2022.01.04,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ դեկտեմբերի 16-31

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

2021-ի վերջին երկու շաբաթում հակապատվաստումային ակտիվիստներն օգտագործեցին կրոնը՝ որպես պատվաստումների դեմ տարվող արշավի գործիք։ Նրանք պատվաստումների մեջ տեսան հոգևոր վնասներ, հավասարության նշան դրեցին ֆաշիստական Գերմանիայի ճամբարներում իրականացված փորձարկումների ու կորոնավիրուսի դեմ բուժման միջև։ COVID-19-ը տեղ-տեղ հռչակեցին «աղանդ»։

Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը կատարում է հակապատվաստումային քարոզ, որը հակասում է նույն եկեղեցու պաշտոնական դիրքորոշմանը

Տեր Արմէն քահանա Մելքոնեանը «պատվաստման հոգևոր վնասների» մասին YouTube-յան իր ալիքով ուղիղ եթերում խոսեց հակապատվաստումային բժիշկ, քաղաքական ակտիվիստ Մարինա Խաչատրյանի հետ։ «Օտար, գենետիկ նյութի ներմուծումը մեր օրգանիզմ և մեր օրգանիզմի փոփոխությունը դա խառնվել է Աստծո գործերին, իսկ նմանատիպ բաները դրանք սատանայի գործերն են», – հայտարարել է Մարինա Խաչատրյանը (28:16 րոպե)։

Քահանան հոգևոր ծառայություն է իրականացնում Եվրոպայում՝ Բելգիայում, Հոլանդիայում և Լյուքսենբուրգում։ Նա ձեռնադրված է Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից և ենթարկվում է այս կաթողիկոսարանին։ Ուշագրավ է, որ հոգևորականը իր ալիքով կատարում է հակապատվաստումային արաշավ՝ հակասելով Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշման հետ, որի ներկայացուցիչն է ինքը: 

Դեռ ամիսներ առաջ՝ 2021-ի նոյեմբերին, Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում»։ Ավելին, հայտնի դարձավ, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

Սա միակ դեպքը չէ, երբ հոգևորականները հակապատվաստումային քարոզ են իրականացնում։ 2021-ի հոկտեմբերին ցանցում տարածվում էր մի տեսանյութ, որում Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը պնդում էր՝ պատվաստումը չի օգնում: «Չե՞ք տեսնում, որ ոչ մի բանը չի օգնում, պատվաստում են՝ մեռնում են, չեն պատվաստում՝ մեռնում են, դիմակ են դնում՝ մեռնում են, դիմակ չեն դնում՝ մեռնում են, սաղ մեկ ա»,- եկեղեցում քարոզի ժամանակ հայտարարել էր հոգևոր հովիվը:

Մասսոնները, նացիստներն ու սատանիստներն՝ ընդդեմ մարդկության․ հակավաքսերի ուժեղացող նոր նարատիվը

Սակայն նախորդ օրինակը միակ դեպքը չէ, երբ հակապատվաստումային ակտիվիստերը օգտագործում են կրոնը իրենց արշավներում։ Նրանք պատվաստանյութերը հռչակում են որպես հավատի դեմ մի բան, որին կողմնակից են մասսոնները, սատանիստները։

🔴 Նույն Մարինա Խաչատրյանը, այս անգամ իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ պնդել է՝ պատվաստանյութերը ոչ մի բանից էլ չեն պաշտպանում։ «Պրոֆեսորի կոչում ունեցող մի քանի մասսոն կհայտարարի կորոնայի նոր ալիքի մասին ու ձեզ կստիպեն ստանալ նոր պատվաստաթույն», – հայտարարել է նա։

🔴 Խաչատրյանը armdaily.am-ի հետ զրույցում, խոսելով կորոնավիրուսի դեմ բուժման ծախսերի մասին, նշել է, թե Առողջապահության նախարարության հայտարարած 800 հզր դրամը չափազանցված թիվ է։ Պնդել է, այս գումարը դուրս գրելով, մարդկանց վրա կատարել են կլինիկական փորձարկումեր։ Նա զուգահեռներ է տարել նացիստական Գերմանիայի ճամբարներում իրականացված փորձակումների և կորոնավիրուսի դեմ բուժման միջև։ 

🔴 Մեկ այլ հակավաքս ակտիվիստ՝ Դմիտրի Հարությունյանը «ֆաշիստ» ու «սատանիստ» է անվանել առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։ Նա առանց ապացույցներ ներկայացնելու՝ պնդել է, թե «Չարբախի պոլիկլինիկաներից մեկում» շաքարային դիաբետ ունեցող կնոջը չեն ցանկացել տրամադրել նրա անկետան մինչև նա չպատվաստվի։ Այս չապացուցված դեպքի հիման վրա նա հայտարարել է՝ «ֆաշիստ էլ չեք, դուք վերածվել եք կատարյալ սատանիստների…»։ Ավելին, պնդել, թե նրանք «ամեն պատվաստումից ստանում են գումար»։ 

Այս բովանդակությունը Հարությունյանը թողել է նաև Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջի հրապարակումներից մեկի տակ։ Մեկնաբանությունը՝ առանց ԱՆ-ից պարզաբանում ստանալու, որպես լուր հրապարակել է panorama.am-ը։ 

Սորոսական մեդիան սորոսական չէ 

«Սորոսական մեդիայի հերթական տխմարությունը» որակումը տվեց Դմիտրի Հարությունյանը ՍիվիլՆեթի ծավալուն հրապարակմանը։ Դրանում ամփոփվել էր հակապատվաստումային շարժումների և հետևում կանգանած անձանց մասին տեղեկությունները։ Այս ցուցակում էր հայտնվել նաև Հարությունի տարածած կեղծ տեղեկությունները 4 պատվաստանյութի մասին, նաև սխալ պնդումը, թե «դիմակը վնասից բացի՝ որևէ օգուտ չունի վիրուսի դեմ պայքարում»:

Հարությունյանը, ի պատասխան հոդվածի, իր ֆեյսբուքյան հրապարակմամբ ոչ հակավաքսերին անվանեց «COVID19 աղանդի վկաներ», լրատվամիջոցին՝ սորոսական, հոդվածում մեջբերած փաստեր ստուգողներին՝ «ուլտրագլոբալիստական»։ Սակայն, կորոնավիրուսը ոչ թե աղանդ է, այլ՝ համավարակ, իսկ մեջբերված լրատվամիջոցը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ից երբևէ ֆինանսավորում չի ստացել։

Պատվաստանյութի պատճառով մահացած մարզիկների լուրը հասավ Հայաստան  

Հայաստանում հակապատվաստումային ակտիվիստները սկսել են ակտիվ տարածել կորոնավիրուսի դեմ պատվաստված և իբրև դրա հետևանքով մահացած կամ առողջական լուրջ խնդիրներ ստացած շուրջ 300 մարզիկների մասին լուրը։ Այս լուրը մինչև Հայաստան հասնելը հասցրել է տարածվել աշխարհի այլ անկյուններում։ Լուրը ստուգել են փաստեր ստուգող բազմաթիվ հարթակներ։

Օրինակ, Reuters-ի փաստեր ստուգողների թիմը գտել է այս մարզիկների ցուցակի սկզբնաղբյուրը։ Պարզվել է, որ այն հրապարակվել է իսրայելական մի լրատվամիջոցում։ Ցուցակը Reuters-ը խնդրահարույց է համարել. այստեղ կան անուններ, որոնք մահացել են մինչև համավարակը կամ հարազատների պնդմամբ անձը պատվաստված չի եղել։ Ավելին, հրապարակման մեջ չկա հստակ ապացույց, որ մահերը պատճառվել են պատվաստման հետևանքով։ 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *