2021.10.13,

Ստուգված է

Կոռուպցիան, նեպոտիզմը և Ալեն Սիմոնյանի սահմանումը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, որ իր եղբոր ղեկավարած ընկերությունները հաղթել են ասֆալտապատման մրցույթում։ Նա պարզաբանեց՝ եղբայրը սեփականատերը չէ, տնօրենն է։ 

Media.am-ը որոշեց պարզել, թե ո՞րն է կոռուպցիայի դրսևորումներից շահերի բախման և նեպոտիզմի սահմանումը։

Ինչպե՞ս է մեկնաբանում ԱԺ խոսնակն իր եղբոր՝ ճանապարհաշինական մրցույցներում հաղթելու բացահայտումը

Factor TV-ի լրագրողը ԱԺ-ում հոկտեմբերի 12-ի ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց իր եղբոր՝ ասֆալտի գործարանի տնօրեն լինելու և մրցույթներ շահելու մասին (տեսանյութում 12:12 րոպեից)։ Ի պատասխան Սիմոնյանն ասաց՝ «դեղին մամուլի, դեղին հարցերի ես չեմ պատասխանում»։ Ապա պարզաբանեց՝ «էդ մարդիկ, որ դա գրում են, իրենք ուղղակի զբաղված են Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով որևէ հոդված ստեղծելով», «էդ շահարկումներից, խոհանոցային զրույցներից մարդիկ արդեն հոգնել են», «սա շինծու թեմա է»։

Սիմոնյանը նաև հավելեց՝ իր եղբոր ղեկավարած կազմակերպությունը մասնակցել է 40-ից ավելի մրցույթի և շահել օրենքով նախատեսված ձևով։ Նա բացառեց կոռուպցիոն ռիսկը։ Բացատրեց՝ իր եղբայրը տվյալ կազմակերպությունում աշխատում է որպես տնօրեն և սեփականատեր չէ․ «Իմ եղբոր ունեցվածքը էդ շահումից որևիցե ձևով ոչ ավելանալու է, ոչ իջնելու է»։ Առաջարկեց հետաքննություն անել՝ տեսնելու համար կա՞ կոռուպցիոն հանգամանք։ Օրինակ, ավելի լավ գին է առաջարկվել, բայց նախապատվությունը տրվել է իր եղբոր ղեկավարած կազմակերպությանը։  

Նա նաև հորդորեց լրագրողներին ուշադրություն դարձնել իրական բաների վրա։

ԱԺ նախագահը դեղին մամուլ ու խոհանոցային խոսակցություն է անվանում Հայաստանի հեղինակավոր կայքերի բացահայտումը

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունների՝ խոշոր մրցույթներում հաղթելու բացահայտումը կատարել են CivilNet-ը, Hetq.am-ը: Սրանք  Հայաստանի ամենահեղինակավոր և վստահելի լրատվամիջոցներից են և որևէ կերպ դեղին մամուլի հետ չեն կարող ասոցացվել։

Օգոստոսի 26-ին ՍիվիլՆեթը գրեց, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը տնօրեն և փոխտնօրեն է երեք կազմակերպությունում։ Դրանից «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ը Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վերանորոգման համար 2021-ի հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով 368 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ 

Իսկ «Թի էս քնսթրաքշն»-ը զբաղվում է բետոնի արտադրությամբ։ Ընկերության գործունեությանն անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակ»-ը։ Այն Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երեք տարով արդյունաբերական նպատակներով ջրօգտագործման թույլտվություն է ստացել։ 2020-ին բետոնի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը, որի տնօրենը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի համագյուղացի Արսեն Միքայելյանն է, 5 միլիոն դրամ էր նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 

Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության մրցույթներ շահելու մասին սեպտեմբերի 21-ին գրեց նաև հետաքննական hetq.am կայքը։ Ըստ կայքի բացահայտման՝ Ապարանի և հարակից գյուղերի ասֆալտապատման աշխատանքը իրականացնելու է Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն։ Պայմանագրի ընդհանուր գինը 287 մլն դրամ է։

Այս ընկերությունը հինադրվել է 2020-ի մարտի 18-ին, իսկ Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել հուլիսին։ Դրա 90 տոկոսի բաժնետերը երևանցի Սվետլաննա Կամոյի Պողոսյանն է, իսկ մնացած 10 տոկոսինը՝ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ Լուսիկ Շահենի Գևորգյանը: ՓԲԸ-ն 16 անգամ հայտ է ներկայացնել, որից 2 անգամը հաղթող է ճանաչվել:

Ի՞նչ է կոռուպցիոն ռիսկը

Թեև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս պատմության մեջ խնդիր չի տեսնում, բայց քաղաքացիական հասարակությունը այլ տեսակետ ունի։ Ազատություն TV-ի հետ զրույցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասել է․ «Ակհայտ է, որ այստեղ կա առնվազն շահերի բախում»։ Ըստ նրա՝ այս իրողությունը «արդեն իսկ խոսում է կոռուպցիոն ռիսկերի մասին, և պետք է անպայման քննության առարկա դառնա»։

Իսկ «Թրասփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը ասել է՝ մրցույթներում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց հաջողակ լինելու հանգամանքը միշտ էլ կասկածների տեղիք է տվել, և առնվազն լրացուցիչ քննության ու ուսումնասիրության առարկա պետք է դառնա հարցը, թե ինչքանով մրցակցային է եղել գործընթացը։

«Թրասփարենսի ինթերնեյշնլ»-ը, որը աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարում հեղինակավոր կազմակերպություններից է, կոռուպցիայի տարբեր դրսևորումների բառարան է պատրաստել։ Ըստ այս միջազգային կազմակերպության․ 

ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ է այն իրավիճակը, երբ անհատը կամ կառույցը, որտեղ նա աշխատում է, լինի դա կառավարություն, բիզնես, ԶԼՄ կամ քաղաքացիական հասարակություն, կանգնում է մի կողմից պաշտոնից բխող պարտականությունների և պահանջների, իսկ մյուս կողմից այդ անհատի մասնավոր անձնական շահերի ընտրության միջև։

ՆԵՊՈՏԻԶՄ կողմնակալության ձև է՝ հիմնված ծանոթությունների և ընտանեկան կապերի վրա, երբ պաշտոնատար անձը չարաշահում է իր լիազորությունները և իշխանությունը՝ իր ընտանիքի անդամին, բարեկամին կամ ընկերոջը աշխատանքով ապահովելու կամ ծառայություն մատուցելու համար՝ անկախ նրանից, որ վերջինս չունի համապատասխան որակավորումներ ու արժանիքներ։

Իսկ ՀՀ հանրային ծառայությունների մասին օրենքը սահմանում է՝ «Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»:

Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանի «դեղին մամուլի» «խոհանոցային զրույցներ» բնութագրումը վերաբերում է Հայաստանի մեդիա դաշտում հեղինակություն վայելող կայքերի լրագրողական հետաքննության բացահայտումներին։ 

Սիմոնյանը, որպես իշխանության ներկայացուցիչ, իր եղբոր ղեկավարած ընկերության՝ մրցույթները շահելու մեջ խնդիր չի տեսնում, բայց քաղհասարակության ներկայացուցիչենրը լրացուցիչ քննության առիթ տեսնում են։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *