2021.08.27,

Ստուգված է

Հայտնաբերված թուրք «հետախույզը» վլոգեր-ճանապարհորդ էր

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

«Փաստարկ» լրատվականը, իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ օրերս Վայոց Ձորի մարզում ոստիկանությունը ձերբակալել է թուրք հետախույզի։ Նշվում էր, որ «հետախույզին» հայտնաբերել են ոչ թե ոստիկանները, այլ հասարակ մի քաղաքացի։ 

«Թշնամու հետախույզը մտել է արագ սննդի կետ` սնվելու նպատակով։ Խոսել է մաքուր հայերենով։ Այնուհետև` նաև ռուսերենով։ Երբ աշխատակիցները հարցրել են, թե որտեղից է նա, պատասխանել է, թե Պարսկաստանից։ Սակայն, քաղաքացիներից մեկի մոտ կասկած է առաջացրել անծանոթի ռուսերեն խոսելու ակցենտը, ինչը բնորոշ չէ պարսիկներին»,- գրել է կայքը։

Հաղորդվում էր նաև, որ նա փորձել է փախչել, սակայն, սննդի կետից ոչ այնքան հեռու հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ու ձերբակալվել։

«Փաստարկը» կցել էր նաև լուսանկար, որը որպես հայտնաբերված հետախույզի ապացույց սկսեց տարածվել սոցիալական ցանցերում

Նկարի տղամարդը թուրք վլոգեր է

Նկարի տղամարդը թուրք ճանապարհորդ, վլոգեր Արղուն Քոնուկն է (Argun Konuk), որը Հայաստանում էր դեռևս գարնանը։ Կադրը վերցված է նրա յութուբյան ալիքում հրապարակված վլոգից, որը վերջինս նկարահանել էր Հայաստան այցելությունից հետո։ Վլոգում տեսնում ենք, որ Արղուն Քոնուկը նկարահանման ժամանակ չի խուսափում ասել, որ Թուրքիայի քաղաքացի է։ Վերջինիս ուղեկցում է իր ընկեր Սոնան, որը Հայաստանի քաղաքացի է։ Արղունի խոսքով՝ սա նրա երկրորոդ այցն է Հայաստան․ առաջինը 2018-ին էր։

Որպես ապացույց, որ Վայոց Ձորի տարածքում հայտնաբերվաել է թուրք հետախույզ, տարածվում էր նաև մեկ այլ լուսանկար:

Այս նկարում դեռևս 2018-ին Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերված Թուրքիայի քաղաքացի է, որի մոտ եղել էին հայ-թուրքական սահմանի ինժեներական շինությունների լուսանկարներ և տեսաձայնագրություններ պարունակող ֆայլեր։ Այդ մասին հայտնել էր Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

ՀՀ ոստիկանության արձագանքը

Պարզելու համար՝ Ոստիկանությունը Վայոց Ձորի մարզում կամ ՀՀ այլ տարածքում թուրք հետախույզի հայտնաբերել է, թե՝ ոչ, հարցում կատարեցինք՝ խնդրելով նշել, թե վերջին մեկ ամսվա ընթացքում նման դեպք արձանագրվե՞լ է։ Ոստիկանությունը գրությամբ տեղեկացրեց, որ նման տեղեկության չի տիրապետում։ 

Ամփոփելով՝ սոցիալական ցանցերում տարածված թուրք երիտասարդների լուսանկարները չեն ապացուցում, թե Վայոց Ձորում հայտնաբերվել է թուրք հետախույզ։ Այդ լուսանկարներից մեկը կադր է թուրք վլոգերի՝ մայիսյան այցից Հայաստան, մյուսն արվել է դեռևս 2018 թվականին, երբ ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն հայտնաբերել էին ՀՀ տարածքում։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *