2021.10.21,

Ստուգված է

Հղիների վիժման և պատվաստանյութի միջև պատճառահետևանքային կապ չկա

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Ռուսական «Накануне.RU» լրատվական գործակալությունը հուլիսի 4-ին գրել էր, որ ԱՄՆ-ում պատվաստումներից հետո վաղ հղիությունների ավելի քան 80%-ը ավարտվել է վիժումներով: Լրատվամիջոցը հղում էր արել ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնի ուսումնասիրությանը: Այս տեղեկությունը ակտիվորեն տարածվեց ռուսական մեդիադաշտում և սոցիալական հարթակներում (հղում 1, հղում 2, հղում 3, հղում 4):

Ամիսներ անց մոլորեցնող այս տեղեկությունը հայտնվեց հայկական ֆեյսբուքում: Հակապատվաստումային դիրքորոշում ունեցող Կարեն Չախալյանը, նույն կենտրոնին հղում անելով, գրել էր.
«ԱՄՆ-ում պատվաստված հղիների գրեթե 80%-ի մոտ հղիությունն ավարտվել է վիժումով, վաղաժամ կամ անոմալ ծնունդով ասվում է  National Center for Biotechnology Information-ի պաշտոնական կայքում»: Գրառումը մեկ օր անց հեռացվեց:

ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնն իսկապես ուսումնասիրություն էր կատարել 3850 հղի կանանց շրջանում, որոնք պատվաստվել են 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում: Տարիքը տատանվում էր 16-54-ի շրջանում: Նրանցից 3719-ը բուժաշխատողներ են։ Ապրիլի 21-ին հրապարակված հետազոտություններով՝ հղիությունն ավարտած 827 մասնակիցներից 115 դեպքը (13,9%) ընդհատվել է (104 վիժում, 1 մահացած ծննդաբերություն և 10 աբորտ): Նրանցից 96-ը եղել են հղիության վաղ փուլում՝ մինչև 13-րդ շաբաթը: 712 կանայք (86,1%) ծննդաբերել են:

Որտեղ են փորձում մոլորեցնել

1. Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է։
2. Չկա որևէ փաստ պատվաստանյութի և վիժուման պատճառահետևանքային կապի մասին։
3. Տվյալները վիժումների մշտական ցուցանիշներից ոչ բարձր են, ոչ էլ ցածր։

Ամերիկյան մանկաբարձության և գինեկոլոգիայի քոլեջի ուսումնասիրությամբ, որպես կանոն, հղիությունների 26%-ը ցանկացած դեպքում ավարտվում է վիժումով, դրանք գրանցվում են հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում: 

Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ կլինիկական ախտորոշված հղիությունների 10-20%-ն է ավարտվում վիժումով: Ստացվում է, որ թե պատվաստված, թե չպատվաստված հղիների շրջանում վիժումների տոկոսը եղել է նույնը: 

Տվյալները կլինեին անհանգստացնող, եթե զգալիորեն տարբերվեին միջինում գրանցված արդյունքներից, այսինքն վիժումները լինեին 26%-ից բարձր: Նորածիններից 16-ի մոտ իսկապես գրանցվել են բնածին անոմալիաներ (արատներ), սակայն դրանցից յուրաքանչյուրը ունեցել է տարբեր դրսևորում, որևէ մեկը մյուսի հետ կապ չի ունեցել։ Նման դեպքերից և ոչ մեկում կանայք չէին պատվաստվել հղիության առաջին եռամսյակում։

Ամփոփելով հետազոտության արդյունքները՝ կենտրոնը նշում է, որ նախնական արդյունքները ցույց չեն տվել անհանգստացնող կապ հղի կանանց ու պատվաստումների միջև: 

Հետազոտությունն արդեն հին է

Կարեն Չախալյանի հրապարակած հետազոտությունը ավելի քան կես տարվա հնության է: Արդյուքնները հետագայում թարմացվել են: Օրինակ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը օգոստոսին հրապարակեց նոր հետազոտության արդյունքներ, որում խորհուրդ էր տրվում բոլոր հղիներին և հղիանալ պատրաստվողներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Կենտրոնը նշում է, որ արված հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը չունեն բացասական ազդեցություն հղիների վրա:

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *