստանին։
Լուրը տարածել էին Mtavari-ն (արխ.), Vector News-ը (արխ.), որին հղումով էլ տեղեկությունը այսօր հայտնվել է հայկական yerkir.am-ում։
Լուրի տեղեկատվական առիթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 27-ի ելույթն էր՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ։ Փաշինյանը, խոսելով հարևան երկրների հետ սահմանազատման գործընթացի մասին, նշել էր, որ օրակարգում է Վրաստանի հետ սահմանազատման ամփոփման հարցը.
«Մենք օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք: Սրանով, ըստ էության, ՀՀ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի և մեր պետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- ասել էր վարչապետը։
Լրատվամիջոցները, սակայն, խեղաթյուրել էին հայտարարության բովանդակությունը՝ Փաշինյանին վերագրելով խոսքեր, որոնք նա չի ասել։ Մասնավորապես՝ Ջիլիզա գյուղի հանձնման հնարավորության մասին հրապարակային որևէ հայտարարություն չի եղել։
Ապրիլի 28-ին գյուղի հանձնման տեղեկությունը հերքել էր նաև վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը.
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։
Տեղեկությունը տարածվել էր նաև 2024-ին
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, Ջիլիզայի ենթադրյալ հանձնման տեղեկությանը անդրադարձել էր նաև 2024 թվականի ապրիլի 3-ին։
Այս խոսակցության առիթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 25-ի հայտարարությունն էր, թե քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Հայտարարությունը Փաշինյանն արել էր Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նույն օրը ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանը, «տարածվող տեղեկություններին» հղումով, գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը Ջիլիզան նվիրելու է վրացիներին։ Տեղեկությունը տարածել էին 168.am, livenews.am լրատվակայքերը։
Մարտի 27-ին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով «շրջանառվող լուրերին», գրել էր, թե Փաշինյանն ակտիվացնում է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ նրանց որոշակի տարածքներ, մասնավորապես՝ Ջիլիզա գյուղը զիջելու պատրաստակամությամբ: Լրատվամիջոցը կապ էր հաստել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, վերջինս նշել էր, որ «վարչապետի հայտարարությունից բացի՝ դեռ այլ բան չկա»։
Լուրն արտատպել էին news.am, asekose.am, operativ.am, mamul.am, 168.am, armday.am, aravot.am և շատ այլ լրատվակայքեր։ Հետագայում լուրը տարածվեց նաև ադրբեջանական մեդիայում։
Նշենք, որ բոլոր այս լրատվամիջոցները տարածել էին տեղեկություն, որի սկզբնաղբյուրը «վաղուց շրջանառվող լուրեր»-ն է, և չկար ասվածն ապացուցող որևէ փաստ։
«Ստուգված է»-ն Ջիլիզա գյուղի հանձնման լուրի իսկությունը ճշտելու համար 2024-ի մարտի 27-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Ապրիլի 3-ին գերատեսչությունը պատասխանել էր, որ բացի պայմանավորվածությունից, որ պետք է ակտիվացնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ավելին՝ Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների նիստը դեռ չի կայացել։ ԱԳՆ-ն նաև ընդգծել էր, որ 2024-ի հունվարին Հայաստանի և Վրաստանի վարչապետների ստորագրած ռազմավարական համագործակցության մասին հուշագրում արձանագրվել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Վրացական կողմի հետ քննարկվում են համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները և Հանձնաժողովների աշխատանքների մասին տեղեկատվությունը կներկայացվի պաշտոնական հաղորդագրություններում: Հանձնաժողովների նիստ դեռևս չի կայացել:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորված ընդհանուր ընկալումից զատ, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, այլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:
Հայտնում ենք նաև, որ ս. թ. հունվարին Հայաստանի և Վրաստանի վարչապետների ստորագրած ռազմավարական համագործակցության մասին հուշագրում հստակ արձանագրվել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»,- նշված էր պատասխանում:
Այսպիսով, տարածվող լուրը, թե Ջիլիզան հանձնվելու է Վրաստանին, չունի փաստական որևէ հենք։