2021.12.15,

Ստուգված է

Իշխանական մամուլի տեղեկատվական արշավը Հայկ Մարությանի դեմ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող

Իշխանական մամուլը, 2021 թվականի արտահերթ ընտրություններից սկսած, լրատվական տարբեր հարթակներով հակաքարոզ էր իրականացնում ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի: Տեղեկատվական արշավն ընդդեմ Մարությանի առավելապես ակտիվացավ վերջին մի քանի օրերի ընթացքում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com-ում հրապարակված աղմկահարույց հոդվածից հետո: Արդեն այսօր՝ դեկտեմբերի 15-ին,  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել քաղաքապետի դեմ՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:

Media.am-ը ներկայացնում է, թե երբ և ինչպես մեկնարկեց տեղեկատվական արշավը Հայկ Մարությանի դեմ և որ կայքերն էին առավել ակտիվ ներգրաված այդ աշխատանքներում:

Դեկտեմբերի 12-ին լույս տեսավ armtimes.com-ի անանուն հոդվածը՝ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ։ 

Նյութում նշվում է, թե հայտնի է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմաթիվ անգամներ ցանկություն է ունեցել հրաժարական տալու, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից։ Հեղինակը, սակայն, որևէ փաստ չի ներկայացնում, թե որտեղից և հատկապես ում է այդ տեղեկատվությունը «հայտնի»։ Հայկ Մարությանը բազմիցս հերքել է իր հրաժարականի մասին լուրերը և հետաքրքիր է, որ հերքումներից շատերը հրապարակվել են նաև armtimes-ում։ 

Շարունակելով անապացույց պնդումների շարքը՝ հեղինակը գրում է, թե, ըստ շրջանառվող տեղեկությունների, Մարությանը սերտ հարաբերություններ է հաստատել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, ապա նրա միջոցով հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Հոդվածում որևէ պնդում չունի փաստական հենք․ բոլոր տեղեկությունները կա՛մ գնահատողական բնույթի են, կա՛մ հիմնված են անանուն աղբյուրների վրա։ Չնայած անհայտ աղբյուրներին, լուրը արտատպել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի կողմից ղեկավարվող freenews.am-ը, իշխանութան հետ ասոցացվող civic.am-ը։ 

Տեղեկությունը տարածել էին նաև ֆեյսբուքյան տարբեր էջեր և օգատերեր։ Դրանք մեծամասամբ այն էջերն էին, որտեղ դրական բովանդակությամբ լուրեր են տեղադրվում գործող իշխանությունների մասին։ Օրինակ ARM FB News-ը ակտիվորեն լուսաբանում է Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի և մյուս իշխանականների ելույթները, հարցազրույցներն ու պաշտոնական այցերը։ Ինչպես նաև չի մոռանում քննադական հրապարկումներ անել նախկին իշխանությունների մասին։ Իսկ օրինակ «Լրահոս» էջը, որը ստեղծվել է 2020 թվականի մայիսին, ամիսներ շարունակ որևէ հրապարակում չէր արել և միայն դեկտեմբերի 12-ին կիսվեց armtimes-ի հոդվածով։

Տեղեկությունը վերատպել էր նաև mediaroom.am սունկ կայքը, որը Հայկ Մարությանի դեմ հակաքարոզ իրականացնող ամենաակտիվ կայքերից է։ Վերջին 5 օրերի ընթացքում այստեղ հրապարակվել է Երևանի քաղաքապետի մասին 4 բամբասանք կամ քննադատություն պարունակող նյութ։ 

Չնայած տեղեկատվական այս արշավին՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեցին Մարությանի և Քոչարյանի միջև հանդիպման լուրը։ 

Երբ սկսեց Հայկ Մարությանի դեմ տեղեկատվական արշավը

Երևանի քաղաքապետի դեմ տեղեկատվական արշավը սկսեց, երբ հայտնի դարձավ, որ Մարությանը չի ընդգրկվել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) նախընտրական ցուցակում։ Հաջորդ օրը վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց՝ «ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին»։

2021 թ․ հունիսի 28-ին արդեն armtimes.com-ը վերնագրի տեսքով հարց հնչեցրեց՝ «Կնախաձեռնվի՞ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց. ՔՊ-ում դժգոհ են Հայկ Մարությանից»։ 

Freenews-ը իր հերթին ռեպորտաժ հրապարակեց «Երևանը նոր քաղաքապետ կունենա՞. ՔՊ-ականները Հայկ Մարությանին դեռ չեն «սևացնում» » խորագրով: 

Առհասարակ երկու այս լրատվամիջոցները ամենաակտիվն էին Հայկ Մարությանի դեմ հակաքարոզի գործում: Freenews-ը անգամ նյութեր էր արտատպում armenianews.net սունկ կայքից, որը Մարությանի որոշումը՝ ՀՀ անկախության օրը Արցախում անցկացնելու մասին, «սուտ հայրենասիրություն» էր անվանել: Civic.am-ը ևս նպաստում էր հակաքարոզի տարածմանը՝ արտատպելով նախորդ երկու կայքերի հոդվածները և հեղինակելով սեփականները: 

Չնայած այս խոսակցություններին՝ Երևանի ավագանում «Իմ քայլի» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հունիսի 30-ին հավաստիացնում էր, որ Մարությանին «անվստահություն հայտնելու վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել»։

Միայն այսօր, դեկտեմբերի 15-ին, օրեր շարունակ իշխանամերձ լրատվամիջոցներով իրականացված տեղեկատվական հակաքարոզից հետո, հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը հայտարարեց, որ մինչև դեկտեմբերի վերջ Հայկ Մարությանը, ամենայն հավանականությամբ, պաշտոնանկ կարվի։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *